21 Դեկտեմբեր, Շբ
Սուրբ Թարգմանիչներ. Մեսրոպ, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Ներսես Կլայեցի: Նրանք Հայ եկեղեցու անդաստանի ամենահարազատ ու հավատավոր մշակներն են:
Սուրբ Թարգմանիչներ են կոչում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներին և հետագայի այն սրբակենցաղ հոգևոր գործիչներին, ովքեր փայլել են գրական վաստակով: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը (Մովսես Խորենացին), Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին, այսինքն՝ Շնորհալին: Թարգմանիչ ենք կոչում այն պատճառով, որ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց առաջին աշակերտները հունարենից ու ասորերենից հայերեն թարգմանեցին մեծ թվով երկեր: Սակայն, օրինակ՝ Գրիգոր Նարեկացին և Ներսես Կլայեցին թարգմանիչների շարքում դասվել են պարզապես գրական կարևոր վաստակ թողած լինելու պատճառով:
Եղիշեն Սահակ-Մեսրոպյան դպրոցի գլխավոր աշակերտներից է: Լինելով Վարդան Մամիկոնյանի ատենադպիրը՝ գրել է Վարդանանց պատերազմի պատմությունը, «Միանձանց խրատ» բարոյախոսական գրվածքը, խրատական կանոններ, «Տերունական աղոթք»-ի, «Հեսու» և «Դատավորաց» գրքերի մեկնությունները, ինչպես նաև «Մեկնություն արարածոց»-ը և «Այլակերպության» ճառը և այլ գործեր: Ուսանել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ Մովսես Խորենացու և Մաշտոցի ու Սահակի այլ աշակերտների հետ: Այցելել է նաև Պաղեստինի տնօրինական վայրերը, հատկապես Թաբոր լեռը, որն էլ իր Այլակերպության ճառի մեջ ճշգրիտ ներկայացրել է: Վարդանանց պատերազմից հետո առանձնական կյանքով ապրել է լեռներում, ապա նորից մտել ժողովրդի մեջ, իսկ այնուհետև տրվել միայն ճգնողական կյանքի՝ ապրելով Մոկաց լեռներում: Երբ նրա սրբության համբավը տարածվում է այդտեղ, հեռանում է Ռշտունյաց լեռները և այնտեղ էլ վախճանվում:
Մովսես Խորենացին Սահակ Պարթև կաթողիկոսի 60 աշակերտներից է, ապրած և վախճանված 5-րդ դարում: Համարվում է նաև Սուրբ Մեսրոպի ազգականը: Ստացել է բարձր կրթություն, սովորել է Ալեքսանդրիայի դպրոցում, հետո անցել Պաղեստին, ապա հայրենիք վերադառնալուց հետո, եղել Բագրևանդի թեմակալ առաջնորդը: Փայլել է իր սրբությամբ, հոգևոր մեծ իմաստությամբ ու հանճարով: Ունեցել նաև մարգարեական շնորհ, ինչը երևում է Սահակ Արծրունուն գրած նրա նամակից: Այստեղ նա մարգարեանում է մի քանի դար հետո Սահակ և Համազասպ իշխանների նահատակության և նրանց մի եղբոր ուրացության մասին: Սբ. Մովսես Խորենացու գլուխ գործոցն է «Պատմություն հայոց»-ը, որը գրել է Սահակ Բագրատունի իշխանի խնդրանքով: Այդ գրքի շնորհիվ Մովսես Խորենացին արժանացել է «Պատմահայր Հայոց» փառավոր տիտղոսին: Խորենացուն է վերագրվում «Պատմություն Սրբոց Հռիփսիմյանց»-ը: Գրել է նաև «Աշխարհացույց»-ը, ճառեր, շարականներ և այլ գործեր:
Շարականների հեղինակ լինելու պատճառով է, որ կոչվում է նաև Մովսես Քերթող, սակայն նրան չպետք է շփոթել մեկ այլ Մովսես Քերթողի հետ, ով ապրել է ավելի ուշ՝ 7-րդ դարում:
Դավիթ Անհաղթը համարվում է Մովսես Խորենացու քեռորդին և ապրել է 6-րդ դարում: Ծնվել է Տարոնի գավառի Ներգին ավանում: Եղել է Սահակ-Մեսրոպյան կրտսեր աշակերտներից: Բարձրագույն ուսումն առել է Ալեքսանդրիայում, հատկապես ուսումնասիրելով փիլիսոփայություն և ասվում է, որ այնքան գիտուն է եղել դրանում, որ հրապարակային փիլիսոփայական վեճերում հաղթանակներ է տարել: Սա է պատճառը, որ նրան տրվել է Անհաղթ մականունը: Դավիթ Անհաղթը գրել է իմաստասիրական երկեր, Փրկչի ծննդյան մասին ներբող և Սուրբ Խաչին նվիրված ճառ: Քանի որ նրա իմաստասիրական որոշ գործեր սկզբնապես գրվել են հունարեն, ապա թարգմանվել հայերեն, դրանք տարածում են գտել նաև Հայաստանից դուրս:
Գրիգոր Նարեկացին ապրել է 10-րդ դարում, ծնվել Վասպուրական նահանգի Անձևացյաց գավառում, Վանի հարավ-արևելյան կողմում: Խոսրով Անձևացու կրտսեր որդին է, վաղ տարիքում կորցրել է մորը և երկու եղբայրների՝ Հովհաննեսի և Սահակի հետ կրթություն ստացել Նարեկա վանքի վանահոր՝ Անանիա Նարեկացու մոտ, ով Գրիգորի ազգականն էր մոր կողմից: Երեք եղբայրներն էլ դառնում են այդ վանքի միաբաններ: Գրիգորի ընտանիքը եզակի օրինակ է. նրա ընտանիքի բոլոր անդամները եկեղեցական ծառայության սրբազան ասպարեզ են մտնում: Դժբախտաբար Սուրբ Գրիգորի կյանքի մասին տեղեկությունները խիստ սակավ են, սակայն նրա շուրջ հյուսվել են ավանդություններ, որոնցում նա ներկայացվում է իբրև հրաշագործ անձնավորություն: Կուսակրոն քահանա է ձեռնադրվել շուրջ 25 տարեկան հասակում և ամբողջ կյանքն անցկացրել է Նարեկա վանքում, աղոթքով, առաքինական և ճգնողական կյանքով ուսանելով և ուսուցանելով, ինչպես նաև գրական գործեր հորինելով և աճելով ու առաջադիմելով սրբության և իմաստության մեջ: Սբ. Գրիգոր Նարեկացին հարուստ գրական ժառանգություն է թողել, որի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա աղոթամատյանը՝ «Մատյան ողբերգության»-ը, որը նա գրել է իր կյանքի վերջին տարիներին և ավարտելուց մեկ տարի անց՝ վախճանվել: Գրել է նաև «Երգ երգոց»-ի մեկնություն, սուրբ առաքյալներին, Տիրամորը, խաչին, Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված ներբողյաններ, թոնդրակեցիների աղանդի վերաբերյալ մի գրություն, գանձեր, տաղեր ու մեղեդիներ: Նա է համարվում հայ հոգևոր երգերի նոր ժողովածուի գանձարանի կամ տաղարանի սկզբնավորողը: Սուրբ Գրիգորը վախճանվել է հավանաբար 1002թ-ին, շուրջ 52 տարեկան հասակում և թաղվել է նույն վանքում:
Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը ծնվել է 1100-ական թթ-ին Կիլիկիայի Տլուք գավառի Ծովք դղյակում: Եղել է Պահլավունի տոհմից, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատի որդին, Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի քրոջ թոռն ու Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի հարազատ եղբայրը: Վաղ տարիքում կորցնելով հորը՝ նա և իր ավագ եղբայրը՝ ապագայի Գրիգոր Գ կաթողիկոսը, մեծանում են Գրիգոր Բ Վկայասեր, ապա Բարսեղ Անեցի կաթողիկոսների խնամքի ներքո, կրթություն ստանում Շուղրի Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով հանրահայտ Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Բարսեղ կաթողիկոսի (1105-1113) անակնկալ մահից հետո հայոց կաթողիկոս է դառնում Ներսեսի քսանամյա եղբայրը՝ Գրիգորը: Ներսեսը իր եկեղեցական բոլոր կարգերը (սարկավագություն, քահանայություն, երբ 18 տարեկան էր և եպիսկոպոսություն՝ 30 տարեկան հասակում) ստանում է իր կաթողիկոս եղբորից՝ դառնալով նրա զորեղ աջակիցը և փոխանորդը հայրապետական բոլոր գործերի մեջ: 1141թ-ին կաթողիկոսի հետ մասնակցում է Անտիոքի ժողովին, գումարված Անտիոքի Ռուդոլֆ պատրիարքի վարքը քննելու համար: Այդ ժամանակից ի վեր սկսվում են հայ-կաթոլիկ եկեղեցական հարաբերությունները: 1150թ-ից կաթողիկոսական աթոռը Տլուք գավառի Ծոփք նահանգից տեղափոխվում է Հռոմկլա և այդուհետ Ներսեսը, մինչև իր երկրային կյանքի վախճանը, անցկացնում է այնտեղ, ինչ պատճառով և կոչվում է նաև Կլայեցի: Իսկ Շնորհալի անունը նրա ժամանակ տարածված պատվանուն էր, որը տրվում է նաև նրան: 1166թ-ին, եղբոր վախճանից հետո, Սուրբ Ներսեսը դառնում է կաթողիկոս՝ նախապես օծվելով հենց եղբոր կողմից: Պաշտոնավարում է 7-8 տարի: Կաթողիկոսանալուց հետո, նրա առաջին գործերից է լինում «Թուղթ ընդհանրական»-ի ստեղծումը, փաստորեն նրա առաջին ընդարձակ կոնդակը՝ ուղղված հայ ժողովրդի տարբեր խավերին: Սբ. Ներսեսը եղել է բեղուն մատենագիր և եկեղեցական մեծ բարեկարգիչ: Նրա սրբության համբավը այնքան մեծ է եղել, որ տարածվել է նաև օտար շրջանակներում: Նա ջատագովն էր հայ և այլ եկեղեցիների, մասնավորապես բյուզանդական եկեղեցու միջև բարեկամական հարաբերությունների: Սուրբ Ներսես Շնորհալին է բարեկարգել հայոց ժամագիրքը՝ վերջնական տեսքի բերելով և համալրելով բազմաթիվ սքանչելի երգերով: Բարեկարգել է նաև այլ ծիսական մատյաններ: Գրել է շարականներ ու տաղեր, թղթեր, հանելուկներ, պոեմներ, որոցից թերևս ամենասիրվածն ու հայտնին «Հիսուս Որդին» է, որը նաև երգվել է: Գրել է նաև Մատթեոսի ավետարանի և կաթողիկե թղթերի մեկնություններ, որոնցից առաջինը անհասկանալի պատճառով մնացել է անավարտ: Կատարել է նաև թարգմանություններ: Գրել է «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքը, բաղկացած 24 աղոթքներից՝ օրվա 24 ժամերի համար: Սուրբ Ներսեսը վախճանվել է 1173թ-ին Հռոմկլայում և թաղվել եղբոր՝ Սուրբ Գրիգոր Գ Պահլավունու կողքին, ով մեր ամենաերկար պաշտոնավարած կաթողիկոսն է և նույնպես սրբակենցաղ մի անձնավորություն: Նրան ևս հիշատակում ենք Սուրբ Պատարագի ընթացքում Գրիգորիսյանք ընդհանուր անվան տակ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը