23 Նոյեմբեր, Շբ
«Նռան պինդ կեղևը մեր հավատքի զորավոր վահանն է, որի վրա առկա է հավատքի թագը»: Գրիգոր Տաթևացի
Նախաքրիստոնեական ժամանակներում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ է պահպանվել հայկական մշակույթում և արվեստում: Նռնենին իր կարմիր պտուղներով հայ մշակույթում հանդես է եկել որպես կենաց ծառ և խորհրդանշել հայ ժողովրդի հոգևոր աշխարհը և միասնությունը:
Վաղ միջնադարից սկսած նուռը, այլ բուսական մոտիվների հետ միասին, տեղ է գտել հայկական եկեղեցական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստների բոլոր ճյուղերի, մանրանկարչության և խաչքարագործության մեջ: Միջնադարյան մեր հանճարեղ ծաղկողներն ու վարդապետները կարողացել են ստեղծել Հայոց եկեղեցու աստվածաբանական մտքի նռան մեկնությունը: Նռնենին տեղ է գտել Սուրբ Ավետարանների խորանների մեկնություններում, որոնք հեղինակել են Ստեփանոս Սյունեցին, սուրբ Ներսես Շնորհալին, սուրբ Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Խլաթեցին (Ծերենց), Պողոս Րաբունապետը, Թորոս Ռոսլինը, ինչպես նաև ԺԱ-ԺԷ դարերի անանուն հեղինակները:
Դարեր շարունակ նուռը հայկական ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է որպես տարատեսակ հիվանդությունների դեմ սպեղանի: Գուցե նաև սա է պատճառը, որ Հայոց եկեղեցու հայրերը այս «թագակիր» պտղի մեջ տեսան Քրիստոս Աստծո կերպարը, Ով Իր զոհաբերությամբ և հրաշափառ Հարությամբ փրկագործեց մարդկությանը:
Հոգևոր վերածննդի խորհրդանիշ նուռն այսօր տեղ է գտել եկեղեցական գեղեցիկ արարողակարգում: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հաստատվել է մի բարեպաշտական ավանդույթ՝ նռան օրհնություն:
Նուռն իր հոգևոր խորհրդաբանությամբ նաև ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղևն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք), Որդուն (հույս) և Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) և Երկնի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդը հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը` փորձություններն ու նեղությունները և հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազմը` մուտք գործելով Երկնքի արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոս Դ 7-8):
Հոգևոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ, ուստի հենց Ամանորի շեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է և հոգեշահ. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծո շնորհի, որ տրված է ինձ, բայց ուրիշն է, որ շինում է. սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է շինում, որովհետևւ այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան այն դրված հիմքը, որ է Հիսուս Քրիստոս» (Ա Կորնթացիներ Գ 10-11) :
... Ես վերցնում եմ երկու նուռ և շտապում եկեղեցի. մեկը՝ անցած տարվա յուրաքանչյուր օրվա համար, մյուսը՝ գալիք օրերի: Աստծո տանը հաշիվ եմ տալիս ինքս ինձ, թե ինչ հասցրեցի անել անցնող տարում մեր երկրի, Հայոց եկեղեցու համար և դեռ ինչ ծրագրեր պետք է իրագործեմ հաջորդ տարում: Ծրագրերը շատ են, մեր առջև ծառացած հոգևոր մարտահրավերները՝ բազմաթիվ: Այդ պահին միայն մի բան եմ խնդրում Բարձրյալից, որ Նա զորավիգ լինի բոլորիս՝ ամուր պահելու առաքելահաստատ մեր եկեղեցու հիմքերը և մեր պետության նավը հասցնելու գալիք դարերին՝ կառուցելով մեր պապերի երազած հզոր Հայրենիքը: Գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգը: Նռնօրհնեքով ավարտվում է հին տարին և սկսվում է նորը: Ծեսից հետո քահանան օրհնում է ներկաներին, շնորհավորում Ամանորը և օրհնված պտուղը բաժանում հավատավոր ժողովրդին: Եվ իմ մտքում վերարթնանում է Մեսրոպ Թաղիադյանի խոսքերով և Կոմիտասի երաժշտությամբ ստեղծված չքնաղ ստեղծագործության բառերը, որոնք դարձել են ազգահավաքի երազանքի աղոթք ու մաղթանք.
«Տեր, կեցո դու զհայս և արա զնոցա պայծառս,
Կեցո դու զհայս կեցո դու զհայս՝
Զողորմություն վերին հաճեա ձոնել նոցին,
Զի նովիմբ մարդասցեն ապրել հաստիս՝
Հաստիս, հաստիս, հաստիս,
Զի նովիմբ մարդասցեն ապրել հաստիս՝
Ով տեր մեր, տեր՝ փութա
Զազգ մեր համայն փրկեա ի թշնամեաց,
Կափո զաչս նոցուն
Հատ զամատույն զբուն
և զազգ մեր պարտասուն արա հզոր...»:
Պատրաստեց Հասմիկ Պողոսյանը
Սկզբնաղբյուր՝ Շողակն Արարատյան երկշաբաթաթերթ