25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այո՛, այսօր տոն է, հայ ժողովրդի կողմից շատ սիրված, ազգային սովորություններով, երգ ու պարով համեմված մի սքանչելի տոն և դրանից շողարձակող լույսն է, որ այսօր ամենքիս համախմբել է մեր Երկնավոր Ծնողի Տանը: Սակայն շտապում եմ պարզեցում մտցնել խոսքերիս մեջ, որ այն լույսը, որի մասին խոսում եմ, ամենևին էլ ժողովրդական տոնակատարության խարույկներից ծագածը չէ, այլ այն աստվածայինը, որ այսօրվա Տեառնընդառաջի տոնի խորհուրդն է իր մեջ կրում: Սա այն երկնային լույսն է, որ ծագում է Տիրոջն ընդառաջ ելնողների համար:
Մարդկային ցեղի անկումից ու դրախտից վտարվելուց ի վեր համայն մարդկությունը, ծնողից զրկված զավակի պես, մոլորված դեգերում էր աշխարհի խավարում, սրտի խորքում սպասելով այն երանելի հանդիպմանը, որ բազմաթիվ մարգարեների շուրթերով Ամենախնամ Հայրն էր խոստացել: Մարդկության դարավոր այս սպասումն Ավետարանում ներկայացվում է բարեպաշտ Սիմեոն ծերունու միջոցով, ում Տերը խոստացել էր, որ մահ չի տեսնելու մինչև Տիրոջ Օծյալին չտեսնի (Ղուկ. 2:25, 26): Եվ ահա, Փրկչի Ծնունդից քառասուն օր անց, երբ լրացավ ծիսական մաքրության ժամանակը, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին Տաճար տարան Աստծուն ընծայելու կամ ներկայացնելու համար, ինչպես որ օրենքում էր ընդունված: Եվ Սուրբ Հոգին, որ ամբողջ ժամանակ այդ աստվածավախ ծերունու հետ էր, հուշեց նրան, որ երկար սպասված հանդիպման ժամը հասել է: Եվ ահա՛ արդար ծերունին ընդառաջ գնաց իր Փրկչին ու երանական ցնծությամբ իր ձեռքերի մեջ առավ Նրան: Սա մեծագույն մի իրադարձություն է, սիրելինե՛ր, ցնծալի մի տոն, որովհետև այդքան դարեր անց Երկնավոր Հոր և Իր անհնազանդ զավակի հանդիպումը կայացավ: Ինչպես միշտ Աստված Իր խոստման Տերը եղավ և հուսախաբ չարեց Իրեն փնտրող ու սպասող մարդկությանը: Ի դեմս Սիմեոն ծերունու՝ մեզանից յուրաքանչյուրն է Տիրոջը հանդիպում, եթե անխախտ հավատով փնտրում է Նրան: Ի տարբերություն հին աշխարհի, երբ մարդիկ դարեր շարունակ մարմնացյալ Փրկչի երկիր գալուն էին սպասում, այժմ սա արդեն կատարված իրողություն է: Մենք կարիք չունենք սպասման մեջ տրտմելու, որովհետև մեր Փրկիչն արդեն եկել է: «Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. Որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7:7, 8), հորդորում է Տերը։ Փրկչի այս խոսքերը բնականաբար առաջին հերթին Աստծուն և աստվածայինը փնտրելու մասին են, քանի որ դրանցից առաջ ասում է. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է։ Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:32-34)։
Հարազատ եկեղեցու գիրկը դարձած հավատացյալներից շատերը, և միգուցե ձեզանից ոմանք էլ, կփաստեն, որ Աստծո հետ իրենց հանդիպումն իսկապես կայացել է ի սրտե Նրան գտնելու փափագից, խնդրանքներից ու որոնումներից հետո: Այս ճանապարհով անցած մարդիկ կվկայեն, թե ինչպիսի զարմանահրաշ կերպով է Երկնավոր Հայրն իր որդեգրյալ զավակի քայլերը դեպի Եկեղեցի ուղղել, որպեսզի այս հոգատար հարկի ներքո Իր զավակները սթափվեն մեղքերի կործանարար թմբիրից ու նոր կյանք սկսեն: Այո՛, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, սա անսահման սիրով, քնքշությամբ և հոգատարությամբ լի հանդիպում է, որ աշխարհի գայթակղություններից մոլորված և իրեն կրկին կյանք պարգևող Աղբյուրը գտած մարդու հոգին աստվածային անսպառ ջերմությամբ է լցնում: Սա այն պահն է, երբ մեղքերի գերության տակ կքած մարդը վերջապես հասկանում է, թե որն է իրական ազատությունը և տառապանքով լի այս աշխարհում ուրախություն է գտնում Քրիստոսով:
Մարդու և Աստծո հանդիպումը Եկեղեցում, և մանավանդ Սուրբ Պատարագի ժամանակ, մի այլ հարթակի վրա է կայանում, երբ փրկչական Մարմնի և Արյան հաղորդության միջոցով ոչ միայն հանդիպում, այլև միավորվում են Արարիչն ու Իր արարածը: Սակայն, սիրելինե՛ր, պետք է վստահեցնեմ ձեզ, որ այս երանելի հանդիպումը տեղի է ունենում ամենուր՝ հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում, փողոցներում, երբ մարդ արարածն օգնության ձեռք է մեկնում իր նմանին՝ նրա մեջ իր սիրելի Աստծուն տեսնելով: Այս հանդիպումը տեղի է ունենում կարիքավոր ընտանիքներին օգնելիս, դժվարին իրավիճակում հայտնվածին չանտեսելիս, քո նմանին սիրով ու բարությամբ վերաբերվելիս: Կասեք դժվա՞ր է: Իսկ ես կասեմ ո՛չ: Երբ դադարենք Աստծո պատվիրանների մեջ ընտրություն կատարել և ուղղակի անենք այն, ինչ Իմաստության Աղբյուրն է ասում, ապա կհարատևենք Աստծո հետ հանդիպման մեջ ու Նրան մեր սրտում կրողները կլինենք: Հիշեցի կոշկակարի մասին այն առակը, որում մի կոշկակար, հիվանդության պատճառով, չկարողացավ եկեղեցական տոնին մասնակցել ու շատ տրտմեց, սակայն Աստված խոստացավ այդ օրն այցելության գնալ նրան: Առաջին անգամ մի փոքրիկ տղայի տեսքով այցելեց, որի կոշիկների միակ զույգը պատռվել էր և աղքատության պատճառով նորը գնելու հնարավորություն չուներ: Երկրորդ անգամ մի աղքատ կնոջ կերպարանքով եկավ, ով գումար չուներ իր վերանորոգված կոշիկների համար վճարելու և կոշկակարն, այս անգամ էլ, անվճար արեց իր գործը: Եվ երրորդ անգամ մի անցորդի տեսքով հայտնվեց, ով գիշերելու տեղ չուներ և իրապես աստվածավախ այս մարդն իր անկողինը նրան տվեց:
Սակայն կրկին վերադառնանք մանուկ Հիսուսի տաճարին ընծայման ավետարանական ժամանակներին: Աստվածամանուկի և Սուրբ Հոգուն իր մեջ ունեցող ծերունու հանդիպումը տաճարում կայացավ: Սակայն այդ պահին և հետագայում էլ, Հիսուսի ողջ երկրային կյանքի ընթացքում, ներկա էին նաև այլ մարդիկ: Դրանք, օրինակ, այն ժամանակներում ապրող փարիսեցիներն էին, որ խիստ կրոնավոր և օրենսգետ մարդիկ էին համարվում, արտաքնապես անբասիր վարք ունեին, սակայն խաչեցին Քրիստոսին: Ինչո՞ւ, հարց եմ տալիս ձեզ: Այո՛, որովհետև նրանց կրոնասիրությունն արտաքին բնույթ էր կրում լոկ, իսկ հոգում նախանձ ու մաղձ էր միայն: Սրանք իրենց այնքան անթերի էին համարում, այնքան էին մեծամտացել իրենց գիտելիքներով, որ հպարտության այդ մշուշի միջից չկարողացան տեսնել, որ Տիրոջ Օծյալը, որի մասին իբրև այդքան շատ գիտեին իրենք, արդեն իրենց կողքին է: Մահացու մեղքերից կուրացած նրանց հոգիներն ի զորու չեղան տեսնելու բաղձալի հանդիպումը և հավիտենական կորստի դատապարտեցին իրենց:
