Մսակոմբինատում մի կին էր աշխատում: Մի անգամ աշխատանքային օրվա վերջում նա սառցախցիկ գնաց՝ ինչ-որ բան ստուգելու, իսկ դուռը պատահաբար փակվեց և կինը մնաց ներսում:
Նա ողջ ուժով բղավում էր ու հարվածում դռանը, բայց անօգուտ, որովհետև ոչ ոք չէր կարող նրան լսել: Աշխատողների մեծ մասն արդեն գնացել էր, իսկ սառցախցիկից դուրս անհնար էր լսել, թե ներսում ինչ է կատարվում:
Հինգ ժամ անց, երբ թվում էր, թե մահն արդեն անխուսափելի է, գործարանի պահակը բացեց դուռն ու կինը հրաշքով փրկվեց մահից:
Հետո, երբ հարցրեց պահակին, թե վերջինս ինչու որոշեց սառցախցիկը ստուգել, քանի որ դա նրա պարտականությունների մեջ չէր մտնում, պահակը պատասխանեց. «Ես արդեն երեսունհինգ տարի է այս գործարանում եմ աշխատում: Ամեն օր հարյուրավոր մարդիկ են գալիս ու գնում, բայց Դուք այն քչերից մեկն եք, որ բարևում եք ինձ առավոտյան և հրաժեշտ տալիս աշխատանքային օրվա վերջում: Շատերն այնպես են ինձ վերաբերվում, ասես ես անտեսանելի եմ…
Այսօր առավոտյան, Դուք ինչպես միշտ ասացիք ինձ. «Բարի լույս, ընկե՛րս»: Սակայն աշխատանքն ավարտվելուց հետո նկատեցի, որ չեմ լսել Ձեր «Ցտեսություն, մինչ վաղը», և չեմ տեսել, թե ինչպես եք հեռանում: Այդ պատճառով էլ շատ անհանգստացա և որոշեցի ստուգել գործարանի տարածքը:
Այնպես եմ սովորել ամեն օր լսել Ձեր «Բարի լույս»-ն ու «Ցտեսություն»-ը, քանի որ դրանք հիշեցնում են ինձ, որ ինչ-որ մեկի պետք եմ:
Ձեր հրաժեշտն այսօր չլսելով, հասկացա, որ ինչ-որ բան է պատահել: Այդ պատճառով էլ որոշեցի ամենուր փնտրել»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը