Այսօր յուրաքանչյուր հոգևորական, ով ծառայություն է իրականացնում ոչ միայն մայրաքաղաքներում, այլև խուլ գյուղերում, բախվում է նախկինում գրեթե անհայտ հոգևոր մի երևույթի` թմրամոլության: Տասնյակ երիտասարդներ, իսկ ավելի հաճախ վշտից խենթացած նրանց հայրերն ու մայրերը, գալիս են եկեղեցի` վերջին հույսի ետևից, որը տալիս է միայն Աստված, երբ մարդկային բոլոր միջոցներն արդեն սպառված են:
Եկողների մեջ գործնականորեն չկան գիտակից քրիստոնյաներ. եկեղեցական միջավայրում թմրամոլությունը ծայրահեղ հազվագյուտ, բացառիկ երևույթ է: Այս դժբախտներից ոմանք սոսկ անվանապես են կնքված, ինչ-որ մեկը ցանկանում է կնքվել, որպեսզի ՙապաքինվի՚, բայց նրանցից իրենց համար անհայտ այս աշխարհ ոտք են դնում անկեղծ ցանկությամբ` հասու լինելու Աստծո և մարդու մասին այն մեծ ճշմարտություններին, որոնց մասին միայն հեռվից-հեռու էին լսել: Հասու լինելու այն ներըմբռնողականությամբ, որը ծնվում է դատապարտված մարդկանց կյանքի ծարավից` նրանք հասկանում են, որ այս մեծ հարցերի պատասխաններում թաքնված է նրանց փրկությունը:
Եվ ամեն մի հոգևորական, լինի նա աստվածաբանության մագիստրոս, կամ վանական, ծարավ այս հոգու առջև բացում է այնպիսի հրաշալի հորիզոններ, այնպիսի անհասանելի-գեղեցիկ աշխարհ, որ դատապարտված, մահացու հիվանդ, խեղված գիտակցությամբ և կործանված կամքով մարդը ապրել շարունակելու ոչ միայն հույս, այլ նաև ուժ ու ցանկություն է ստանում: Նա մինչև այժմ իր համար անհայտ աղբյուրներից դուրս է բերում աշխարհը նորովի ճանաչելու ուրախությունը, և’ այն աշխարհը, որը շրջապատում է նրան, և’ հոգևոր աշխարհը, որը նա գտնում է ինքն իր մեջ: Վերջապես, իր սեփական կյանքով սկսում է ճանաչել Անհասանելի Աստծուն, որի առաջ երկյուղածությամբ խոնարհվում է այս` արդեն ազատ, նոր մարդը:
Նա կհասկանա, որ իր հետ պատահածը պարզապես հիվանդություն չէ, այլ մի ինչ-որ ավելի մեծ բան` այն, ինչն իր նախնիները սլավոնական բառով անվանում էին ՙկիրք՚, որը թարգմանվում է և’ որպես ՙուժեղ, անսանձելի ցանկություն՚, և’ որպես ՙչարչարանք, տառապանք՚: Սակայն սա հատուկ կիրք է. այն արհեստական է, ներմուծված դրսից, բայց իր հոգուն և մարմնին այնքան հարազատ, որ դարձել է ասես իր մի մասը: Նա նաև սթափ ու համարձակ հասկանում է, որ այս կիրքը իր մեջ կլինի մինչև կյանքի վերջ և մինչև կյանքի վերջ էլ նա ստիպված է պայքարել դրա հետ: Բայց Եկեղեցում նրան տրված է ամեն ինչ` այս պայքարում հաղթող դուրս գալու համար` հաղորդության խորհուրդ, խոստովանանք, ճգնավորների բազմաթիվ սերունդների մենակեցական փորձ, երանելի աստվածային օգնություն:
Այս տկարությամբ ախտահարված և այդ պատճառով էլ եկեղեցի եկած մարդկանց մեծ մասը անցնում է հենց այսպիսի հոգևոր ճանապարհ: Բայց լինում է նաև այլ կերպ:
Մենք հստակ գիտենք, որ Աստված մարդու փրկության համար անում է ամեն ինչ, բայց, ինչպես գրում են Եկեղեցու հոգևոր հայրերը, Աստված չի կարող փրկել մարդուն առանց իր օգնության:
Յուրաքանյուր ձախողում, ավելին` յուրաքանչյուր մահ մեր մեղքն է, մեր բացթողումը, մեր աղոթքների անբավարարությունը: Նաև պրոֆեսիոնալիզմի անբավարարությունը:
Մենք մեկ անգամ չէ, որ պետք է խոսենք այն մասին, թե թմրամոլությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, սարսափելի է, որ թմրանյութերի սերմանողներ են դարձել բանակն ու դպրոցը, որ գոյություն ունի ճյուղավորված, կոռումպացված հանցագործ համակարգ, որը թմրանյութերի վաճառքից ստանում է հինգ հարյուրից մինչև երկու հազար տոկոս շահույթ և որի հետ պայքարը հսկայական ուժեր է պահանջում, պահանջում է պետական որոշումներ կայացնելու համարձակություն: Սակայն ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը սևեռել ևս մեկ, նոր խնդրի վրա. թմրանյութերի ներթափանցումը մեր բազմաչարչար, տանջված գյուղ, գյուղական միջավայր, որը, միգուցե, վերջին հարյուր տարիների ընթացքում ամենաշատն է տուժել:
Թմրանյութեր կարելի է գնել տառացիորեն ցանկացած գյուղում: Եթե նախկինում ընդունված էր համարել, որ թմրամոլության պրոբլեմը վերաբերում է միայն խոշոր քաղաքներին, ապա այսօր դա այդպես չէ: Էժան թմրանյութերը լցվել են գյուղ: Եվ գյուղական երիտասարդությունը ոչնչով պաշտպանված չէ` ո’չ հավատով, ո’չ բարու ու չարի մասին բարոյական հասկացություններով, ո’չ մեկ այլ ուրիշ գաղափարախոսությամբ, ոչ էլ անգամ ինքնապաշտպանության զգացողությամբ:
Թմրանյութերը իրականություն են և ոչ թե հեռանկար, սկսվող համաճարակ, որը սկզբում կյանքեր է խլում, իսկ զոհեր դեռ էլի ու էլի կլինեն: Մասնագետ հոգեբանների գնահատականներով դպրոցականների մոտ յոթանասուն տոկոսը կամ անդրդվելի թմրամոլներ են, կամ հակում ունեն թմրանյութերի հանդեպ:
Իսկ ինչը դպրոցականներին կպաշտպանի թմրանյութերից: Իսկ ինչու չծխել այս խոտը կամ ծակվել հերոինով, որը շատ էժանացել և հաստատակամորեն ներթափանցում է գավառ: Ինչու նրանք պետք է լինեն ավելի քիչ ՙգողական՚, չվերցնեն կյանքից ամեն ինչ, քան իրենց հասակակիցները, ովքեր հեռուստացույցից թելադրում են նրանց, թե ինչպես պետք է ապրել, թելադրում են և’ մոդա, և’ միտք, և’ ցանկություն:
Այսօր մահացությունը երկու անգամ գերազանցում է ծնելիությունը: Ծնված երեխաները, եթե նրանց բախտը բերել է և նրանց ծնողները հարբեցողներ կամ թմրամոլներ չեն, հավանականության մեծ տոկոսով կդառնան թմրամոլներ: Նրանք նույնպես կարող են մահանալ քսանմեկ տարեկան հասակում, եթե իրենց ներկայիս և ապագա մարդասպանների դեմ հիմա ամենակտրուկ միջոցները չձեռնարկվեն:
Որպեսզի հասկանանք, որ այս ամենը չափազանցություն չէ, բավական է լինել մայրաքաղաքի ցանկացած դիահերձարանում: Վերջերս ես մասնակցեցի մի տարեց տղամարդու թաղմանը: Դիահերձարանում միայն նա էր` մի քանի երիտասարդների մարմինների հետ: Ես հարցրեցի, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Դիահերձարանի աշխատակիցը պատասխանեց. ՙԹմրանյութը՚:
Երբեմն, այս աղետալի իրադրությունը կապում են սոցիալական խնդիրների հետ. սով, աղքատություն, անգործություն, պետական չարաշահումներ: Ինչ-որ չափով դա գուցե և այդպես է, սակայն նայեք արևմտյան, այսպես կոչված ՙբարեկեցիկ՚ երկրներին, որոնց քաղաքացիները ասես ամեն ինչով ապահովված են:
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում թմրամոլությունը ոչ միայն կասեցված չէ, այլև մշտապես աճում է` չնայած վերջինիս դեմ պայքարի համար հատկացվող միլիարդավոր գումարներին: Այն երկրներում, որտեղ կիրառվում է լիբերալիզմը այս չարիքի դեմ, իրադրությունն ավելի վատթար է: Հոլանդիան, որտեղ մասամբ, պետական ծրագրի իրականացմամբ, օրինականացված են թմրանյութերը, վերածվել է Եվրոպայի ՙթմրանյութերի փոսի՚: Իսպանիան, որի կառավարությունը 1985-ին հետևեց Հոլանդիայի օրինակին, հասավ նրան, որ տասը տարի հետո, միայն օրինական գրանցված թմրամոլների թիվը աճեց ութ անգամ: Իրադրությունը քիչ ավելի բարվոք է այն երկրներում, որտեղ իրականացվում է գերկոշտ քաղաքականություն. դրանք մի քանի արաբական երկրներ են: Բայց այնտեղ էլ թմրանյութերի օգտագործումը տարեկան աճում է 2-3%:
Թմրամոլությունը ոչ այնքան և ոչ միայն բժշկական, իրավական կամ սոցիալական խնդիր է: Առաջին հերթին այն աշխարհայացքային խնդիր է: Պատահական չէ, որ նա է փրկվում, ում մեջ լավագույն մակարդակով հոգևոր հասունացում է տեղի ունեցել, ով կյանքում ձեռք է բերել ամուր հոգևոր հենարան:
Սակայն ոչ ոքի բռնությամբ հավատքի չես բերի: Անգամ թմրամոլին, ով արդեն զգում է իր կործանումը, չի կարելի եկեղեցի բերել և փրկել ՙստիպողաբար՚: Քրիստոնեությունը` ազատ մարդու ընտրությունն է: Եվ կատարելով այդ ընտրությունը, մարդն իր ներսում այդ չարիքի դեմ պայքարելու համար անհավանական ուժ է ստանում:
Եթե մեր հասարակությունը որոշի լրջորեն պայքարել մեր ժամանակների այս ժանտախտի դեմ, ապա նա պետք է անցնի հենց նման ճանապարհով: Հակառակ դեպքում ոչ մի կառավարական ծրագրեր, ոչ մի բազմամիլիոն ներդրումներ, ոչ մի վերականգնողական կենտրոներ չեն կասեցնի այս չարիքի տարածումը, ինչպես դրանք այն չեն կասեցնում արևմտյան երկրներում:
Ռուսաստանում ահա արդեն տասնյակ տարիներ ազգային գաղափար են որոնում: Եթե դրա որոնումները շարունակվեն ռուսական ազգային պատմության համատեքստից, ուղղափառության հոգևոր հիմքերից դուրս, ապա ստիպված են երկար փնտրել: Մենք ոչինչ չենք գտնի, բացի նրանից, ինչ Աստված տվել է: Եթե մենք ժխտենք սա, ապա մեզ, այսպես կոչված երկրորդ շրջանում սպասվում են այնպիսի փորձություններ, որոնք պատահեցին քսաներորդ դարում: Անհրաժեշտ է պետական ամուր, որակյալ գաղափարախոսություն` հիմնված առողջ աշխարհզգացողության վրա, ամուր հոգևոր հիմք, որն ունակ է կրել այսպիսի հսկայական զանգվածը, ինչպես Ռուսաստանն է իր բոլոր խնդիրներով, նոր և արդեն հնացած հիվանդություններով: Հարկավոր է ուժ, որն ի զորու կլինի մարդուն պաշտպանել ողջ բազմադեմ, անողոք, խորամանկ չարից, որն այսօր դեռ տարածվում է մեր ամբողջ երկրով:
Ռուսերենից թարգմանեց՝ Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանը