Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ | Surb Tadeos Ev Surb Bardughimeos Araqyalner

«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։  Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայ. 13:7-8)

Սիրելի՛ հավատացյալներ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է մեր առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը, ովքեր քրիստոնեության առաջին սերմերը դրեցին Հայաստան աշխարհում:

Եվ այսօրվա բնաբանը, որ վերցրել եմ Պողոս առաքյալի՝ Եբրայեցիներին ուղղված թղթից, մեզ մեկ անգամ ևս հորդորում է հիշել մեր առաջնորդներին, որոնք մեզ Աստծու խոսքը փոխանցեցին, նայել նրանց ապրած կյանքի ընթացքին և գործունեությանը, հետևել մեր հայրերի հավատի զորությանը, քանի որ այդ ամենի ներշնչման միակ աղբյուրը Հիսուս Քրիստոսն է՝ երեկ, այսօր և հավիտյան:

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները համարվում են մեր առաջին լուսավորիչները, որովհետև եղան Հայոց աշխարհի առաջին քարոզիչները և մարտիրոսները: Նրանք դարձան այն երկու հզոր ջահակիրները, որոնց նահատակված արյան վրա հիմնվեց Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Սուրբ Թադեոսին Հերոնիմոսը կոչում է Թադեոս Եռանվանի, այսինքն՝ երեք անուններ ունեցող մարդ: Ղուկասի Ավետարանում (6:16) և Գործք Առաքելոցում (1:13) նա ներկայացվում է որպես Հուդա Հակոբեան, Հովհաննեսի ավետարանում նույնպես՝ «Հուդան, ոչ Իսկարիովտացին» (14:22): Իսկ Մատթեոս ավետարանիչը նրան կոչում է «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3): Միայն Մարկոսն է, որ նրան պարզապես կոչում է Թադեոս (Մարկ. 3:18):

Սուրբ Թադեոս Առաքյալը քրիստոնեությունը քարոզելու նպատակով նախ գնաց Եդեսիա քաղաք, որտեղ իշխում էր Աբգար թագավորը, որից հետո անցավ Հայաստան՝ որտեղ տիրում էր կռապաշտությունը: Սբ. Թադեոսը, շրջելով զանազան քաղաքներում, քարոզեց քրիստոնեությունը, շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին: Թադեոսը ամեն տեղ աներկյուղ քարոզում էր Ավետարանի ճշմարտությունը: Նա նույնիսկ մտավ իշխանական տնից ներս: Քարոզելու նպատակով գնաց Շավարշավան, որտեղ գտնվում էր Սանատրուկ թագավորի պալատը: Սուրբ Թադեոս առաքյալն այնտեղ շատ բժշկություններ կատարեց: Նրա քարոզության շնորհիվ շատերը հավատացին Հիսուսին ու քրիստոնեություն ընդունեցին: Նրանց թվում էր նաև Սանատրուկի դուստրը՝ Սանդուխտ կույսը: Թագավորը՝ քրիստոնեությունը մերժելով, բարկանալով և մոռանալով իր հայրական գութը, հրամայեց սպանել թե՛ իր աղջկան և թե՛ Թադեոս առաքյալին: Սուրբ Թադեոսը նահատակվեց Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում:

Սուրբ Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ Հայաստան եկավ նաև Սուրբ Բարդուղիմեոսը: Բարդուղիմեոս նշանակում է Թոլոմեի որդի, այսինքն՝ նրա հայրանունն է, իսկ բուն անունն է Նաթանայել (հայերենով՝ Աստվածատուր): Ծնվել է Գալիլեայի Կանա քաղաքում: Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ Իր մոտ էր գալիս, ասաց. «Ահա ճշմարիտ մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Հիսուս նրա մեջ տեսավ վստահելի նկարագիր ունեցող, բարոյական բարձր արժանիքի տեր մի մարդու, որ պատրաստ էր գաղափարական կյանքով ապրելու և լծվելու ազնիվ գործի: Բարդուղիմեոսն է անդրանիկ առաքյալը, որ աշակերտակիցներից առաջ խոստովանեց Քրիստոսի Աստվածությունը՝ ասելով. «Դու ես Աստծո Որդին» (Հովհ. 1:47-50): Եվ այս դավանանքի վրա էր, որ պիտի հիմնվեր քրիստոնեական եկեղեցին: Այդ պատճառով նա ստացավ Նախադավան առաքյալի փառավոր կոչումը: Սուրբ Բարդուղիմեոսը, ըստ ավանդության, իր քարոզչությունը սկսեց Պարսկաստանի կողմերից և հասավ մինչև Հնդկաստանի սահմանները: Ասորիներին քարոզելուց հետո եկավ Հայաստան՝ Սյունյաց աշխարհ, անցավ Գողթն գավառը:

