13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Ամէն, ամէն ասեմ ձեզ. զի որ զբանն Իմ լսէ և հաւատայ այնմ որ առաքեացն զիս ընդունի զկեանսն հաւիտենականս և ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, Ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ (Հովհաննես 5։24)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը, որոնք իրենց քարոզչությամբ լուսավորեցին հայոց աշխարհը՝ ցույց տալով փրկության ճանապարհը։ Փա՜ռք Ամենազոր Աստծուն, որ կյանք է պարգևում մեզ և հոգում է մեր փրկության մասին։ Աստծու Միածին Որդին մարմնացավ, մարդացավ, խաչվեց, թաղվեց և հարություն առավ մեղավոր մարդկության փրկության համար, այնուհետև Իր աշակերտներին առաքեց տարբեր ազգերի մոտ՝ տալու փրկության ավետիսը։
Երբ Քրիստոս ծնվեց, մոգերն իրենց գիտությամբ ըմբռնեցին, թե ով է ծնվել և հեռավոր վայրերից եկան փնտրելու Աշխարհի Փրկչին և անգամ ոչ մի քարոզ չլսած, կամ Նրա բժշկություններն ու հարությունը, Թաբոր լեռան վրա երևացած Աստվածային Բնությունը չտեսած՝ եկան, խոնարհվեցին Մեսիայի առջև և ընծաներ բերեցին Նրան։ Հովիվները լսեցին հրեշտակի ավետիսը և գնացին, խոնարհվեցին մանուկ Հիսուսի առջև, կասկածի տակ չառան, ամբարտավանի կեցվածք չընդունեցին, լսեցին և հավատացին։ Ուստի մենք էլ պիտի անվերապահորեն հավատանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, խոնարհեցնենք Նրա առջև մեր սրտի ծունկը, ինչպես ասում է սաղմոսերգուն, փարիսեցիների պես քննողաբար չմոտենանք Նրան կամ անառակ որդու պես հայրական տան արժեքը չգիտակցելով՝ ցանկանանք հեռանալ և մեղավոր աշխարհներ տենչանք։
Սիրելինե՛ր, մենք պիտի հարց տանք ինքներս մեզ։ Ի՞նչ է մեզ համար փրկությունը։ Եթե մենք ապրում ենք միայն այս աշխարհի համար, նշանակում է մեզ դեռևս հասու չէ Քրիստոսի փրկության Ավետարանը, որ քարոզեցին Սուրբ առաքյալները։ Հիշում ե՞ք, Ղազարոսը Աբրահամի գոգում հանգստանում էր, իսկ մեծահարուստը խնդրում էր նրան, որ Ղազարոսը վերադառնա և իր հինգ եղբայրներին զգուշացնի, որ իրենք էլ մեղքերի կյանքով չապրեն ու չգան տանջանքների այդ վայրը։ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես և մարգարեներ, թող նրանց լսեն» (Ղուկաս 16։29)։ Այսինքն՝ Աստվածաշունչը մշտապես կոչնակ է մարդկանց համար, որ նրանք դառնան առ Աստված, խորհեն իրենց փրկության մասին, մեղքերի մեջ չկորչեն։ Ահա թե ինչու Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքում նշում է, որ, այդքան վկայություններ ունենալով, մարդ պիտի ձգտի ապաշխարության.
