«Զորավոր» երիտասարդաց միության ուրախ Կաղանդչեքը

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն արդեն երկրորդ տարին է, որ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հին տոմարով Նոր տարուն իր ամանորյա նվերը՝ ուրախ Կաղանդչեքն է մատուցում համայնքի անդամներին և հոգևոր դասին: Հունվարի 13-ին՝ Քրիստոսի անվանակոչության տոնին նվիրված Ս. Պատարագի ավարտին,  երիցատան դահլիճում համայնքը, հոգևոր դասը և հյուրերը վայելեցին երիտասարդների վառ և հումորային երևակայությամբ կյանքի կոչված հերթական Կաղանդչեքը: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվելու համար և հորդորեց ներկաներին երիտասարդաց միության Կաղանդչեքի հումորին մոտենալ ներողամտությամբ և սիրով:

Մինչ միջոցառումը, միության ատենապետուհի Ռիմա Գևորգյանը ներկայացրեց երիտասարդաց միության անցյալ տարվա համառոտ հաշվետվությունը: Այնուհետև «Զորավոր մանկունք»  երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ, հանդես եկավ «Ավետիս Ծննդյան» շարականով:

Կաղանդչեքի ուրախ սկիզբն ազդարարեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Երիտասարդաց միության անդամների սրատես աչքը ողջ տարվա ընթացքում հումորային իրադարձություններ էր որսացել եկեղեցու հոգևոր դասի և համայնքային կյանքի վերաբերյալ, որոնց հետաքրքիր մատուցումը ոգևորել և մեծ ուրախություն էր պատճառել լեփ-լեցուն դահլիճին՝ առավել ջերմացնելով ընտանեկան մթնոլորտը: Հնչող բարի և լուսավոր հումորներն ընդմիջվում էին «Զորավոր մանկունք»-ի Սուրբ Ծննդյան և հումորային երաժշտական կատարումներով:

Մեծ ընտանիքի ուրախ և սպասված Կաղանդչեքն անցավ ջերմ ընտանեկան մթնոլորտում: Միջոցառման ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միությանը և «Զորավոր մանկունք» երգչախմբին, որոնց նախանձախնդիր ջանքերով իրենք հնարավորություն ունեցան վայելելու ուրախ միջոցառումը: Հյուրասիրության ժամանակ տիրող ոգևորությունը վկայում էր, որ «Զորավոր» երիտասարդաց միության Կաղանդչեքի անակնկալն ստացված էր:

Բարի, լուսավոր և առողջ հումորը լավ տրամադրություն է ստեղծում, չի վիրավորում ոչ ոքի, այլ հակառակը՝ նպատակ ունի օգնելու: Ըստ Սուրբ Գրքի և հայրաբանության՝ թե՛ հումորը և թե՛ ուրախությունը երբեք խորթ չեն եղել հավատավոր մարդուն: Զուր չէ, որ Պողոս առաքյալը, դիմելով ընթերցողին, ասում է. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5:16-18):

 

Կարինե Սուգիկյան

13.01.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․