Տ. Նավասարդ Արք. Կճոյանը հանդիպեց զոհված զինվորների մայրերին

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արք. Կճոյանը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել: «Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի մայր եմ: Շնորհակալ եմ ձեր ու թեմի կողմից իրականացված «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի համար», -ասաց մայրերից մեկը: Սրբազանը զրուցեց մայրերի հետ, լսեց նրանց որդիների պատմությունները, մխիթարության խոսքեր ասաց. «Սիրելի մայրեր, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր նախաձեռնությունները օրհնվում են Հայոց Հայրապետի կողմից՝ մեր սրբություն սրբոց Էջմիածնից: Որևէ գումար չի կարող փոխհատուցել ձեր կորուստը, որ բոլորինս է: Ոչինչ չի կարող ամոքել այն ցավը, որ կա ձեր սրտերում: Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեր առաջ՝ նման հերոս որդիներ ազգին նվիրելու համար: Ցավոք՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ անմեղ զոհերից խուսափել չենք կարողանում: Աղոթում ենք առ Աստված, որ այլևս ոչ մի կյանք չպահանջվի՝ մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Սակայն յուրաքանչյուրիս գերագույն պարտքն է տալ Հայրենիքին առավելագույնը: Պարտական ենք ձեզ ու բոլոր հայ մայրերին»: Սրբազան հայրն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ու նրանց կողքին լինել անհրաժեշտ պարագաներում: Մայրերը խնդրեցին հնարավորություն ընձեռել հաճախ հանդիպել Սրբազանին, ինչին նա սիրով համաձայնեց:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 

22.10.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․