Տարեվերջյան խոկումը «Զորավոր մանկունք»-ի երգեցողությամբ

Ինչպես ԱՀԹ-ի բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն երեքշաբթի Հանգստյան ժամերգության ավարտին կատարվում է խոկման արարողություն: Դեկտեմբերի 29-ին տարեվերջյան խոկման արարողությանն առաջին անգամ շարականներ և Սբ. Պատարագից հատվածներ երգեցին «Զորավոր մանկունք» երկսեռ, եռաձայն երգչախումբը:

Խոկման արարողությանը՝ քարոզին, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը մաղթեց ներկաներին աստվածային խաղաղություն՝ արժևորելու համար աստվածային պարգևը՝ կյանքը: Իսկ խոկումը, ըստ Տեր Հոր, անդրադարձ է մեր կյանքին, ձեռքբերումներին և բացթողումներին՝ հավատքի մեջ զորանալով առաջնորդվելու համար դեպի աստվածային անսահման կատարելություն:

«Ժամանակը ճիշտ գործածենք՝ արժանանալու համար աստվածային սիրուն և օրհնությանը: Հոգու բերկրությամբ, Սբ. Ծննդյան պահքով օրըստօրե մոտենում ենք մեր Փրկչի Ծննդյան սրբազան իրողությանը: Աստվածային սերն արտահայտվեց Իր Որդու Ծննդյամբ, այդ սերն ընդունելով մեր հոգուց ներս, Բեթղեհեմյան աստղի առաջնորդությամբ մեր սերն ու երկրպագությունը հայտնենք մանուկ Փրկչին»,- ասաց Տեր Հայրը:

Խոկման հոգենորոգ արարողության ավարտին ներկաներն աղոթեցին «Զորավոր մանկունք»-ի շուրթերից հնչած շարականներով՝ «Խնկի ծառի նման ես», «Մեծացուսցէ», «Այսօր տօն է Սբ. Ծննդյան», «Այսօր ձայնն հայրական» և Սբ. Պատարագի հետևյալ հատվածներով՝ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Տեր ողորմեա»:

Ծնունդ առնող մի նոր հրաշք, աստվածային մի պարգև է համարում Տեր Վահանը համայնքային կյանքում գործող «Զորավոր մանկունք» երգչախումբը: Տեր Հոր խոսքով, փոքրիկներն իրենց իսկ հավատով, նվիրումով և անարատ երգեցողությամբ աստվածային ներկայությունն են բացահայտում մեր մեջ: Եվ նրանք շատ ու շատ անգամներ, լուսավորվելով Բեթղեհեմյան աստղի լույսով, լուսավորելու են իրենց շուրջն իրենց իսկ երգերով:

Տեր Վահանը ներկաների անունից իր շնորհակալությունը հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հայրական օրհնությամբ է գործում «Զորավոր մանկունք» երգչախումբը: Շնորհակալություն հայտնեց նաև հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, ում անմիջական նախաձեռնության, սիրո և նվիրումի արդյունքն է երգչախումբը, ինչպես նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանին և զորավոր մանուկներին:

Արարողության ավարտին Տեր Գրիգորն ու Տեր Վահանը Սրբազան Հոր կողմից նվերներ հանձնեցին «Զորավոր մանկունք» երգչախմբին:

Ինչպես նշեց երգչախմբի խմբավար Գոհար Հարությունյանը, երգչախումբն երգեց «Այսօր տօն է Սբ. Ծննդյան» շարականի երկու մշակումներ, որոնց հեղինակը միջնադարյան երաժշտության մասնագետ, հայկական վիոլայի մենակատար, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանն է: Շարականի երկրորդ մշակումը կոմպոզիտորի ամբողջական աշխատանքն էր՝ հիմքում ունենալով ժողովրդական մոտիվը: Կոմիտասյան մշակումներից երեխաները կատարեցին «Այսօր ձայնն հայրական»-ը, «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» և «Տեր ողորմեա»-ն:

Տարեվերջյան խոկման արարողությունը հոգևոր անսպառ լույսով լուսավորեց և լիացրեց ներկաների հոգին:

 

Կարինե Սուգիկյան

29.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․