4 Նոյեմբեր, Բշ
Եգիպտոս, որտեղ թագավորի դահճապետը, որի անունը Պետափրես էր, գնեց նրան: Հովսեփը ամեն ինչով խոհեմ, հավատարիմ և հաջողակ էր, և նրա գործերն էլ հաջողությամբ էին պսակվում (Ծննդ. 39:2), նրա պատճառով Աստված Պետափրեսի տունն էլ օրհնեց (Ծննդ. 39:5), որից էլ հիշյալը շատ գոհ մնալով՝ տան կառավարությունը հանձնում է Հովսեփին: Այո՛, Հովսեփը անունով գերի է, սակայն իր տիրոջ աչքում խիստ պատվավոր:
Դու Հովսեփի առաքինությունը տես. ինչպես որ նրա եղբայրները միայն նրա մարմինը ցանկացան սպանել, նմանապես Պետափրեսի կինը մեղանչելու ցանկությամբ հետամուտ է լինում սպանելու նրա հոգին: Քանի որ իր ծառայության բերումով Հովսեփը ելումուտ ուներ կանանոց, թշվառական կինը երկար ժամանակ ձանձրացնում է նրան՝ իր չար և հրապուրիչ առաջարկությամբ: Սակայն Հովսեփը Աստծուց վախենում է, և իր տիրոջը ևս հավատարիմ լինելով՝ նախընտրում է մեռնել, քան հիշյալ չար առաջարկին ամենափոքր իսկ հակում և հոժարություն ցույց տալ:
Ընդհակառակը՝ նա համարձակվում է խրատել վավաշոտ կնոջը, թե՝ իմ տերը ամեն ինչով ինձ է վստահում և ես ինչպե՞ս կարող եմ այդպիսի չար և մեծ գործ անելով՝ մեղանչել Աստծո առջև (Ծննդ. 39:9): Թեև Հովսեփը երկար ժամանակ ենթակա եղավ սույն փորձության կրակին, սակայն Աստծո ողորմությամբ չայրվեց. կան մեղքեր, որոնց կարելի է համբերատար հոգով և դիմադրությամբ հաղթել: Սակայն այնպիսի մեղքից խուսափելով, որը մարդու պատիվն է վնասում՝ հաղթվում է (Ա Կորնթ. 6:18):
Հետո, երբ Հովսեփը դարձյալ ծառայության առիթով կանանոց էր գնացել, հիշյալը, ձեռքը մեկնելով, բռնում է նրա զգեստից, որպեսզի իր չար միտքը գործի դնելով՝ մեղանչի: Հովսեփը, նրա այս ապօրեն ընթացքը տեսնելով, իր վերարկուն իսկույն այնտեղ է թողնում և անմիջապես փախչում այնտեղից: Հիրավի, Հովսեփի համար ցավալի էր վերարկուն այնտեղ թողնել, սակայն այդ անամոթը այն աստիճան լրբացավ, որ նրա մոտ մնալը և նրան դիպած զգեստը վերստին հագնելը վտանգավոր համարելով, այրվող տնից փախչողի նման ամենից առաջ հոգին ազատելու միջոցի մասին է մտածում:
Այս պարագայում Հովսեփը մեծ քաջություն ցուցաբերեց, քանի որ մարդու համար իր անձը հաղթելուց զատ մեծ քաջություն չկա: Մանավանդ, որ Աստված նրան մեղքից փրկեց: Քանի որ ցանկության կրակին մատնվելու և չայրվելու համար Աստծո հատուկ շնորհի և օգնության կարիքն ունի (Իմաստ. 10:13): Արդարև, Հովսեփը հոգևոր մահ պատճառող մեղքից ազատվեց: Բայց նայիր, որ Աստծո երկյուղը սրտից հանող և ամոթի քողը երեսից պատռող անզգամ կինը իր իսկ հանցանքը ստությամբ Հովսեփի վրա դնելով, ինչպես ցանկացավ նրան արատավորել, կարծես արևի վրա ցեխ շպրտելու ճիգ թափեց:
Սակայն մի՛ զարմացիր, քանի որ նույն ընթացքի մեջ գտնվողների վիճակը այս է: Նա, որ մի անգամ սատանայի ձեռքին գործիք է դառնում, երբ իր կրքերին հագուրդ տալով չի կարողանում սիրածին հոգով սպանել, ցանկանում է մարմնվ սպանել, քանի որ մարմնավոր սիրո վախճանը թշնամություն և ատելություն է, ինչպես որ հիշյալ անզգամ կինը մեղքի սուրը դահճի սրով փոխարինեց: Կինը գանգատվում է Պետափրեսին՝ ասելով, թե իբր Հովսեփը չար դիտավորությամբ մտել է կանանոցը և վերարկուն այնտեղ թողել, նա էլ առանց քննության և միայն կնոջ խոսքի վրա հիմնվելով՝ բանտարկում է Հովսեփին:
Այո՛, Հովսեփը մահապարտների շարքի մեջ շղթայակապ նետվեց (Սղմ. 103:17), սակայն նրա հոգին ազատ է և ոչ մի կապանքի ներքո ճնշված չէ, նա միայն մարմնով է կապված, քանի որ անմեղ մարդու հոգևոր քաղցր ազատությունը կա և մնում է՝ անգամ նյութական շղթաների ներքո ընկճված վիճակում: Շատ ժամանակ չանցած, բանտապետը, Հովսեփի ոտքից շղթան հանելով՝ բանտի կառավարությունը նրան է հանձնում (Իմաստ. 10:14):
Նկատի՛ր, ինչպես որ Պետափրեսի տան մեջ Հովսեփը մեծ պատիվ ուներ և իշխում էր ուրիշների վրա, նույնպես բանտում է իշխանություն տրվում նրան: Քանի որ նա, ով վախենում է Աստծուց և փախչում մեղքից՝ ամեն տեղ պատիվ է վայելում:
Խրատ առ, եթե ուզում ես ցանկության հրի բորբոքումիօց ազատվել, ապա Աստծո երկյուղը երբեք մի՛ հանիր սրտիցդ, կրքերիդ մի՛ հետևիր, բարերարիդ անհավատարմություն մի՛ արա, անզգամ կնոջ հետ երբեք բարեկամություն և հարաբերություն մի՛ հաստատիր, նրա գտնված վայրից խույս տուր, ինքդ քեզ վստահելով՝ մեղքերի պատճառ հանդիսացող տեղեր բնավ մի՛ հաճախիր, քանի որ որքան էլ մարդը առաքինի, լինի դարձյալ պարտավոր է մեղքի շարժառիթներից փախչելով հեռանալ՝ համաձայն այն առածի, թե՝ եթե վերացնում ես պատճառը, վերանում են նաև պատճառի հետևանքները: Հիրավի, կրակն ընկած քարը այրվելով չի փոշիանում, սակայն վնասվում և անպիտան է դառնում:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902