23 Նոյեմբեր, Շբ
Դեկտեմբերի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի գլխավորությամբ, տարեվերջյան դասն անցկացրին Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում: Այցի ընթացքում երեխաները ծանոթացան 20-րդ դարի երկու խոշորագույն արվեստագետների անցած ուղուն, ստեղծագործական գործունեությանը և արվեստի բացառիկ գործերին: Այցի ավարտին այցելուներին թույլատրվեց նվագել Արա Սարգսյանի դաշնամուրով. երեխաները մանկավարժի նվագակցությամբ երգեցին Կոմիտասի՝ մանուկների «Հայր մեր»-ը»: Այցը թանգարան «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաների համար հետաքրքիր էր, ուսուցողական, ճանաչողական ու տպավորիչ:
Կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանը, եզրափակելով այցը, երեխաներին ներկայացրեց այն ընդհանրությունը, որ ունեն երկու մեծ վարպետները, այն, որ նրանք Հայաստանում ծնված ու մեծացած չլինելով, բայց Հայաստան գալով՝ ստեղծագործել են հայկական ոգով. «Մեր սաներն այսօր ազգային ոգու հետ հաճելի և ուսանելի հանդիպում ունեցան, այս օրը մի փոքրիկ տոն էր իրենց համար: Արվեստի միջոցով երեխաները հաղորդ դարձան ազգային մտածողությանն ու քրիստոնեական հիմք ունեցող ժառանգությանը: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, որ աջակցում է մեր յուրաքանչյուր ձեռնարկ»:
Հայ եկեղեցին իր կիրակնօրյա դպրոցներով կոչված է կրթադաստիարակչությամբ իր զավակների մեջ աստվածասեր ու հայրենանվեր ոգի և նկարագիր կերտել՝ առաջնային համարելով հոգևոր-ազգային նկարագրով մարդու ձևավորումը։ Կրոնի և մշակույթի հարաբերակցության մասին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Մեր մշակույթի պարագայում, Քրիստոսի ուսմունքը այնքան գոյութենականորեն է թափանցել մեր ժողովրդի պատմական փորձառության մեջ, որ ազգային պատկանելության զգացումը էապես անբաժանելի է հավատքից և եկեղեցուց»:
Կարինե Սուգիկյան