Ունեմ Մովսեսին իր օրենքներով, մահացածների աշխարհից եկած,
Մարգարեների գրքերը բոլոր՝ գրված հոգուս մեջ,
Եվ մատյանները առաքյալների, շարված իմ մտքի մատների վրա,
Տիրոջդ համայնի՝ հանդերձ կտակով Իր ավետաբեր,
Թաղվելուց հետո հարություն առած ննջեցյալներով,
Բայց ես, ավելի չար ու անհավատ, քան այն մեծատուն եղբայրները հինգ,
Որոնք ասես թե խորհրդանշում են
Զգայարանները հղփացածների, անգութ, անողորմ,
Քարացած սրտիս համառությամբ միշտ
Դարբնի սալի պես եղա անզգա, Բելիարի պես չապաշխարեցի։
Եվ այսքանից հետո չհավատալ Քրիստոսին, չընդունել քրիստոնեությունը և չապրել իբրև քրիստոնյա նշանակում է հրեաների պես կարծրացնել սիրտը, փրկությունը ըմբռնել և պատկերացնել, ինչպես կամենում ենք։ Այսքանից հետո չհավատալ Քրիստոսին նշանակում է լույսի փոխարեն նախընտրել խավարը, մաքրության և սրբության փոխարեն գերադասել մեղքերի տիղմը, սիրել մեղքն ու մեղավոր վիճակը և անտարբեր լինել փրկության ու հավիտենական կյանքի նկատմամբ։ Այսքանից հետո չհավատալ Քրիստոսին նշանակում է Եսավի պես մի աման ոսպով վաճառել անդրանկության պատիվը։
Ի՞նչ է փրկությունը։ Սիրել Աստծուն և ձգտել Նրա ներկայությանը և ոչ թե ձգտել հավիտենական կյանքի՝ սարսափելով դժոխքից։ Փրկությունը հավատքի ու սիրո արդյունքն է։ Երբ մարդ հավատում է Աստծուն և գործադրում սիրո պատվիրանները, նրան սպասվում է փրկությունը, որը կյանքն է Տիրոջ և մարդկանց հետ հավիտենության մեջ։ Փրկության Ավետարանը մարմին է առնում սիրո միջոցով։
Աշխարհում բարեկեցիկ ապրելու համար մենք ջանքեր ենք գործադրում, երբեմն նույնիսկ մեր առողջության, խաղաղության հաշվին ուզում ենք հասնել մեր իղձերի կատարմանը։ Ի՞նչ ենք անում հանուն մեր փրկության։ Արդյո՞ք մեր ժամանակն ու սիրտը նվիրում ենք Աստծուն, եկեղեցի ենք գնում և Սուրբ պատարագներին ենք մասնակցում, Սուրբ Հաղորդություն ե՞նք ստանում։ Փրկության Ավետարանը հնչում է շարունակ, մենք ուղղակի պետք է Աստվածաշունչ կարդանք, հոգևոր ընթերցանությամբ զբաղվենք, անտարբեր չլինենք եկեղեցիների զանգերի ղողանջին, որ կանչում է մեզ մեր հայրական տուն։
Փրկությունը առաջին հերթին մեր հոգու ազատագրումն է մեղքերի աղմուկից, սիրո հաստատումն է, Աստծու հետ միությունն է, մարդկանց հետ համերաշխությունն է, այնքան տենչալի խաղաղության հաստատումն է։ Առաքելահաստատ մեր եկեղեցին շարունակում է Ավետարանի քարոզչությունը, ցույց է տալիս փրկության ճանապարհը, արթուն է պահում մեր հոգիները, որպեսզի չննջենք մեղքերի մեջ, չխճճվենք աշխարհում թևածող տարբեր գաղափարախոսությունների մեջ, անտարբեր չմնանք Հիսուս Քրիստոսի խոստացած հավիտենական կյանքի նկատմամբ։ Փրկությունը մեզ համար է։ Հիսուս ասում է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի։ Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու Միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհաննես 3։16-18)։ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Աստվածային ճշմարտությունները քարոզեցին Հայոց Աշխարհում և հիմնեցին մեր Սուրբ Եկեղեցին։
Սիրելինե՛ր, մաղթում եմ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների բարեխոսությամբ հավատարիմ մնալ առաքելահաստատ մեր եկեղեցու վարդապետությանը, հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, անտարբեր չլինել ու հոգալ սեփական հոգու փրկության մասին, որի մասին առաջին հերթին հոգում է Ինքը՝ Արարիչը՝ Իր Որդու մարդեղացմամբ, խաչելությամբ և հարությամբ, որի ավետիսը և փրկության խոստումը տրված են մեզ, իսկ Աստծու խոստումը ճշմարիտ է։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան