«Թզենու անիծումը» առակի պատկերագրական կառուցվածքը

Քրիստոսի առակները մանրանկարչության մեջ հազվադեպ են պատկերվել: «Թզենու անիծումը» այլաբանական առակը (Մատթ. 21:19-20) ներկայացնող նկարները հիմնականում ունեն պատկերագրական պարզ կառուցվածք. Քրիստոս կանգնած թզենու դիմաց նայում է ծառին, ծառը բազմատերև ու սաղարթախիտ է, բայց անպտուղ: Այստեղ արտացոլված է ավետարանական այն պատմությունը, որտեղ պատմվում է, թե Հիսուս Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց, ճանապարհի վրա մի թզենի տեսավ, մոտեցավ նրան, բայց տերևներից բացի վրան ոչինչ չգտավ և թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ: Այս դրվագն ունի խորհրդանշական և բարոյական իմաստ:

Քանի որ առակների համար չեն եղել պատկերագրական կայուն սխեմաներ և դրանք այնքան հաճախ չեն պատկերվել, որքան Քրիստոսի հրաշքները, ուստի առակները պատկերող նկարներում շեշտը դրվում է ավելի գաղափարաբանական-իմաստային, քան պատկերագրական կողմի վրա: Մեկնություններում չորացած թզենու համար այլաբանական տարբեր բացատրություններ են տրվել: Միջնադարյան մեկնիչները գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների համար կատարվող ողորմածությունն է: Քրիստոս այս թզենին չորացրեց, որովհետև դրա տերը պետք է Աստծու պարգևած բերքից ու պտղից բաժին հաներ ու թողներ աղքատներին ու երկնքի թռչուններին: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով:

Մատենադարանի № 7651 Ավետարանում շուրջ երեսուներեք մանրանկարներ ներկայացնում են Քրիստոսի առակները: Սովորաբար «Թզենու անիծումը» առակը բյուզանդական մանրանկար տեսարաններում Քրիստոսը պատկերվում է մեկից մինչև մի քանի առաքյալների հետ: № 7651 Ավետարանի նկարիչը հրաժարվել է առաքյալների պատկերումից: Էջի լուսանցքում սուր տերևներով ոլորազարդ արմավատերևների հետ նկարել է Քրիստոսին բարկության ժեստով դեկորատիվ ծառի առջև, որի կողքին ժայռ է պատկերված:

1306 թ-ին Վասպուրականում գրված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրում թզենու անիծումը ներկայացված է պատմողական մանրամասներով: Ընդունված կանոնի համաձայն՝ նկարի եզրում թզենին է, որի կանաչադեղնավուն գույնը և ներքև թեքված ճյուղերը ցույց են տալիս Հիսուսի խոսքերին հաջորդած չորացումը: Ճյուղերը որքան ներքև են իջնում, այնքան տերևազուրկ են դառնում, որը խորհրդանշում է, որ այն սկսել է չորանալ արմատից և արդեն թափվել են տերևները: Թզենու դիմաց Քրիստոս և առաքյալներն են: Աշակերտները կենտրոնացած հայացքով նայում են Հիսուսին և թզենուն: Քրիստոս, թզենին անիծելով, մեզ ավանդեց, որ արտաքին բարեպաշտությունից բացի, հարկավոր է ունենալ նաև բարի գործերով և ողորմածությամբ աճեցրած փրկության պտուղը:

Քանի որ այս թեմայով նկարները ունեն պատկերագրական պարզ կառուցվածք, ուստի դրանք ոչ միայն առանձին նկարներով են ներկայացվում, այլև ավետարանական պատմության համապատասխան հատվածի լուսանցքներում: Հեթում Բ արքայի Ճաշոցում (1286թ.) թզենու անեծքը պատկերված լուսանցանկարում, սովորական ոսկետերև շրջանակում, որ վեր է ձգվում բավական բարդ և խոշոր գագաթով, պատկերված է Քրիստոսը. ավելի ցած, լուսանցազարդի կողքերին, երկու թզենիներ են, մեկը՝ դեռ կանաչ, մյուսը՝ դեղին, արդեն չորացած:

«Թզենու անիծումը» պատկերը տոգորված է հետևյալ գաղափարաբանությամբ՝ մտածել վերջին օրվա մասին և պատրաստ լինել, քանի որ դատը գալու է անժամանակ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

29.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․