Սիրելինե՛ր, աստվածային օրենքները հաստատվում են Աստծո և մերձավորի հանդեպ տածած անկեղծ սիրո մեջ, ուստի հույս եմ հայտնում, որ այսօր այստեղ եղողներս միայն արտաքնապես չէ, որ քրիստոնյա ենք: Ուզում եմ հավատալ, որ Աստծո հետ հանդիպումն իսկապես կայացել է ու արմատացել մեր հոգիներում: Իհարկե, ցավալի է նշել, որ քիչ չեն մարդիկ, ովքեր պատրաստ են խստորեն հետևել եկեղեցական կանոններին, արտաքնապես անթերի ներկայանալ, սակայն ոչ մի քայլ չանել իրենց ներսում կուտակված չարությունն ու մաղձը մաքրելու համար: Իսկ որտեղ այդպիսի արատավոր երևույթներ են, այնտեղ անհնար է հանդիպել Աստծուն, քանզի Տերը լույսի ու սիրո մեջ է բնակվում: Ձեզ եմ հարցնում, սիրելի՛ քրիստոնյաներ, ինչպե՞ս կարող եք ասել, թե կատարում եք առաջին մեծագույն պատվիրանը և սիրում եք Աստծուն կամ աստվածավախ եք, եթե ի զորու չեք այդ պատվիրանի անբաժան մասը կատարել, այն է «սիրիր մերձավորիդ քո անձի պես» (Մատթ. 22:36-39): Թե կփորձեք համոզել ինձ, որ ձեր հանդեպ էլ եք նույն անտարբերությամբ, չարությամբ ու նախանձով վերաբերվում… Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, սովորեք վերջապես աստվածակերպ մարդուն տարանջատել իր մեղավոր ախտերից, և ձեր սերը նրա նկատմամբ ցուցաբերեք ձեր սրտաբուխ աղոթքներով, բարի կամեցողությամբ օգնելով նրան ձերբազատվել իր թուլություններից կամ գոնե չբամբասելով ու չչարախոսելով նրանից: Միշտ անմար պահեք ձեր սրտերում քո նմանին չդատելու և գնահատականներ չտալու աստվածային պատգամը:
Օրը տոնական է, սիրելինե՛ր, և միայն կամեցա, որպեսզի դրա ոչ միայն ազգային, ավանդական մասը տպավորված լինի ձեր մտքերում, այլ իր մեջ պահված խորհրդի կարևորությունը մղի ձեզ այս սքանչելի տոնի հիշատակմանը: Մաղթում եմ, որպեսզի Մեծ Պահքի շրջանին համընկած այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ձեզ մղի անկեղծ ինքնաքննության, զղջման ու ապաշխարության: Թող Ամենազոր Աստծո անսահման ողորմածության շնորհիվ լսելի դառնան ինքնամաքրման ձեր աղոթքները, որպեսզի ամենքդ էլ արժանի դառնաք Տիրոջ հետ հանդիպմանը: Թող ձեր հոգիները բաց լինեն այդ հանդիպման համար, պատրաստ լինեն լսել, խոսել ու հասկանալ: Արդար և աստվածավախ Սիմեոն ծերունու նման դուք էլ Տիրոջը ձեր սրտերում կրեք, որպեսզի մի օր դուք էլ կարողանաք նրա պես ասել. «Այժմ, ո՛վ Տեր, համաձայն քո խոստման՝ թող որ քո ծառան մեռնի խաղաղությամբ, քանզի աչքերս տեսան Փրկչին, որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին» (Ղուկ. 2:29-31): Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան