Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Մարտի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ժողովի սկզբում Նավասարդ Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հայրական օրհնությունը։

Սրբազան հայրը, բարձր գնահատելով Ազգային ակադեմիայի գործունեությունը, հայ գիտնականի՝ առավելագույնին ձգտելու և հայ միտքը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու առաքելությունը, մաղթեց, որ Տիրոջ զորակցությամբ և աստվածային իմաստությամբ պտղաբեր լինեն հայ գիտնականների ջանքերը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձավ հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը:
Ակադեմիայի անդամների ելույթներից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց գիտնականներին հուզող հարցերին։



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

17.03.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․