12 Հոկտեմբեր, Շբ
Իր զորությունը նրանց հայտնելու համար: Որովհետև Բաղակի հույսը Բաղաամի վրա էր, պետք չէ կարծել, թե դրա համար արգելեց նրան, իբր թե նա կարող էր իր անեծքով վնասել Իսրայելի ժողովրդին, այլ Բաղաամը խոսում է այն, ինչ որ Աստված է հրամայում, և եթե պատվիրեց չանիծել Իսրայելին, պատճառը այն էր, որ եթե իսրայելացիները մեղքի համար պատժվեին, հնարավոր է՝ սխալմամբ կարծեին, թե Բաղաամի անեծքով եղավ:
Քանի որ թեպետ Բաղաամը օրհնեց Իսրայելին, բայց երբ սա մեղանչեց, Աստված դարձյալ պատժեց նրան: Ուրեմն իսրայելացիների առումով Բաղաամի թե՛ վատ և թե՛ լավ խոսելով նրանց ո՛չ օգուտ, ո՛չ էլ վնաս էր լինում, այլ իրավամբ և արդարությամբ օրենքի համաձայն իրենց գործերին համապատասխան նրանց հատուցում է լինում Տիրոջ կողմից: Քանի որ ինչպես Բաղաամի էշը մարդու նման խոսելով մարդ չդարձավ, նմանապես թեև Աստված Բաղաամին խոսել տվեց, բայց նա դրանով սուրբ չդարձավ, այլ մնաց նույն չարության մեջ:
Այո՛, կատարված հրաշքը տեսնելով պիտի ուղղեր իր ընթացքը, մինչդեռ ընդհակառակը, ուղղելու փոխարեն այդ անօրեն և չարիքի պատճառ հանդիսացող խրատը տալով՝ առավել սաստկացրեց իր պատիժը: Քանի որ Աստծո հրամանով երբ իսրայելացիները կոտորում էին այդ երկրների կռապաշտներին, Բաղաամը ևս նրանց հետ կորստյան մատնվեց, ինչպես որ հիշվում է (Թվոց 31:8):
Այս մասին մի՛ կարծիր, թե միայն սրբերի միջոցով է հրաշք գործվում, քանի որ ինչպես Սուրբ Ավետարանում ենք կարդում, Աստված երբեմն մեղավոր մարդկանց հրաշագործության զորություն է տալիս, որպեսզի նրանց ձեռքով ևս Իր աստվածային կարողությունը ցույց տա աշխարհին, իբրև Տեր ամեն ինչի:
Նմանապես երբեմն չար մարդկանց գիտություն և մարգարեական շնորհ էլ է տալիս, ինչպես, որ Կայիափա քահանայապետը իսրայելացիների փրկության համար Հիսուսի՝ մեր Փրկչի մահը կանխածանուցեց իսրայելացիների փրկության համար, քանի որ հրաշք, գիտություն և մարգարեություն չեն կարող մարդուն տանել արքայություն, այլ ուղիղ հավատով առաքինություն է պետք: Արդ, այսպիսի մարդիկ, եթե Աստծո զորությունը ըմբռնելով չուղղվեն, չափազանց խիստ պատիժ պիտի կրեն:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.: