26 Դեկտեմբեր, Եշ
Երեխաների հոգևոր և բարոյական դաստիարակությունը զարգացած հասարակության կարևորագույն հիմնասյունն է։ Բարոյական դաստիարակության թերություններն ու բացթողումներն անուղղելի վնաս են հասցնում հասարակությանը։ Այդ վնասից խուսափելու համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր առաջ հիմնել է կիրակնօրյա դպրոցներ, որ եկեղեցու անբաժանելի մասն են և կոչված են զբաղվելու երեխաների հոգևոր և բարոյական կրթությամբ ու դաստիարակությամբ:
Հոկտեմբերի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեցին Սուրբ Էջմիածին: Ուխտավորները մեծ ուրախություն ապրեցին՝ միասնաբար աղոթելով վերաօծված և վերաբացված Էջմիածնի Մայր Տաճարում: Երեխաները խոնարհվեցին Մայր Տաճարի կենտրոնում գտնվող Իջման Սուրբ Սեղանի առջև: Նրանք վերհիշեցին իրենց ուսանածը, այն, որ մեր հավատքի հոր՝ սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն՝ այդտեղ է իջել և ոսկե մուրճով հարվածել Աստծու Միածին Որդին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը:
Հերթական ուխտագնացությամբ «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաներն այցելեցին Հայոց ազգի ամենանվիրական և հնագույն սրբավայրը ու հաղորդ դարձան Հայոց Սրբության Սրբոցին, որի մասին երջանկահիշատակ Վազգեն Ա-ն ասել է. «Էջմիածինը սակայն անցյալ չէ միայն, այն նաև ներկան է և մեր ապագան: Կենդանի է այն և մշտանորոգ: Սուրբ Էջմիածինը միշտ բաշխվում է ու չի նվազում, ինչքան բաշխվում է, այնքան շատանում, ինչքան լույս սփռում՝ այնքան շողում: Դարեր կգան, դարեր կանցնեն, այն կբարձրանա, կլուսավորի ու կներշնչի միշտ. կյա՛նք տալով՝ կապրի…»:
Կարինե Սուգիկյան