4 Նոյեմբեր, Բշ
Մորենին խորհրդանշում է Իսրայելի ժողովրդին, իսկ կրակը՝ նրա կրած չարչարանքը: Քանի որ մորենին մի թույլ մացառ է և շուտ է այրվում, նմանապես իսրայելացիները, իբրև գերի թշվառ մի ժողովուրդ լինելով, անգութ փարավոնի ձեռքից անկարող լինելով ազատվել, նրա անգութ հարստահարությունը կրակի նման իրենց այրում էր: Բայց ինչպես հուրը այրում էր հիշյալ մորենին և չէր կարողանում մոխրացնել, նույնպես և Իսրայելի ժողովուրդը, թեպետ անտանելի և ծանրագույն չարչարանքներ կրեցին, սակայն Աստծո ողորմությամբ իրենց անձերը անվնաս մնալով օր օրի բազմանում և աճում էին:
Իսկ մորենուց եկած ձայնը, որ ասում էր. «կոշիկներդ ոտքերիցդ հանիր» Աստծո ներկայության նշանն էր, Որի մոտ համարձակությամբ գնալ կամ կոշիկով կանգնել անպատշաճ է: Քանզի Մովսեսը, այն հասարակ կրակ կարծելով, ցանկանում է մոտենալ դրան: Մանավանդ, քանի որ փարավոնը իսրայելացիներին կավ պատրաստել էր տալիս ոտքով, որի պատճառով Մովսեսին հրամայվում է կոշիկները հանել, որպեսզի մտաբերելով իր ազգականների մերկ ոտքերով, որպես գերի, այդ անարգ և դառը ծառայության մատնված և սոսկալի տառապանքների ենթարկված լինելը՝ Եգիպտոս գնալու և ժողովուրդը փրկելու դժվար պաշտոնից չհրաժարվի:
Այստեղ արժանի է նկատել, թե մարդը որքան է պարտավոր Ս. Եկեղեցու և սրբազան վայրերի նկատմամբ հարգանք և պատիվ ընծայել, և Աստծուց վախենալով դրանց ակնածությամբ մոտենալ, քանի որ կոշիկը ոտքից հանելը մարմնավոր ցանկությունները մեր մտքից ու սրտից կտրել հանելու նշանն էր:
Իսկ հոգևոր առումով մորենին՝ Ս. Աստվածածնի, և մեջը եղած հուրը՝ Աստծո Բանի մարմնավորվելու օրինակն է իմացվում:
Խրատ վերցրու, երկրի վրա մարդն իբրև մի մորենի է, մարմնական ցանկության և փառքի հոգսերը կրակի նման են, որոնց անձնատուր եղող մարդը, կրակի մեջ ընկածի նման, իր հոգու տառապանքների և տանջանքների պատճառն է դառնում: Բայց նա, որ մարմնի հաճույքներին և աշխարհի փառքին հետամուտ և հակված չէ, և միշտ Աստծուն հուսալով Նրա կամքին համաձայն է վարում կյանքը, այրվելով չի մոխրանում, քանի որ Աստված Իրեն հուսացողներին այսպիսի կրակներից Իր ողորմությամբ անպատճառ պահում է:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902