Աստծու ժողովուրդը միշտ ունեցել է թաղման սովորութիւնը: Ամբողջ Աստուածաշնչում հնարաւոր չէ գտնել ոչ մի տող, որտեղ Աստծու ժողովուրդը մահից յետոյ դիակիզուի եւ համեստ ու պարկեշտ թաղման փոխարէն ուրիշ բան արուի (բացառութեամբ մի քանի դէպքերի, երբ մարմնի հրկիզումը հետեւանք էր Աստծու սաստիկ բարկութեան): Սրա մասին են վկայում Աստուածաշնչի՝ թաղման նախադէպերի հետեւեալ օրինակները: Առաջին թաղումը, որ արձանագրուած է Աստուածաշնչում, այն է, երբ Աբրահամը թաղեց իր կին Սառային: Երբ Սառան մեռաւ, Աբրահամը փնտռում էր գերեզմանի ընտիր մի կալուած՝ գնելու եւ իր կնոջը թաղելու համար: Աբրահամը չորս հարիւր սիկղ[1] արծաթով գնեց Քետացի Քեփրոնի արտը, եւ ինչպէս գրուած է. «Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում» (Ծննդ. 23, 19): Երբ Աբրահամը մեռաւ, «իր որդիները` Իսահակն ու Իսմայէլը, թաղեցին իրեն Մաքփելայի քարայրում»՝ նոյն տեղում, որտեղ թաղուած էր իր կինը` Սառան (Ծննդ. 25, 8-10): Այստեղ թաղուեց նաեւ Իսահակը (Ծննդ. 35, 29) եւ իր կին Ռեբեկան (Ծննդ. 49, 31): Ռաքելը թաղուեց Բեթղեհէմում, ու Յակոբը նրա գերեզմանի վրայ մի արձան կանգնեցրեց (Ծննդ. 35, 19-20): Մեռնելուց առաջ Յակոբը, օրհնելով իր զաւակներին, պատուիրեց՝ ասելով. «Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ այն քարայրում» (Ծննդ. 49, 29): Յակոբի` թաղուելու այս պատուէրը, որ շատ անյարմար պիտի լինէր Յովսէփի ու բոլոր այն ծառաների ու Եգիպտոսի երկրի բոլոր երէցների համար, որ իր հետ երկար ճանապարհորդութեան պիտի գնային դէպի Քանանի երկիրը, ցոյց է տալիս, թէ Յակոբը չէր կարող նոյնիսկ պատկերացնել, թէ իր մեռած մարմնին այլ կերպ վարուէին: Այս պատճառով Յովսէփն աղերսանքով դիմում է Փարաւոնին, որ կատարի այն երդումը, որ տուել էր իր հօրը թաղելու համար (Ծննդ. 50, 4-13): Յովսէփը, հետեւելով իր նախնիների թաղման աւանդոյթին, Իսրայէլի որդիներին երդուել տուեց, որ իրեն թաղեն Քանանի երկրում (Ծննդ. 50, 26): Ու Յովսէփի մահից երեք հարիւր տարի յետոյ, երբ Իսրայէլի ժողովուրդը Եգիպտոսից դուրս ելաւ, «Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»» (Ելք 13, 19): Իսրայէլի որդիները քառասուն տարի Յովսէփի ոսկորները պահպանեցին անապատում, մինչեւ որ թաղեցին Սիւքէմում. «Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում» (Յես. 24, 32): Որքա՜ն հեշտ պիտի լինէր իսրայէլացիների համար Յովսէփի մարմինը դիակիզել ու փոքր աճիւնասափորի մէջ դնելով՝ իրենց հետ շրջել Եգիպտոսից հանելու ժամանակ: Բայց ժողովուրդը հրաժարուեց այդպէս վարուելուց: Ու Յովսէփը, որ Աստծու ճշմարիտ հետեւորդ էր, ով նախազգում էր ապագայ մարմնի յարութեան խորհուրդը, ու հաւատարիմ մնալով իր նախնիների հաւատին ու թաղման աւանդոյթին՝ պատուով թաղուեց, ինչպէս եւ Աստուածաշնչի բոլոր հաւատաւորները: Իսկ երբ Մովսէս մեռաւ, նա էլ թաղուեց. «Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում՝ Տիրոջ խօսքի համաձայն։ Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտէ, թէ որտեղ է նրա գերեզմանը» (Բ. Օրին. 34, 5-6):
Եղիսէն մեռաւ ու թաղուեց: Երբ մի մարդու պիտի թաղէին, նրան Եղիսէի գերեզմանը գցեցին: Այդ մարդը, Եղիսէի ոսկորներին դիպչելով, կենդանացաւ եւ իր ոտքերի վրայ կանգնեց (Դ. Թագ. 13, 20-21):
Այն քրիստոնեաները, որոնք դեռ կարծում են, թէ դիակիզումը ընդունելի սովորութիւն է, եւ Աստուած ոչ մի առարկութիւն չունի դրա նկատմամբ, թող լրջօրէն հարցնեն իրենք իրենց, թէ ինչո՞ւ Մովսէսն էլ հողում թաղուեց: Այսպէս անելով՝ Աստուած գուցէ մտադրութի՞ւն ունէր Իր հաւատարիմ ժողովրդին ցոյց տալ, թէ Ինքը հաստատում է իրենց մահացած բարեկամին կամ ազգականին միայն հողի տակ թաղելու ձեւը: Հրէական Թալմուդում գրուած է հետեւեալը. «Գնա՛ Աստծու ետեւից…, թաղի՛ր մեռածներին, ինչպէս Նա (Աստուած) թաղեց Մովսէսին Մովաբի արտում»[2]: Հետեւելով Մովսէսի օրինակին՝ հրէաները սերունդ առ սերունդ շարունակեցին թաղել իրենց մեռելներին: Տիրոջ ծառայ Յեսու Նաւեան թաղուեց իր ժառանգութեան հողամասում (Յես. 24, 29-30): Ահարոնի որդին` Եղիազարն էլ վախճանուեց ու «թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում» (Յես. 24, 33): Եւ Փենէէսը քահանայ դարձաւ իր հօր՝ Եղիազարի փոխարէն, մինչեւ որ մեռաւ եւ թաղուեց Գաբաաթի իր կալուածքում։ Աստծու մարգարէ Սամուէլը, որ օծեց Սաւուղին եւ Դաւթին՝ հրէաների երկու թագաւորներին, մեռաւ, եւ «ամբողջ Իսրայէլը հաւաքուեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթէմի իր տանը» (Ա. Թագ. 25, 1): Բերզելին յոյժ ծեր մի մարդ էր՝ ութսուն տարեկան: Երբ Դաւիթ թագաւորը ցանկացաւ հատուցել նրան, Բերզելին աղերսում էր, որ ինքն ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հօր ու մօր գերեզմանի մօտ (Բ. Թագ. 19, 37): Դաւիթն էլ իր հայրերին միացաւ. «Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում (Երուսաղէմ)» (Գ. Թագ. 2, 10): Թաղումն այնքան կարեւոր էր հրէաների համար, որ նրանք նոյնիսկ թաղում էին իրենց թշնամիների սպանուած մարմինները (Գ. Թագ. 11, 15): Եզեկիէլի մարգարէութեան մէջ Աստուած խօսում է թաղման ու գերեզմանի մասին։ Աստուած գերեզմանի տեղ է ընտրում թաղելու համար ու այդ տեղը նաեւ անուանում է. «Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին։ Եւ շիրիմը կոչուելու է «Գոգի հօտի գերեզման»: Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը։ Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները» (Եզեկ. 39, 11):
Հին Կտակարանում կայ հետաքրքիր պատմութիւն մի սուրբ մարդու մասին, որի անունն էր Տոբիթ: Ասորական գերութեան ընթացքում, գերողներից գաղտնի, նա թաղում էր զոհուած իր հայրենակիցների դիակները, թէեւ այն ժամանակ օրէնքն արգելում էր թաղումը` պահանջելով մահապատիժ այդ արարքի համար: Աստուած, տեսնելով Տոբիթի հաւատարմութիւնն ու հնազանդութիւնը, շնորհում է իրեն բազում բարիքներ: Ռափայէլ հրեշտակապետը մարդկային կերպարանքով յայտնւում է Տոբիթի որդի Տուբիին եւ նրան առաջնորդում ու իր երկար-հեռաւոր ճամբորդութեան ընթացքում պաշտպանում է ամէն տեսակ վտանգներից: Հրեշտակը նրա համար գտնում է մի կին՝ Սառայ անունով, եւ ազատում է Ազմոդէւս կոչուող չար դեւից ու բժշկում: Նաեւ լուծում է իր նիւթական պարտքը, ու վերջապէս երիտասարդն անվնաս-ապահով վերադառնում է իր հօր մօտ ու բժշկուելով վերականգնում է իր տեսողութիւնը: Ապշած մնալով այսպիսի նախախնամութեան համար՝ հայրն ու որդին առաջարկում են բարերար Ռափայէլին իրենց ունեցուածքի կէսը՝ չիմանալով, սակայն, որ նա հրեշտակապետ է: Իսկ Ռափայէլը ինքնիրեն յայտնում է նրանց եւ ասում. «Երբ աղօթելու կանգնեցիր դու, նաեւ քո հարս Սառան, ես ձեր աղօթքների յիշատակը մատուցեցի սուրբ Աստծուն. իսկ երբ դու թաղում էիր մեռելներին, ես քեզ հետ էի. երբ դու չյապաղեցիր վեր կենալ, թողեցիր քո ճաշը, որպէսզի գնաս եւ թաղես մեռելին, ես չմոռացայ քեզ. երբ բարիքներ էիր գործում, ես կրկի՛ն քեզ հետ էի» (Տոբ. 12, 12-13): Այսպէս, մեռածներին պատշաճ յուղարկաւորութիւն կատարելու եւ իր կեանքը դրա համար վտանգի ենթարկելու, ինչպէս նաեւ բազում բարեգործութիւնների համար Աստուած շատ օրհնութիւններ ու բարիքներ պարգեւեց Տոբիթին եւ իր ընտանիքին: Իսկ իր որդի Տուբինը փառքով ու պատուով թաղեց իր հօրը, մօրը, աներոջն ու զոքանչին (Տոբ. 14, 12. 13. 15): Տոբիթի գրքում նշուած է, թէ հրէաները թաղում էին նաեւ օտարականներին (Տոբ. 1, 17-18):
Հանգուցեալի մարմինը պատշաճ կերպով չթաղելը համարւում էր անպատւութիւն եւ անարգութիւն: «Տէրը Յեզաբէլի մասին ասաց. «Շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ»։ Աքաաբ թագաւորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են կտցելու» (Գ. Թագ. 21, 23-24): «Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում։ Նրանք կոտորուեցին Դորի ակունքներում եւ եղան ինչպէս գետնի աղբ» (Սաղմ. 83, 9-10):
Աստուածաշունչ մատեանում բազմաթիւ օրինակներով յայտնի է, թէ դիակիզումն արգելուած էր Աստծու ժողովրդին: Հին Կտակարանի հետեւեալ եզրերը հաստատում են թաղումը՝ որպէս Աստծու ստոյգ պատուէր.
«Լսի՛ր մեզ, տէ՛ր։ Դու մեր մէջ Աստծու նշանակած թագաւորն ես։ Քո հանգուցեալին թաղի՛ր մեր լաւագոյն գերեզմաններից մէկում, որովհետեւ մեզնից ոչ մէկը չի հրաժարուի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց» (Ծննդ. 23, 6):
«Նրա վրայ ողբալուց յետոյ ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կը թաղէք այն գերեզմանում, ուր թաղուեց Աստծու մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրէք ինձ, որպէսզի իմ ոսկորները պահպանուեն նրա ոսկորների հետ, որովհետեւ անպայման կը կատարուի Տիրոջ այն խօսքը, որ ասուեց Բեթէլում գտնուող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների դէմ» (Գ. Թագ. 13, 31-32):
«Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին։ Եւ շիրիմը կոչուելու է «Գոգի հօտի գերեզման»» (Եզեկ. 39, 11):
Մարմինը հրկիզելու վարուելակերպը յատկապէս խորթ է Նոր Կտակարանին: Նոր Կտակարանը նոյնպէս հաստատում է թաղումը որպէս Աստծու ստոյգ հրաման (Ա. Կորն. 15, 1-58: Յակ. 1, 1-27: Հռոմ. 1, 1-32):
«Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը» (Եբր. 10, 19-20):
«Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը» (Փիլիպ. 3, 20-21):
«Դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար» (Յովհ. 5, 28):
Նոր Կտակարանում հուղարաւորութեան առաւել մանրամասն նկարագրութիւն կայ Ղազարոսի թաղման ու յարութեան պատմութեան մէջ: Յիսուս, լսելով Ղազարոսի մահուան լուրը, հառաչելով գերեզման գնաց եւ իմացաւ, որ նա չորս օր գերեզման էր դրուել (Յովհ. 11, 38-44): Յիսուս յարութիւն տուեց Ղազարոսին, որի յարութիւնը նախօրինակն էր մեր Տիրոջ թաղման եւ յարութեան: Երբ Յովհաննէս Մկրտչին գլխատեցին, «Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին» (Մատթ. 14, 12): Իսկ դարեր յետոյ՝ 1211-ին, Յովհաննէս Մկրտչի սուրբ գլուխը բերուեց Արցախ եւ ամփոփուելով Գանձասարում՝ կառուցուեց զարմանաշէն ու հրաշազան կաթողիկէ եկեղեցին՝ ի փառս Քրիստոս Աստծու եւ Իր սուրբ Յովհաննէս Մկրտչի. որը եւ նաւակատիքի օրը Գանձասարի «Սուրբ Յովհաննէս» անուանակոչուեց:
Երբ Ստեփանոս Նախավկային Երուսաղէմում քարկոծելով մեռցրին, աստուածավախ մարդիկ նրան վերցրին ու մեծ ողբ անելով՝ թաղեցին (Գործ. 8, 2): Նոր Կտակարանում արձանագրուած բոլոր մեռածները թաղուեցին: Նոյնիսկ Անանիան ու Սափիրան, երբ ստեցին Աստծուն, մեռան ու թաղուեցին (Գործ. 5, 5-10): Մատթէոսի աւետարանում կարդում ենք, թէ Քրիստոսի ժամանակաշրջանում գոյութիւն ունէր «բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար (Մատթ. 27, 7): Այս բոլոր օրինակներից պարզ երեւում է, թէ Աստուած պատուիրում է մահացածին թաղել, այլ ոչ թէ դիակիզել: Մի առիթով Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ (իւղը)» (Յովհ. 12, 7): Մի ուրիշ առիթով Տէր Յիսուս նոյնիսկ ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին» (Ղուկ. 9, 60): Սա ցոյց է տալիս, թէ Յիսուս ամբողջութեամբ ընդունում էր հրէական թաղման սովորութիւնը: Յիսուս չասաց. «Թո՛ղ որ մեռածները դիակիզեն իրենց մեռելներին»: Թերեւս ուշագրաւ է ժամանակակից դիակիզման քննադատների հետեւեալ նշումը. «Յիսուս յանդիմանում էր հրէաների շատ աւանդոյթներ, բայց մեռելների յուղարկաւորութիւնը սրանցից չէր»[3]:
Ու վերջապէս մեզ համար կարեւորագոյնը մեր Տէր Յիսուս Քրիստոի թաղումն էր: Մատթէոսի աւետարանում կարդում ենք. «Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ։ Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց» (Մատթ. 27, 59-60): Աւետարաններում կարդում ենք, թէ Տիրոջ մարմնի հանդէպ յատուկ խնամք ու հոգածութիւն ցուցաբերեցին: Նրա մարմինը մաքրեցին, ծածկեցին վէրքերը եւ անուշահոտութեամբ պատելով դրին գերեզմանում: Իսկ երեք օր յետոյ մեր Տէրը նոյն մարմնով հրաշափառապէս յարութիւն առաւ:
Հետեւաբար, ե՛ւ Հին, ե՛ւ Նոր Կտակարաններում արձանագրուած թաղման բոլոր օրինակները աստուածահաճոյ են: Ուստի, Աստծու կամքը յուղարկաւորութիւնն է եւ ոչ թէ դիակիզումը: Որպէս քրիստոնեաներ՝ մենք պէտք է կատարենք մեր երկնաւոր Հօր կամքը:
[1] Ծանրութեան հրէական չափ, որ հաւասար է 6,8 դրամի, նոյն կշռով ոսկէ կամ արծաթէ դրամ։
[2] Talmud, Sotah 14a.
[3] Norman L. Geisler and Douglas E. Potter, “Ashes to Ashes: Is burial the only Christian option? Christian Research Journal, July-Sept. 1998, 31.
Գևորգ սրկ. Գևորգյան
«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից