Քրիստոնյայի գրեթե ողջ կյանքը անցնում է ստի և ճշմարտության հակասության մեջ: Ճշմարտության աղբյուրը Աստված է: Սրա մասին վկայում է Սուրբ Գիրքը՝ Նրա խոսքը ճշմարտություն է (Առակ. 8:7), Նրա օրենքը ճշմարտություն է (Սաղմ. 118:142) և սերնդե-սերունդ մնում է Նրա ճշմարտությունը (Սաղմ. 118:90): Ճշմարիտ վկայություն տվողները հնազանդվում են ճշմարտության հեղինակին՝ Աստծուն և Նրա կամքն են կատարում: Նրանք, ովքեր սուտ վկայություն են տալիս, դառնում են ստի հեղինակի՝ սատանայի կամակատարը: Ուստի քրիստոնյայի խոսքը պետք է համապատասխանի իրականությանը։ Ճշմարիտ վկայություն տալ՝ նշանակում է ասել իրականությունը, մինչդեռ սուտ վկայություն տվողը քողարկում ու թաքցնում է այն:
Տասը պատվիրաններից՝ «Սուտ վկայություն մի՛ տուր» (Ելք. 20:16) պատվիրանն արգելում է խեղաթյուրել ճշմարտությունը, արգելում է զրպարտությունը, այսինքն՝ ուրիշին չար գործեր կամ խոսքեր վերագրելը, վարկաբեկելը՝ որևէ մեկին նվաստացնելն ու անվանարկելը, նենգամտությունը, բամբասանքը և որևէ գաղտնիքի տարածումը:
«Ստախոս վկան առանց պատժի չի մնա» (Առակ. 19:5),- գրում է առակագիրը: Աստվածաշնչից տեղեկանում ենք, թե ստի պատճառով ինչ տեղի ունեցավ Անանիայի և նրա կնոջ՝ Սափիրայի հետ. նրանք երկուսն էլ մահացան (Գործք Առաք. 5:1-11): Ստի աղբյուրը սատանան է, և առաջին սուտ վկայությունը տրվել է նրա կողմից. «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել… Որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը» (Ծննդոց 3:1-4): Այսպես մեղքն ու մահը ստով աշխարհ եկան: Արդարև, սատանան Տիրոջ կողմից «ստախոս և ստի հայր» է կոչվել, քանի որ նա ճշմարտության կողմնակից չի եղել բնավ, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա և սուտ խոսելն էլ իր նկարագիրն է (Հովհ. 8:44):
Այս պատվիրանը խախտում են նրանք, ովքեր դատարաններում, զանազան ատյաններում սուտ վկայություն են տալիս և կեղծում ճշմարտությունը: Սա նշանակում է ուղղակի մերժել Աստծուն, քանի որ Քրիստոս ասաց. «Ես եմ Ճշմարտությունը» (Հովհ. 14:6) և «Ով որ Ինձ հավատա, խավարի մեջ չի մնա» (Հովհ. 12:46): Ճշմարիտ քրիստոնյան հավատարիմ է Տիրոջ ուսուցումներին, ճանաչում է ճշմարտությունը, և ճշմարտությունը ազատում է իրեն (Հովհ. 8:31-32) ու սրբագործում (Հովհ. 17:17):
Այս պատվիրանը խախտում են նաև այն մարդիկ, ովքեր, բարկությունից և նախանձից դրդված կամ էլ անմեղ մարդկանց անունն ու պատիվն արատավորելու նպատակով, անհիմն պատճառներով տարածում են ուրիշների գաղտնիքները, նենգաբար մեկնում մերձավորների խոսքերն ու գործերը, բամբասում, կեղծ լուրեր տարածում, հրապարակում մարդկանց արատները, թուլություններն ու մեղքերը: Այսպիսիները մոռանում են, որ պետք
է խորհեն սեփական մեղքերի ու արատների մասին և խոր ապաշխարությամբ ջանան թողություն ստանալ Աստծուց:
Այս պատվիրանի դեմ մեղանչում են նաև կեղծավորները, շողոքորթները, դավաճաններն ու չարախոսները, որոնք, չգիտակցելով իրենց մեղքերի ծանրությունը, մտածում են, թե նման կենսակերպն աշխարհիկ կյանքի պահանջն է, և դրանով կարելի է հասնել բարեկեցիկ կյանքի: Միգուցե աշխարհիկ վայելքների և հարստության կարելի է հասնել, բայց ոչ՝ հոգու փրկության, որովհետև վերը նշված մեղքերն առաջանում են նախանձից, հպարտությունից, փառասիրությունից, ագահությունից, բղջախոհությունից, բարկությունից և այլ հոգեկործան մեղքերից: Այս չարիքներից ազատվելու համար, ինչպես առաքյալն է ասում, պետք է դեն նետել ամեն տեսակի չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակի չարախոսություն (Ա Պետրոս 2:1): Պետք է զղջալ և խոստովանությամբ ապաշխարել, հարթել մեղքերի վնասները և փոխհատուցել նրան, ում հանդեպ որ այն կատարվել է՝ ապրելով այդ մեղքերին հակադիր առաքինություններով՝ ճշմարտասիրությամբ, ուղղամտությամբ, ազնվությամբ, պարզությամբ, չափավորությամբ, խոհեմությամբ և հավատարմությամբ: Ստախոսությանը համազոր է նաև այն, երբ մարդը ճշմարտության կեսն է ասում, կամ էլ լռում է, երբ անհրաժեշտ է խոսել և թույլ է տալիս, որ իր առջև որևէ բարի, ազնիվ մարդու մասին բամբասանք կամ սուտ հնչի:
«Այն աչքերը, որ թշնամանքով են նայում, այն լեզուն, որ սուտ է խոսում, այն ձեռքերը, որ արդար արյուն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նյութում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան: Անիրավ վկան բորբոքում է ստությունը և գրգռություն է գցում եղբայրների միջև» (Առակ. 6:17-19): «Եվ չկա մի արարած, որ Աստծո տեսողությունից վրիպի: Նա ամեն բան տեսնում է պարզ ու հստակ՝ իր ամբողջ մերկությամբ: Եվ մենք նրա՛ն ենք հաշիվ տալու» (Եբր. 4:13): Աստվածային խոսքը երբեք չի դադարում ստախոսներին զգուշացնելուց. «Սուտ մի՛ խոսեք միմյանց հետ» (Կողոս. 3:9) և «Հրաժարվեցե՛ք ստախոսությունից: «Ամեն մարդ թող ճշմարտությունն ասի իր ընկերոջը», ինչպես ասում է մարգարեն (Զաքար. 8:16), որովհետև, միացած լինելով Քրիստոսին, միմյանց անդամներ ենք» (Եփես. 4:25): Եվ «Եթե ասենք՝ հաղորդակից ենք Նրան, և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում» (Ա Հովհ. 1:6):
Կազմեց Գայանե Սուգիկյանը