Բարդուղիմեոս առաքյալի քարոզչությամբ դարձի են գալիս Սանատրուկ արքայի քույր Ոգուհին ու Տերենտիոս հազարապետը և ուրիշ շատեր: Իսկ Սանատրուկը համոզելու ապարդյուն փորձերից հետո հրամայում է սպանել նրանց: Նորադարձները նահատակվում են սրով, իսկ Բարդուղիմեոսը՝ փշոտ մահակների հարվածների ներքո:

Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների գերեզմանների վրա հետագայում կառուցվեցին եկեղեցիներ. Սուրբ Թադեոսինը՝ Արտազում, իսկ Սուրբ Բարդուղիմեոսինը՝ Աղբակում:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այսօրվա իմ քարոզի նպատակը սակայն մեր առաքյալների վարքը ձեզ ներկայացնելը չէ, որոնց մասին վստահ եմ բազմիցս կարդացել եք կամ լսել, այլ նրանց առաքելության, ինչից էլ այսօր մենք դասեր պետք է քաղենք:

 Առաքելությունը բնորոշ է հենց եկեղեցու բնույթին՝ հանուն բոլորի փրկության քրիստոնեական ճշմարտությունը քարոզելու պարտականություն:

 Առաքելությունը ոչ միայն քարոզներ, զրույցներ են Աստծու մասին կամ էլ սեփական ուսմունքի  տարածում, այլ սիրո վկայությունն ու դրսևորումն է:

Առաքելական հոգու և գործունեության զարգացումը, հանդիսանում է մեր առաքելական եկեղեցու ամբողջականության պահպանման ամրապնդող միջոցը, որի նպատակը մեր հասարակությանը Քրիստոսի արքայությանը բերելն է:

Սիրելի՛ հավատացյալներ, ինչո՞ւմն է մեր օրերում կայանում առաքելությունը: Առաքյալները  իրենց  բնույթով Աստծու դեսպաններն են, որոնց Նա ուղարկում է, որպեսզի Իր վկաները լինեն: Առաքելության նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ մարդկանց դեպի հավատք կամ կրոն ուղղորդեն, այլ նրանում, որ մարդկանց առջև բացեն դեպի Աստված տանող ճանապարհը: Առաջին քրիստոնյաների՝ Քրիստոսի աշակերտների առաքելությունը կայանում էր նրանում, որ շրջում էին ամբողջ աշխարհով և ասում էին. «Մենք տեսել ենք Աստծուն մարմնացած, մենք տեսել ենք Հիսուս Քրիստոսին, ովքեր մեկ են, մեկ ամբողջություն... » և այդ ամենը մարդիկ տեսնում էին նրանց մեջ: Այդ իսկ պատճառով առաքելությունը չի կայանում նրանում, որպեսզի անհավատներին սեփական կրոնին բերեն, այլ, որպեսզի մարդու համար բացահայտեն Աստծու մոտ տանող ճանապարհը: Դա չափազանց կարևոր է:  

Հիսուսին շատ մարդիկ էին շրջապատում, բայց ոչ բոլորն էին դառնում նրա աշակերտները: Հիսուսին լսելը ոչ միշտ էր բավարար, քանի որ առակներով էր խոսում և մարդիկ, փակ լինելով իրենց հոգիներում, չէին հասկանում, թե ինչ էր ուզում ասել: Եվ Քրիստոսի աշակերտներն էին, որ բացվեցին Տիրոջ կրակի առջև և քարոզի դուրս եկան Սուրբ Հոգու կրակով լցված: Եվ մարդիկ ոչ միայն լսում էին նրանց խոսքերը, այլև նրանց միջոցով թափանցում էին Աստվածային գաղտնիքի խորքերը: Անգլիացի գրող Լյուիսն ասում է. ին՞չ տարբերություն հավատացյալ և անհավատ մարդկանց միջև: Հավատացյալ մարդը նման է արձանի, որ կենդանացել է: Արձանը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան մարդը, սակայն այն քար է, այն կենդանի չէ: Մարդն էլ իր հերթին կարող է անթերի չլինել, սակայն նա կենդանի է և կարող է կյանք փոխանցել: Եվ հենց այս իմաստով էլ Քրիստոսի աշակերտները գնացին աշխարհ. մարդիկ նրանց միջոցով էին տեսնում, զգում ու ճանաչում Քրիստոսի հետ նրանց հանդիպումը: Եվ շնորհիվ Սուրբ Հոգու՝ հաղորդակից էին լինում Նրա միջոցով Որդու և Հոր հետ հաղորդակից լինելու այդ մեծագույն հրաշքին ու գաղտնիքին:

Առաջին սերնդի աշակերտների միջոցով մարդիկ նոր կյանք էին տեսնում, տեսնում էին, որ Աստված աշխարհ է եկել, տեսնում էին, որ նրանք փոխակերպված են: Հենց սրանում է կայանում առաքելությունը: Նրանք այդ ժամանակ չէին խոսում աստվածաբանության մասին, նրանք պատմում էին, որ հանդիպել են Կենդանի Աստծուն: Եվ երբ մարդիկ լսում էին նրանց, տեսնում հավիտենությամբ ու Սուրբ Հոգու լույսով փայլող նրանց դեմքերը, ապա կարող էին հավատալ:

Եվ մեր առջև ծառացած խնդիրը հենց նրանում է, որ մենք շատ ենք խոսում, դարերի ընթացքում շատ բաների մասին ենք մտածել, սակայն մարդկանց մեծամասնության համար դա մնացել է լոկ որպես կրոնի նկատմամբ բանական մոտեցում, դավանաբանություն, բայց ոչ միշտ՝ հավատքի խոստովանություն:

Որպեսզի կարողանանք առաքյալներ լինել, որպեսզի կարողանաք փոխանցել մեր հավատքը՝ անհրաժեշտ է, որպեսզի այդ հավատքը մեզ այնպես վերափոխի, որ մարդիկ մեզ հանդիպելով՝ տեսնեն մեկ այլ, արդեն իսկ վերածնված մարդու: Եվ, ի վերջո, առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք Աստծու խոսքում ոչ թե ուսուցում տեսնել, այլ կյանք, որը մեզ Աստծուն կմոտեցնի:

Հաճախ տարբերակում ենք երկու հասկացություն. քարոզ, այսինքն՝ Քրիստոսի, Աստծու, Եկեղեցու մասին հավատի հռչակումներ և մեզ շրջապատող մարդկանց հանդեպ վերաբերմունք: Ես կարծում եմ, որ որևէ մեկին չենք կարող ապացուցել, որ Աստված սիրող Աստված է, Ով սիրում է բոլորին, Ով խաչը բարձրացավ մեղավորների, այլ ոչ թե արդարների համար, եթե ինքներս չվարվենք այնպես, ինչպես Աստված էր վարվում մեղավորների հետ՝ մեծ սիրով և հոգատարությամբ: Եթե մենք նույնիսկ  ինչ-որ բան տանք աղքատին, դա կարող է լինել ոչ միայն նյութական, այլ նաև հասարակ, պարզ, անկեղծ ժպիտ, բարևել նրան, վերաբերվել որպես մարդու, ապա այդ դեպքում մենք կարող են «շահել» այդ մարդուն՝ օգնելով վերափոխվել:

Ես չեմ կարծում, որ Քրիստոսին քարոզելու համար պետք է ցուցարարների պես հրապարակներ դուրս գալ: Սակայն մենք երբևէ չպետք է ամաչենք մեր հավատքի համար: Եվ որտեղ էլ, որ լինենք, ինչ միջավայրում էլ հայտնվենք, պետք է պատրաստ լինենք մեր իսկ կյանքով վկայել Աստծու մասին, մեր կյանքում Նրա կատարած հրաշքի, Նրա մեծ սիրո ու ողորմածության մասին: Պետք չէ անմիջապես սկսել Աստծու մասին խոսել, քարոզել, ձեր կյանքն ինքը կանի այդ ձեր փոխարեն, եթե դուք ապրեք Քրիստոսի իրական սիրո մեջ: «Հաճախ չասված խոսքերն ավելին արժեն, քան ասվածները, իսկ չբարձրաձայնված արարքներն ավելի տեսանելի են քան հնչեցվածները...» :

Սիրելինե՛ր, եկեք մեր սրտում և հոգում վառ պահենք այս երկու սուրբ ջահակիր առաքյալների վառած լույսը և դրանով ջերմացած՝ փառավորենք մեր Տիրոջը, Ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

28.11.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․