13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ի՜նչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար. և այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի հույսը, ձեր մեջ (Կող․ 1։27):
Մեր համայնքի սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Քրիստոս,
Շնորհավորում եմ ամենքիդ տարեմուտի կապակցությամբ և փառաբանում Ամենախնամ Աստծուն, որ ողջ, առողջ ու միասնական եմ տեսնում ձեզ այսօր այստեղ։ Փա՜ռք Երկնակալին, որ հնարավորություն և ցանկություն ունեք Նոր տարվա առաջին օրը Նրա տանը գտնվելու և գոհաբանական աղոթքներով սկսելու այս տարին։ Երախտագետ զավակը մխիթարություն և ուրախություն է ծնողի համար, ուստի մենք էլ, որպես շնորհակալ զավակներ, միանանք Դավիթ մարգարեին ու անկեղծ սրտով ասենք․ «Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները նրա» (Սղմ․ 102։2)։ Եվ թող մեր Բարեգութ Հայրը այսուհետ ևս առատորեն օրհնի ձեզ ու ձեր ընտանիքները, սիրելի՛ հավատացյալներ։
Անցյալ տարին, ցավոք, ևս ծանր էր, փորձություններով, դառնություններով ու հիասթափություններով լի հատկապես հայի ու Հայոց աշխարհի համար։ Ընդհանրապես վերջին տարիներին աշխարհում կատարվողին նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդկությունը լուրջ քննության է ենթարկվում թե՛ ընդհանուր, թե՛ անհատական մակարդակներում և ցավալիորեն չի հաջողում և ոչ մեկում։ Ասես պատմությունը կրկնվում է, և Աստվածաստեղծ մարդ-արարածը կրկին ձեռքը մեկնել է արգելված պտղին՝ «աստվածների պես» դառնալու մոլուցքով։ Մարդկային վեհ հատկանիշները, ազգային արժեքները, հավատը, բարոյականությունը, միմյանց հանդեպ սերը, նվիրվածությունը, ազնվությունը, ընդհանուրի շահը և այլն զոհաբերվում են «ես»-ի կուռքին․ միայն ինձ, միայն ես։ Իսկ թե ուր են տանում լավ սնած ու պարարտացրած էակին, կարծում եմ՝ բոլորին է հայտնի, հատկապես այս օրերին։ Օրվա ընթեցվածքում Պողոս առաքյալը խոսում է այն փառքի ճոխության մասին, որին Աստված նաև մեզ է մասնակից դարձնում Քրիստոս Հիսուսի միջոցով, իսկ մենք դեռ աշխարհի խաբուսիկ ու վաղանցուկ պատիվների հետևից ենք վազում՝ չգիտակցելով անգամ, թե ինչը ինչով ենք փոխարինում։
Մեր երկնային կյանքից ահա անցավ ևս մեկ տարի, սիրելի՛ հավատացյալներ, բազում իրադարձություններ դարձան պատմություն այլևս, որոնցում տեղ գտած մեղքերի ու սխալների համար միայն կարող ենք զղջալ ու ներում հայցել Ամենակալից։ Իսկ գալիքը մարդու համար միշտ էլ մշուշոտ է, անակնկալներով լի և չգիտեմ, թե անցյալից ինչ եք վերցրել ձեզ հետ որպես ուղեկից նոր տարում։ Չգիտեմ՝ կհասցնե՞ն սպիանալ արդյոք վերքերը, կչորանա՞ն արդյոք այն արցունքները, որ դառնությունների ու կորուստների արտացոլումն են եղել: Մեզանից և ոչ ոք չգիտե, թե վաղն ինչ ընտրություն է ինքը կատարելու, չգիտե, թե իր կյանքի որ պատմությունն է գրելու այս նոր տարում, բայց սրտեր քննող Աստված, ամեն պահի մեր կողքին գտնվող Ծնողը հրաշալի է ճանաչում մեզ ու տեսնում է և՛ մեր կատարելիք հաջորդ քայլը, և՛ դրան հաջորդող արդյունքը: Ուստի նոր տարին ճիշտ սկսելու, ճիշտ անցկացնելու, ծանր մեղքերից ու մեծ անկումներից խուսափելու և չարի լարած որոգայթները շրջանցելու համար հարկավոր է մշտապես հաղորդակցության մեջ լինել մեր Երկնավոր Ծնողի հետ: Ջերմեռանդ ու անկեղծ սրտից ծնունդ առած աղոթքը, որ հաստատուն հավատի արգասիքն է, հրաշքներ է գործում։ Միասին աղոթենք, սիրելինե՛ր, որպեսզի անխոտոր մնանք աստվածահաճո ընթացքի մեջ և Աստծու զավակներին վայել կյանք դրսևորենք: Աղոթենք համայն աշխարհի և մասնավորապես մեր քաղցր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի խաղաղության համար, մեր այն զինվոր զավակների համար, որ այժմ ծառայության մեջ են և որոնց արիության ու անձնվիրության շնորհիվ այսօր այստեղ խաղաղության մեջ աղոթքի կանգնելու անգին պարգևն ունենք: Միշտ հիշենք և չմոռանանք աղոթել մեր հայրենիքի համար իրենց արյունը հեղած փառապանծ հերոս զավակների հոգիների խաղաղության և նրանց հերոսածին մայրերի մխիթարության համար: Աղոթենք բոլոր հիվանդների ապաքինման համար, որ տկար են մարմնով, բայց աստվածապարգև ուժեղ ու անմահ հոգի ունեն իրենց շնորհված: Աղոթենք Առաքելահաստատ մեր սուրբ Եկեղեցու անսասանության համար, որ կոչված է Աստծու Երանելի Արքայության լուրը տարածելու և մոլորյալ ու տառապյալ հոգիներին փրկության ուղին մատնանշելու համար: Եվ վերջապես աղոթենք միմյանց համար, սիրելինե՛ր։ Թող Ամենազոր Տերը ավելացնի մեր հավատն ու սերը միմյանց հանդեպ, հեռու պահի նոր սխալներ գործելուց և հաստատի բարու և առաքինության մեջ: Աղոթենք հույսով լեցուն հոգիներով, չվախենաք մեզ սպասվող փորձություններից ու այն միջոցներից, որոնցով Սիրող Հայրը կուղղի մեզ և փառաբանենք Նրան թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին: Քանզի ինչպես սուրբ Պողոս առաքյալի եբրայեցիներին ուղղված թղթում է ասվում. ««Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու»: Ուստի համբերությա՛մբ ընդունեցեք Աստծո խրատը՝ իմանալով, որ նա ձեզ հետ վարվում է հոր նման: Կա՞ մի որդի, որ իր հորից հանդիմանություն ստացած չլինի: Ընդհակառակը, եթե Աստված ձեզ չհանդիմանի, ինչպես անում է իր բոլոր որդիներին, նշանակում է, թե դուք նրա որդիները չեք և խորթ եք նրան» (Եբր. 12:5-9):
Արդ, մխիթարվեցե՛ք փորձությունների և դժվարությունների մեջ գտնվող որդյակներ, քանզի Բազումողորմ Աստված չի մոռացել ձեր մասին, միայն թե դուք էլ Նրա՛ մասին մի մոռացեք: Թող երանելի առաքյալի խոսքերը սրտապնդեն ձեզ, ավելի ամրացնեն ձեր ունեցած հավատի մեջ և հույս պարգևեն, որ այս նոր տարում, Տիրոջ ողորմածությամբ կհաղթահարեք ձեզ բաժին հասած դժվարություններն ու պատվով դուրս կգաք դրանցից՝ ի փառս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի:
Թող Աստված փրկարար ապաշխարության ոգի ուղարկի ամենքիս, օգնի փոխվելու և հոգեպես նորոգվելու, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որպեսզի Քրիստոսով նորոգված մարդը լինի այս և բոլոր տարիների խորհրդանիշը։ Եվ քանի որ դժվար է մեր անորոշ ժամանակներում երազանքների կամ հեռուն գնացող տեսլականների մասին խոսել, ապա ցանկանում եմ ձեզ, որպեսզի հնարավորինս պարզ ապրեք՝ չբարդացնելով առանց այդ էլ մեր բարդ ու խճճված կյանքը։ Թող յուրաքանչյուրն ուրախանա իր ունեցած փոքր, բայց հոգու համար անչափ կարևոր բաներով։ Ունե՞ք զավակներ, թոռնիկներ՝ ուրախացե՛ք նրանցով, նրանք ձեր տան լույսն են։ Ունե՞ք տուն, աշխատանք՝ կրկին ուրախացեք, քանի որ չեք մտահոգվում հաց ու գլխի վերևում ծածկ ունենալու մասին։ Ունե՞ք հավատ, եկեղեցի գալու հնարավորություն, լավ բարեկամներ համայնքում՝ ուրախացեք ու փառք տվեք Աստծուն, քանի որ մենակ չեք և միշտ մի աղոթող կգտնվի ձեր հոգու փրկության համար։
Թող Ամենակարող Աստված, մեր Բարի ու Սիրող Հայրը օրհնի ձեզ և ձեր ընտանիքներն այս ամանորին, սիրելինե՛ր: Փրկի և ազատի փորձություններից, գայթակղություններից ու մոլորություններից: Իր Ամենախնամ Աջով հեռացնի չարը և՛ ձեր տներից, և՛ մեր ամենքի հայրենիքից։ Սուրբ Հոգու մխիթարությունն ուղարկի բոլոր սգակիր ու կարոտյալ հոգիներին։ Իր աստվածային սիրով լվանա մեր հոգիներն ախտերից, որպեսզի այսուհետև աստվածային լույսն ու խինդը բնակվեն մեր մեջ ու դրանց ճառագումը ջերմացնի նաև մեզ շրջապատող մարդկանց սրտերը: Հույսը, հավատը, սերն ու Սուրբ Հոգու մյուս անգին շնորհները թող ընկերակցեն մեզ նոր տարում, ուղեկցեն դեպի հոգևոր բարձունքներ, որպեսզի միշտ միաբանորեն ու որդիական սիրով փառավորենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան