25 Նոյեմբեր, Բշ
Մի երգիչ ծանր հիվանդանում է և երկար ժամանակ անկողին ընկնում: Շատ է տխրում, որովհետև մտածում է, թե ինչքան բարի ու աստվածահաճո գործեր կարող էր անել, եթե առողջ լիներ, թե ինչքան իմաստալից ու բովանդակալից ստեղծագործական կյանք կարող էր ունենալ, և կարծես, թե Աստված ինչո՞ւ է դեմ այդ ամենին, քանի որ իրեն առողջություն չի պարգևում: Եվ մի անգամ էլ այսպես խորհելով զգում է, որ իր ուժերը վերականգնվել են: Կեսօրին արագ վեր է կենում անկողնուց ու ուրախությամբ սկսում ծրագրեր կազմել, թե այսուհետ ինչպիսի կարևոր և հռչակավոր գործեր պիտի իրագործի ու հանդիսատեսների առջև երգի: Մի լույս է փայլատակում, տեսնում է իրեն մոտեցող Աստծո հրեշտակին և ինքնագոհ ասում.
-Ահա Աստծո հրեշտակն էլ եկավ, որպեսզի ինձ զորացնի ու աջակցի:
Հրեշտակը խոսում է.
-Մի՞թե կարող ես քո ծրագրերով ու գործերով զարմացնել Աստծուն, Ով արարել է երկիրն ու երկինքը և համայն տիեզերքը: Ես եկել եմ, որովհետև Երկնավոր Հորը քո փրկությունն է մտահոգում հավիտենականության մեջ:
Երգիչը ոգևորված պատասխանում է.
-Ես իմ փրկության մասին էլ կմտածեմ:
Հրեշտակը շարունակում է.
- Արդյո՞ք չես նկատում, որ այսօր արևածագից դու արդեն հանդերձյալ աշխարհում ես գտնվում…
Ավետարանը զգուշացնում է. Ինչ արժեք ունի, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես (Մատթ. 16.26): Մարդի'կ, ձեր փրկության մասին մտածեք: Ամեն վայրկյանն էլ թանկ է, որովհետև չգիտես, թե հաջորդ պահին արդյո՞ք այլևս երկրի վրա կլինես, թե՞ արդեն հանդերձյալ աշխարհում:
Հովհաննես Մանուկյան