6 Հոկտեմբեր, Կիր
Բնավ երբեք: Որովհետև Դավիթը ժողովրդին չվնասելու համար հանձն է առնում փախչել, ժողովուրդն էլ ձայն չի հանում, մանավանդ որ Աբիսողոմը ժողովրդի թշնամին չէր, այլ միայն իր հոր: Ահա այն ժամանակ վերոհիշյալ Քուսին, որին Դավիթը որպես լրտես էր ուղարկել Երուսաղեմ, Աբիսողոմին ներկայանալով` ողջունում է` «կեցցե´ թագավորը» ասելով:
Աբիսողոմը հեգնորեն հարցնում է. «Սա՞ է քո հավատարմությունը, ինչո՞ւ բարեկամիդ հետ չգնացիր», որին ի պատասխան` Քուսին ասում է. «Աստված և ամբողջ իսրայելացիներն ում ընտրեն, ես նրա հետ կլինեմ, ինչպես որ հորդ ծառայեցի, քեզ կծառայեմ»: Թեև Աբիսողոմը կասկածում էր նրան, սակայն խոսքերին վստահելով` մոտն է պահում:
Այո´, Աբիսողոմը, հետևելով իր չար մտադրությանը, իբր թե թագավոր է դառնում, և բոլոր իսրայելացիներին գրգռելով` իրեն է հնազանդեցնում, դրանով էլ կարողանում է գրավել Դավթի մայրաքաղաքը, սակայն քանի դեռ Դավիթը ողջ էր, իր թագավորությունը հաստատուն չէր, որի պատճառով էլ նրա միտքը զանազան կասկածներից ծփում և տագնապում է, ուստի Աքիտոփելին հանձնարարում է, որ խորհրդակցեն և ըստ այնմ միջոցառումներ նախաձեռնեն:
Աքիտոփելը խորհուրդ է տալիս, որ նախ Դավթի թողած հարճերի հետ կենակցի, որպեսզի ժողովուրդը, տեսնելով Դավթին տրված նախատինքը և համոզվելով, որ այլևս Աբիսողոմի հաշտությունը Դավթի հետ անհնար է, և վերստին միավորվելու հույս չկա, ամբողջությամբ հնազանդվի նրան: Արդ, քանի որ Աբիսողոմը իր սրտից ամբողջությամբ հանել էր Աստծու երկյուղն ու մարդկանց հանդեպ ամոթը, Աքիտոփելի սույն պիղծ, խռովահույզ, նենգամիտ և անամոթ խորհուրդն իրագործելու համար Դավթի տան տանիքին վրան կանգնեցնելով` ժողովրդի առջև հիշյալ հարճերի հետ շնանում է:
Թեև այն օրերին Աքիտոփելի հնարքները և խորհուրդները և՛ Դավթին, և՛ Աբիսողոմին ասես մարգարեական պատգամներ լինեին (Բ Թագ. 16:23), սակայն այս անգամ Դավթին թշնամի լինելով, սատանայի նման խորհելով` մի այնպիսի ապօրինի և անարժան խորհուրդ է տալիս, որ Աբիսողոմի հպարտությանը և ապստամբությանը մի զզվելի խարան էլ է ավելացնում` Աբիսողոմի ավելի վատթար վիճակի մեջ ընկնելու բացարձակ պատճառ լինելով, մանավանդ բոլոր իսրայելացիներին մեծ գայթակղություն է պատճառում, քանի որ մի այսպիսի անամոթ, մարդկությանը հակառակ արարքից բոլոր լսողները զզվանք են զգում:
Սրանից բացի` Աքիտոփելը Աբիսողոմին խորհուրդ է տալիս, որ իրեն հրամայի՝ հենց այդ գիշեր տասներկու հազար ընտիր զորքով հանկարծ հարձակվի Դավթի վրա, որն այժմ անչափ հոգնած և հուսահատ վիճակում է: Ինքն էլ կարող է զորքը ցրել և միայն Դավթին սպանելով` վերադառնալ. ինչպես հարսն է իր ամուսնու տուն գնում, այդպես էլ նա խոստանում է Դավթի ամբողջ զորքը բերել և հավատարմությամբ Աբիսողոմին ծառայեցնել:
Արդարև, այս կերպ կարող էր Դավթին ձեռք բերել և սպանել, սակայն քանի որ Աստված նրան պիտի պահպաներ, ուստի Աբիսողոմը ասում է. «Քուսիին կանչե´ք, նրան էլ լսենք»: Երբ Քուսին տեղեկանում է մտադրությանը, պատասխանում է. «Դավիթը և նրա մարտիկները շատ քաջ, աներկյուղ և պատերազմող մարդիկ են, ուստի տեղին չէ, քիչ մարդկանցով հարձակվելով, կոտորվել և օտարներին մեր մասին վատ խոսելու առիթ տալ, ուրեմն հարկ է, որ ամբողջ Իսրայելը հավաքենք` ծովի ավազի չափ զորքով. դու նույնպես նրանց գլուխ անցած` կգնանք, Դավիթն ուր էլ լինի, կհասնենք նրան, և որ քաղաքն էլ մտնի, կքանդենք ու կկործանենք այն` քարը քարին չթողնելով, և բոլորին էլ առանց բացառության սրի կքաշենք»:
Այսպես Քուսին ապագայում մղվելիք պատերազմին հաղթական տեսք է տալիս, ամբողջ ժողովուրդն ու Աբիսողոմն իսկույն ասում են, որ Քուսիի առաջարկն ավելի լավն է, քան Աքիտոփելի կարգադրությունը: Արդարև, Աստված, ընդունելով Դավթի աղոթքը, Քուսիի միջոցով ցրում է Աքիտոփելի մտադրությունները: Քուսին, իմանալով նրա հնարամիտ չարության մասին և մտածելով, որ միգուցե Աբիսողոմի միտքը փոխելով, դեռևս Դավթին չտեղեկացրած` հարձակվեն նրա վրա, այս մտադրությամբ եղելությունը տեղեկացնում է Սադովկ և Աբիաթար քահանաներին, որպեսզի Դավիթն իր տեղից առանց ժամանակ կորցնելու Հորդանանի մյուս կողմը գնա:
Լուր տանելու համար արդեն պատրաստ սպասում էին Աբիաթար քահանայ որդին՝ Հովնաթանը, և Սադով քահանայի որդին՝ Աքիմասը, որոնք Երուսաղեմի մերձակայքում՝ Ռովգելի աղբյուր կոչվող վայրում էին գտնվում: Քանի որ Աբիսողոմը պահակներ էր նշանակել, որպեսզի Դավթի կողմը մարդ չանցնի, այս է պատճառը, որ Սադովկը և Աբիաթարը մի ծպտյալ աղախնի միջոցով են լուրը հայտնում որդիներին: Իսկ Հովնաթանն ու Աքիմասը, մեծ դժվարություններով և վտանգների ենթարկվելով, հազիվ կարողանում են լուրը Դավթին հասցնել:
Սակայն մի պատանի, նրանց տեսնելով, իսկույն Աբիսողոմին լուր է տալիս: Նա էլ նրանց հետևից մարդիկ է ուղարկում, որ բռնեն, բայց նրանք, պատանու` իրենց տեսնելու մասին կասկածելով, Ձիթենյաց լեռան մոտ` Բավուրիմ կոչվող վայրում, Դավթի բարեկամ մարդու տուն են մտնում, որտեղ մի անջուր հորի մեջ իջնելով` տանտիրուհին ծածկում է հորի բերանը և վրան միրգ չորացնելով զբաղվում: Այսպիսով, հաջողվում է փարատել Աբիսողոմի մարդկանց կասկածները, որոնք երբ գալիս և հարցնում են, պատասխանում է, որ ջրի մյուս կողմն են անցել, թեև այս խոսքին հավատալով` գնում և փնտրում են, սակայն չգտնելով` ձեռնունայն վերադառնում:
Ապա Հովնաթանը և Աքիմասը, հորից դուրս գալով, շտապում են՝ եղելությունը Դավթին հայտնելու, որն իր մարդկանցով, մինչ առավոտ անցնելով Հորդանանի մյուս կողմը, հասնում է Մանայիմ, որը թարգմանվում է բանակ (Ծննդ. 32:2): Սա այն վայրն է, որտեղ, ինչպես երրորդ դարի քսանհինգերորդ գլխում է հիշատակվում, Հակոբ նահապետը, հրեշտակների բանակներ տեսնելով, այդպես է կոչում այս վայրը։ Այստեղ Դավթի մի քանի բարեկամները` Վեսբին, Մաքիրը և Բերզելին, Դավթի փախուստի մասին իմանալով և իրենց բարեկամական զգացմունքներով շարժվելով, Դավթին և նրա մարդկանց առատ ուտելիք են բերում, նաև քնելու համար կարպետներ և խոհանոցային պարագաներ, որոնց կարիքը շատ էր զգացվում:
Այժմ հարկ է մտաբերել Աքիտոփելի թշվառ դրությունը. քանի որ ինչքան էլ ուրախանում է` Աբիսողոմին գրգռելով Դավթին թշվառ վիճակի մեջ գցելու համար, նույնքան էլ տխրում է, որ հենց նույն օրը նրան սպանելու դիտավորությունը անհաջողության է մատնվում: Քանի որ հասկանում է, որ, ի վերջո, Աբիսողոմը, կորստյան մատնվելով, Դավիթը վերստին Երուսաղեմում իր գահին է բազմելու, ուստի այս է պատճառը, որ սարսափելի երկյուղից հուսահատության մատնված` գնում է տուն և ընտանիքին կտակ գրելուց հետո կախվելով չարաչար վերջ տալիս իր կյանքին:
Ընթերցո´ղ, խրա´տ ընդունիր Աքիտոփելի տխուր դեպքից, գիտելիքովդ մի՛ հպարտանա, սրտումդ ոխ մի´ պահիր, մանավանդ Աստծու երկյուղը մտքիցդ երբեք մի՛ հանիր, որ չսխալվես: Ճիշտ է, վերոհիշյալ անձը աշխարհիկ գործերում շատ խոհուն և խորագետ էր, և հնարագիտության մեջ նրան նմանը չկար, սակայն աստվածային կամքով չշարժվելով և հպարտությամբ ցանկանալով վրեժխնդիր լինել`այնքան է ընկնում, որ բնությանը հակառակ, ինքն իրեն կորստյան մատնելով` ամբողջ աշխարհի առջև խայտառակ և նշավակ է լինում:
Ոխակալությունը բարկություն է ծնում, բարկությունն էլ կուրացնում է մարդու միտքը. ոխակալ մարդը, անկարող զանազանելու իր օգուտն ու վնասը, անպատճառ սխալվում է: Այսպիսի մեկը, ինչքան էլ գիտուն և իշխանության տեր լինի, դարձյալ հիմար, անճար և ապաշնորհ է համարվում: Արդարև, բարկությունը զսպել չկարողացող անձանց հատուկ է` սրտում քեն և ոխ պահելով հակառակորդից վրեժ առնելը, և վրեժի ծարավ մարդը միմիայն իր անկարող վիճակն է ցույց տալիս, սակայն ճշմարիտ իմաստունը, աշխարհի ընթացքին նայելով, գիտի, որ մարդու ամեն կամեցած չի կատարվում, և մարդու կամքին հակառակ վարվողներ էլ կարող են լինել։ Այս է պատճառ, որ եթե տխրություն էլ է ունենում, չի բարկանում, և սիրտը հանդարտվում է (ըստ առածի` իմաստունն անիրավությունից բարձր է): Նա, միշտ Աստծու կամքին համակերպվելով, ոչ միայն անախորժ ստիպողականությունների չի ենթարկվում, այլև հաղթում է անգամ իրեն չարիք պատճառողներին, քանի որ եթե վշտակիր անձը չի բարկանում, նրան վիշտ պատճառողն անպատճառ զղջում է:
Եթե ցանկանում ես քաջ և իմաստուն լինել, քեզ չարիք անողին բարի´ք արա. քանի որ չկա ավելի մեծագույն քաջություն և ազնվագույն հաղթանակ, քան մեր հակառակորդին բարությամբ և վեհանձնությամբ հաղթելը (Հռոմ. 12:21): Այո´, հանցագործին պատժելը արդարություն է, սակայն սույն պաշտոնը դատավորինը և մանավանդ Աստծունը լինելով՝ հակառակորդից կամ թշնամուց վրեժխնդիր լինող անձն անպատճառ հանցավոր է լինում: