26 Նոյեմբեր, Գշ
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վեր բարձրացման և գերությունից վերադարձի ու փառաբանության հիշատակը: Տոնական օրը նշանակալից էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և ներկա ուխտավորների համար. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակի առթիվ ուխտի Ս. Պատարագ մատուցեց: Քարոզին Տեր Հայրը, տոնի առթիվ իր պատգամը հղելով ներկաներին, մասնավորաբար ասաց. «Ավետարանին ծանոթ, սուրբ Պատարագներին մասնակցող, քարոզին ունկնդիր հավատացյալը մեկ անգամ չէ, որ լսել է խաչի քարոզությունը, որ ըստ առաքյալի՝ Աստծու զորություն է մեզ համար: Մեկ անգամ չէ, որ, ի տարբերություն աղանդների եղծված ուսմունքի, լսել եք առաքելահաստատ եկեղեցու ճշմարիտ դավանությունն այն մասին, որ Քրիստոսի աստվածային արյան հեղմամբ խաչը մահվան գործիքից վերափոխվեց մեր փրկության գործիքի՝ դառնալով հաղթության խորհրդանիշ յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Քանի որ Քրիստոս չմնաց խաչի վրա մեռած, այլ «հարյավ ի մեռելոց»՝ խաչը մահվան ու խայտառակության գործիք դարձնելով սատանայի ու պարտության՝ մահվան համար (հմմտ. Կողոս. 2:15): Այս է պատճառը, սիրելի՛ հավատացյալներ, որ մենք չենք տխրում խաչը հիշատակելիս, ընդհակառակը՝ ազատարար ու փրկարար ուրախություն ենք զգում և իրավամբ շնորհավորում միմյանց, քանի որ Երկնային Անմահ Արքան իմ և ձեզնից յուրաքանչյուրի համար իջավ երկնքից, որպեսզի ների մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացնի հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացնի այն և մեխի խաչափայտին (հմմտ. Կողոս. 2:14)»:
Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Էստոնիայի միջազգային նկարիչների միության անդամները, Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել էին ցուցահանդես-համերգ, որ նվիրված էր միության հոբելյանին ու Խաչվերացի տոնին և կրում էր «Աստվածային լույսը արվեստում» խորագիրը: Տոնական միջոցառումը Տեր Գրիգորի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և ծանոթացրեց ցուցահանդեսին մասնակից նկարիչներին՝ նրանց նվիրելով եկեղեցու կողմից հրատարակած Գրիգոր Մարաշեցու աղոթագիրքը: Տեր Գրիգորը բարձր գնահատեց միջոցառման համակարգող, Հայաստանում Էստոնիայի միջազգային նկարիչների միության ներկայացուցիչ Քրիստինա Օգանեզզին, որ իր գործունեությամբ լռելյայն իր ծառայությունն է բերել եկեղեցուն և արև երեխաներին: Այնուհետև Էստոնիայի միջազգային նկարիչների միության անդամ Անուշ Բաբայանը միության նախագահ Արսեն Կլյանի կողմից շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին՝ միջոցառմանն աջակցելու համար: Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց համերգային ծրագիրը: Իր կատարումներով ներկաներին ողջունեց հանրահայտ երգիչ, երգահան Վահան Արծրունին: Ներկաներն ունկնդրեցին երգահանի «Կոմիտաս․ տասը հայտնություն» երգաշարը՝ նվագակցությամբ Նելլի Մանուկյանի (ֆլեյտա):
Միջոցառման ընթացքում ներկաները ծանոթացան Էստոնիայի միջազգային նկարիչների միության հայտնի նկարիչների աշխատանքներին, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանում: Նշենք, որ Էստոնիայի միջազգային նկարիչների միությունը միավորում է աշխարհի քառասուն երկրների նկարիչներին: Քրիստինա Օգանեզզը նշեց, որ «Աստվածային լույսը արվեստում» խորագիրը կրող ցուցահանդեսի գաղափարն Աստծու սիրո բացահայտ լույսը գույնի, գծի ու պատկերի միջոցով փոխանցելն է, իսկ ցուցահանդեսի նպատակը՝ վերահաստատել հաղորդակցությունը գեղեցկության հետ և փոխանցել կյանքի ու գույների ներդաշնակության բերկրանքը:
Միջոցառման ավարտին եկեղեցու համայնքի կողմից ներկաներին մատաղ բաժանվեց: Այնուհետև երեկոյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Խաչվերացի թափոր-անդաստանը, որը Խաչափայտի գերեվարությունից վերադարձն է խորհրդանշում: Մեծ թվով հավատացյալներ իրենց աղոթական ներկայությամբ մասնակից եղան այս մեծահանդես արարողությանը, որ դարերի շղթա է ապրել: Մինչ արարողությունը՝ Սուրբ խաչը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով և ռեհանով: Շարականների երգակցությամբ հանդիսավոր թափորը հաղթական սուրբ նշանը դուրս բերեց եկեղեցուց և պտտեցրեց նրա շուրջը: Այս ընթացքում թափորապետ հոգևորականը, քառասուն անգամ «Տեր ողորմեա» ասելով, վարդաջուր ցողեց Սուրբ խաչի և ժողովրդի վրա, ապա Սուրբ Խաչը բարձրացնելով՝ խաչակնքեց և անդաստանի արարողությամբ խնդրեց Տիրոջից, որ օրհնի, պահպանի և նախախնամի երկրի չորս կողմերը: Ապա «Խաչի Քո Քրիստոս երկիրպագենք» հոգեզմայլ շարականի երգեցողությամբ Խաչի թափորը վերադարձավ եկեղեցի, և սկսվեց Երեկոյան ժամերգությունը, որի ավարտին օրհնված ռեհաններ ու ծաղիկներ բաժանվեց մասնակիցներին:
Խաչվերացի տոնական օրը հոգևոր մեծ ուրախություն պատճառեց ներկաներին, քանի որ, ըստ Դավիթ Անհաղթի, Սուրբ Խաչի՝ օրհնված սուրբ փայտի, իմանալի մագաղաթի վրա անջնջելի կերպով գրվեց մեր ազատության և որդեգրության ուխտը, ոչ թե գրող թանաքով, ոչ էլ Աստծու մատով ձևացած գրով, այլ է՛լ ավելի անպատմելի՝ Նրա ժառանգակցի՝ Աստծու Որդու արյունով:
Կարինե Սուգիկյան