21 Դեկտեմբեր, Շբ
Սուրբ Սահակը և Սուրբ Համազասպը հարազատ եղբայրներ են Արծրունյաց իշխանական տոհմից: Նրանք որդիներն են Գագիկ Արծրունու, որոնք ապրել են 8-րդ դարում, Կոստանդինի կայսրության և Հայաստանում Արաբական տիրակալության ժամանակ: Այս իշխանները իրենց կրտսեր եղբոր՝ Մեհրուժանի հետ մասնակցել են 775թ-ի հակաարաբական ապստամբական շարժմանը: Երեքն էլ ոչ միայն քաջ ու անվանի էին պատերազմում, այլ նաև բարեպաշտ և իրենց կրոնին սիրով կապված իշխաններ էին:
Տասը տարի հետո Մահտի ամիրայապետի որդին՝ Մուսա ամիրապետը, Հայաստան է ուղարկում Խազմ անունով ոստիկանի, ում առաջին գործը լինում է 775թ-ի ապստամբության վրեժը լուծել: Ուստի իսկույն ձերբակալում և բանտարկում է Արծրունի երեք եղբայրներին՝ իբրև Վասպուրականի շարժման պարագլուխների: Երեք ամիսներ խիստ և տանջալից բանտարկությունից հետո, արաբ կառավարիչը ամիրապետից հրաման է ստանում մահապատժի ենթարկելու Արծրունի եղբայրներին, ուստի բանտից հանում է նրանց և տանում Պարտավ քաղաքը: Նախքան մահապատիժը նրանց առաջարկվում է՝ կա՛մ ուրանալ Քրիստոսի հավատքը, կա՛մ ընդունել մահը:
Երեք եղբայրներից Մեհրուժանը տկարանում է, ընդունում իսլամությունը և մեծ պատվով ու իշխանությամբ ուղարկվում Վան: Մինչ մյուս եղբայրները՝ Սահակն ու Համազասպը, հավատարիմ են մնում իրենց լույս հավատքին: Մեհրուժանը, սակայն, չի վայելում ուրացությամբ ձեռք բերած իր կյանքը և նախքան Վան հասնելը սպանվում Դավիթ Մամիկոնյանի կողմից, ով երբ իմանում է Մեհրուժանի ուրացության մասին, նրա առաջ դուրս գալով, սրով գլուխը հատում է: Մեհրուժանը այսպես զրկվում է թե՛ երկրավոր և թե՛ երկնավոր կյանքից: Սահակն ու Համազասպը, լսելով իրենց եղբոր մահվան լուրը, շատ են տրտմում: Նրանք բանտում աղոթում են, որ Տերը իրենց ուժ և կարողություն տա տոկալու բոլոր փորձություններին և չարչարանքներին, հաստատուն մնալու իրենց հայրերի սուրբ հավատքի մեջ:
Խազմ կառավարիչը նախ խոստումներով փորձում է կոտրել Սահակի ու Համազասպի հաստատակամությունը: Երբ անօգուտ է անցնում, նրանց ենթարկում է անտանելի չարչարանքների: Սակայն հոգով ու մարմնով երկու ազնվական եղբայրները քաջությամբ են տոկում այդ բոլոր չարչարանքներին, մինչև որ գլխատման վճիռը արձակվում է: Նախ եղբայրները միասնաբար աղոթում են: Համազասպը խրախուսում է կրտսեր եղբորը՝ ասելով.
-Ո՛վ եղբայր իմ ի Քրիստոս, հաստատուն մնանք մեր սուրբ հավատքի մեջ, մոտ է ժամը արժանի լինելու մարտիրոսական պսակին: Մինչև հիմա անդրանիկը ես էի: Այժմ մարտիրոսության մեջ առաջնության պատիվը քեզ եմ տալիս, մի վախեցիր, առաջ մոտեցիր և ինձնից առաջ ստացիր մարտիրոսության պսակը, և թող Տիրոջ անունը փառավորվի նախ քո նահատակությամբ:
Սահակը սիրով և խոնարհաբար ընդունում է այս պատիվը: Ապա Համազասպը, ձեռքերը երկինք բարձրացնելով, աղոթում է.
-Գոհություն քեզ ամենակալ Աստված, որ արժանի արեցիր մեզ մեռնել Քո անվան և փառքի համար:
Դահճի սուրը իջնում է նաև նրա պարանոցին:
Թեև նրանցից ավագը Համազասպն է, սակայն քանի որ առաջինը նահատակության պսակին արժանանում է Սահակը, վերջինիս անունը առաջինն է դրվում հիշատակության ժամանակ: Խազմը նահատակների մարմինները սկզբում կախել է տալիս, ապա այրել, մոխրացնել և մոխիրը ցրել, որպեսզի քրիստոնյաները չկարողանան պատիվ ընծայել նրանց: Սահակի և Համազասպի նահատակությունը տեղի է ունեցել 785թ-ին: Հիշարժան է, որ Սուրբ Մովսես Խորենացին դեռևս մի քանի դար առաջ Սահակ Արծրունուն գրած իր պատասխան թղթում մարգարեացել է նրա սերունդներից այս երկու եղբայրների նահատակության և մի եղբոր ուրացության մասին.«Ասում եմ քեզ Արծրունյաց իշխան, Տերն ինձ ցույց տվեց, որ քո որդիներից երեք եղբայրներ Քրիստոսի համար մահվան են մատնվելու: Երկուսն արյամբ վկայելու են Քրիստոսի համար, իսկ մյուսը վրիպելով նրանցից, այս կյանքն էլ չի վայելի»:
Սուրբ Սահակ և Սուրբ Համազասպ Արծրունի իշխաններին Հայ եկեղեցին հիշատակում է Վարագա Սուրբ Խաչին հաջորդող հինգշաբթի օրը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը