13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ո՜վ Քրիստոս, քո աստվածության անճառելի լույսը այսօր ծագեցիր խաչի վրա, որ Վարագ լեռան վրա է. օրհնյալ ես Տեր, Աստված մեր հայրերի» (Շարական)։
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Աստծու անսահման ողորմությամբ և օրհնությամբ Հայոց հողն ու Հայ եկեղեցին մի սքանչելի տոնի են արժանացել, որ նշում ենք այսօր։ Վարագա Սուրբ Խաչի պայծառ ու խորախորհուրդ տոնն է դա, որ կրկնակի է մեր՝ Զորավոր եկեղեցու համար, քանի որ նաև մեր ուխտի օրերից մեկն է՝ այս սրբազան հարկի տակ պահվող Խաչափայտի մասունքի շնորհիվ։ Թող Բարերար Աստված ընդունի ամենքիդ ուխտն այսօր և ի կատար ածի Իր սուրբ կամքի համաձայն։
Երրորդ դարի վերջերին սուրբ Հռիփսիմե կույսի ձեռամբ Տիրոջ ամենաօրհնյալ խաչի մասունքը բերվեց Հայաստան աշխարհ և ի պահ տրվեց մեր սուրբ հողին։ Շուտով նրա գտնվելու վայրը մոռացվեց և երկու դարից ավելի անցնելուց հետո մարդասեր Քրիստոս, անսալով Թոդիկ վանականի և նրա Հովել աշակերտի ջերմեռանդ ճգնություններին ու երկյուղած աղոթքներին, խաչանիշ լուսեղեն սյուների միջոցով բացահայտեց սուրբ մասունքի գտնվելու վայրը։ Փա՜ռք Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա Սուրբ Խաչին Իր անեզր սիրո և ողորմածության համար։
Սիրելի՛ հավատացյալներ, երկու հարյուր և ավելի տարի սուրբ մասունքը թաքնված էր մարդու աչքից Վարագ լեռան սրտում։ Ես չգիտեմ՝ այդ ընթացքում եղել են արդյոք այլ փնտրողներ, թե ոչ, սակայն ուզում եմ ընդգծել մի կարևոր փաստ․ անգամ երկու հարյուրամյակ անց Աստված լսեց ընդամենը երկու հոգու անկեղծ աղերսներն ու ընդունեց ընդամենը երկուսի անկեղծ ճգնությունները և այդ երկուսի շնորհիվ աննկարագրելի գանձ և օրհնություն պարգևեց մի ողջ ազգի։ Շատ կարևոր է սա հիշել և մտածել սրա մասին այսօր, քանի որ վաղը քառասունչորսօրյա նենգ պատերազմի և դրա ավերիչ հետևանքների տարելիցն է։ Մեկ տարի է արդեն, որ մենք կորցրել ու կորցնում ենք մեր անգին հայրենիքի անփոխարինելի մասերն ու թանկագին զավակներին։ Ծանր փորձության է բախվել մեր տունը, մեր մեծ ընտանիքը կորուստներ է կրում։ Ասես սրբությունը կրկին թաքցվել է լեռան կրծքում՝ անհավատ ու կեղծավոր աչքից հեռու, բայց ոչ առհավետ, այլ ժամանակավորապես, մինչև անկեղծ, խոնարհ, սիրով, նվիրվածությամբ ու ջերմեռանդությամբ լի աղերսները կրկին կթակեն Աստծու դուռն ու Նրա գութը կշարժեն Հայոց հինավուրց հողի համար։
«Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ» (Հովհ․ 21։15-17), «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ բժշկել» (Մտթ․ 9։29), «Կամենո՞ւմ ես առողջ լինել» (Հովհ․ 5։6), «Միթե դո՞ւք էլ ուզում եք գնալ» (Հովհ․ 6։68), սրանք Քրիստոսի հարցերն էին, որ դարերի միջով բոլոր քրիստոնյաներին ուղղվելով, եկել ու մեզ են հասել այսօր։ Այս հարցերի պատասխանները մակերեսային, անփութորեն նետված ու անմտածված չեն կարող լինել։ Այս հարցերի պատասխանները ձեզնից յուրաքանչյուրը պիտի իր սրտից լսի՝ լռելուց, խորհելուց և իրեն անկեղծորեն քննելուց հետո միայն։ Ես հավատում եմ, որ մեծ մասի պատասխանը դրական է լինելու, և անկեղծորեն՝ դրական․ «Այո՛, Տեր իմ Հիսուս Քրիստոս, ես մեղավոր եմ, անարժան եմ Քեզ, բայց սիրում եմ և փորձում, ձգտում եմ մոտենալ Քեզ հնարավորինս։ Փորձում եմ ուղղվել ու հնարավորինս համապատասխանել իմ կոչմանը։ Ուզում եմ Քեզ մոտ լինել ու երբևէ չհեռանալ, դառնություններս Քեզնով քաղցրացնել և վշտերս Քո պարգևած փրկության հույսով փարատել»։ Երբ թույլ տաք, որ ձեր սիրտն անկեղծորեն խոսի, դրանից հետո նա կհուշի ձեր հետագա քայլերը, թե ինչպես կյանքի կոչեք ձեր իրական զգացմունքները, նպատակները և ձեր քրիստոնեական կոչումը։
Այսօր մեր հայրենիքը և մեր հայրենակիցները վիրավոր են։ Այսօր մեր հայրենիքը կքել է իր խաչի ծանրության տակ, որովհետև իր զավակների մեջ գնալով պակասում են Սիմոն Կյուրենացիները, որոնք այդ ծանրության մի մասն իրենց ուսերին կառնեին։ Ցավոք, այսօր շատերը, նաև իրենց քրիստոնյա կոչող, ուզում են ազատվել սեփական խաչից, չնկատել ուրիշներինը, չպայքարել, չտքնել, չաշխատել սեփական սխալների վրա, դժվարություններ չկրել, չօգնել ուրիշներին նրանց խաչը կրելիս, մոռանալով, որ դրախտի ճամփան կառուցված է հենց խաչի վրա և խաչն է միայն, որ այնտեղ է հասցնում (հմմտ․ Մտթ․ 16։24)։ «Մենք մեզ համար քրտինք անգամ չենք կարողանում թափել, իսկ Նա մեզ համար Իր արյունը հեղեց»,- շատ դիպուկ նկատել է մեր ժամանակակիցներից մեկը։ Եվ սա մարդկանց մեծամասնության հիվանդությունն է այսօր՝ փախչել խնդիրներից ու դժվարություններից, պայքարելու և դրանք լուծելու փոխարեն։ Հարմարավետ կյանքի մոլուցքը մարդկանց դարձրել է անտարբեր, ամեն ինչի հարմարվող, փոքրոգի, թույլ ու վախկոտ։ Դարձրել է նաև անհեռատես, քանի որ չեն հասկանում, որ այսօր մի դժվարությունից փախչելով, վաղն ավելի մեծին են բախվելու, և խաչը, թեթևանալու փոխարեն, ավելի ու ավելի է ծանրանալու։ Կարծում են, որ Քրիստոսից հրաժարվելով, խաչը չընդունելով, կխուսափեն փորձություններից։ Ինչպիսի՜ անմտություն։ «Շատերը չկարողացան հասկանալ, որ Խաչը տիեզերքի իրական ու անճանաչելի հիմքն է, որ այն Արարիչի կնիքն է Իր ստեղծածների վրա»,- ճշմարտացիորեն նկատում է սուրբ Հովհան Ոսկեբերանը։ Նայե՛ք աշխարհին, սիրելի՛ հավատացյալներ, ու ցավը կտեսնեք ամենուր՝ անկախ հավատից ու ազգությունից, սեռից ու տարիքից։ Չկա մի մարդ որ խնդիրների, ցավերի ու փորձությունների հարուստ պատմություն չունենա։ Ոչ մեկը չի կարող խույս տալ հիվանդություններից, մահից, կրքերից, հոգևոր ախտերից։ Յուրաքանչյուրի ցավն իրենն է, և ինքը գիտի դրա ծանրությունը։ Միայն մի բայց կա այստեղ, մի մեծ ու կարևոր բայց, սիրելինե՛ր․ ճշմարիտ քրիստոնյան, ով առանց տրտնջալու, ծածուկ երախտագիտությամբ և Աստծուն հավատարմությամբ մինչև վերջ տանում է իր խաչը, անպայմանորեն շատ շուտով զգում է, որ այն աստիճանաբար թեթևանում և բավականին դյուրակիր է դառնում՝ շնորհիվ Քրիստոսի օգնության։ Իսկ սա իսկական երջանկություն է, սիրելինե՛ր․ շոշափելիորեն զգալ, որ Ամենակարող, Արարիչ Աստված քո կողքին է և հոգ է տանում քեզ պես նվաստին։ Նա գործում է Իր հավատարիմների, Իր նվիրյալների միջոցով, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք ևս այդ ցանկում ենք։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ ամենքս էլ սիրով և պատրաստակամությամբ ենք դառնում Քրիստոսի օգնող ձեռքը այս աշխարհում, Նրա աջակից ուսը, որ իր վրա է վերցնում մերձավորի խաչի ծանրության մի մասը։ Եվ մի՛ նայեք, թե աշխարհն ինչպես է ապրում, ինչ է քարոզում։ Մի՛ գայթակղվեք ուրիշների առերևույթ անհոգ կյանքով․ դուք չեք տեսնում վարագույրի մյուս կողմը, դուք նրանց խնդիրների, նրանց ցավի իրական չափը չգիտեք։ Ուստի մի՛ խաբվեք թեթև կյանքի կեղծ հրապույրներով։ Անդավաճա՛ն մնացեք ձեր խաչին ու Խաչյալին։ Անդավաճա՛ն մնացեք ձեր իրական էությանը, որ Աստվածային ու Աստվածակերպ է։ Մի՛ կորցրեք որդիական այն պատիվը, որ յուրաքանչյուրդ Քրիստոսի անարատ արյան և իր վերքերի գնով է ստացել։ Ամեն մեկն ինքը գիտի իր անցած ճանապարհը և այն գինը, որ վճարել է Խաչյալ ու Հարուցյալ Քրիստոսին հասնելու համար։ Արդ ամուր փաթաթվեք Փրկչի ոտքերին, պինդ կառչեք Նրա փեշից, քանի որ առանց Նրա ապրած կյանքի արժեքը հրաշալի գիտեք։ Ձեր խաչը սիրով ու պատվով կրեք, ձեր մերձավորներին օգնելով կրեք և մի օր կտեսնեք, որ ծանրություն համարյա թե չեք զգում։ Նայե՛ք ձեր շուրջբոլորը, տեսե՛ք՝ քանի՜- քանի անտուն, անզավակ ու անծնող ընտանիք կա ձեր կողքին։ Քանի՜ հիվանդ, հաշմանդամ ու վշտակիր հոգի կա ձեր շրջապատում, որ հենց ձեր օգնության կարիքն ունի։ Խաչի զորավոր լույսը մի՛ թաքցրեք մահճակալի տակ, մի՛ մարեք անտարբերությամբ ու անգործությամբ․ այն ձեզ այլ նպատակով է տրվել։ Մի քիչ հոգնեք, բայց կերակրեք, հագցրեք, այցելեք, սովորեցրեք, ժամանակ ու միջոց ծախսեք մեկ այլ մարդու համար և մի՛ ափսոսեք՝ գիտակցելով, որ Աստծուն եք հնարավորություն տալիս ձեր միջոցով գործելու, և ինչ, որ Քրիստոսի փոքր եղբայրներից մեկին եք անում, Նրա համար եք անում (Մտթ․ 25։40)։ Եվ վստահ եղեք, որ շատ շուտով Աստծու փրկաբեր լույսը կրկին կշողա Հայոց երկնակամարում։ Ուստի «մեծ փութաջանությամբ դրոշմենք Խաչը մեր ճակատին ու սրտին, քանի որ մեր փրկության, ժողովրդի ազատության և Տիրոջ հեզության ու հաղթության նշանն է այն» (սբ․ Հովհան Ոսկեբերան) և աղոթենք միասին մեր հոգու, մեր ընտանիքների, մեր ազգի ու հայրենիքի համար՝ ասելով․ «Տե՜ր Քրիստոս, Որդիդ Դու՝ բարձրյալ և Մեծ Աստծու. պահի՜ր ու պահպանիր երկնային զորքիդ շրջափակությամբ, բոլոր հողմերից ու խաբողներից՝ Լուսեղեն Խաչովդ պաշտպանելով մեզ» (սբ․ Գրիգոր Նարեկացի)․ ամեն։
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան