22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Յոթ տարի: Ճիշտ է, հրեաները Քրիստոսին ասում են, որ քառասունվեց տարիների ընթացքում է կառուցվել, սակայն այս խոսքը տաճարի առաջին կառուցման համար չէր ասվել, այլ իսրայելացիների` Բաբելոնի գերությունից վերադարձից հետո, երբ երկրորդ անգամ են վերակառուցում քանդված տաճարը և Երուսաղեմի ավերված պարիսպները. այն ժամանակ թշնամիներին հաջողվում է քանդել շինությունը և հազիվ քառասունվեց տարվա ընթացքում են կարողանում ավարտին հասցնել (Բ Եզր. 4:23):
Սողոմոնը տաճարը կառուցելուց հետո այլ շինություններ էլ է կառուցում: Քանի որ սեր ուներ շինարարության հանդեպ, Երուսաղեմի շուրջը պարիսպ է կառուցում: Չնայած Սիոն լեռան վրա Դավթի պալատը կար, սակայն տաճարի մոտ ինքն իր համար պալատ է կառուցում, նույն կերպ իր կնոջ՝ փարավոնի դստեր համար է առանձին տուն կառուցում: Դարձյալ Երուսաղեմի մոտ իր համար ամառանոց կառուցելուց բացի` մի անտառ էլ է տնկում, որը պատշաճ է համարում անվանելու Լիբանան կամ Լիբանանյան անտառ:
Երուսաղեմի և Սիոն լեռան միջև եղած ձորակը լցնել է տալիս և իսրայելացիների երկրի սահմաններում գտնվող շատ քաղաքների շուրջը պարիսպներ և բերդեր է կառուցում, որպեսզի եթե թշնամիները հարձակվելու հանդգնություն ունենան, պաշտպանվելը հեշտ լինի:
Հիրավի, Սողոմոնը ինչ էլ ձեռնարկում է, Աստծուց հաջողություն է գտնում (Բ Մնաց. 7:11): Սակայն նկատի ունենալով, որ միգուցե Սողոմոնը սխալվելով աստվածային պատվիրաններին հակառակ վարք ունենա, Աստված նորից է երևում նրան, ինչպես Գաբավոնում էր երևացել (տե՛ս ԽԳ հարցը), և հետևյալ խոսքն է ասում. «Աղոթքդ ու աղաչանքդ լսեցի, ուստի եթե հորդ՝ Դավթի նման պատվիրաներս հավատարմությամբ պահես, կհաստատեմ քո թագավորությունը, և եթե դու և քո որդիները, Ինձ հակառակ, կուռքերին ծառայեք, այն ժամանակ իսրայելացիներին մերժելով կմերժեմ և տաճարն էլ կավերեմ, որպեսզի ամբողջ աշխարհը լսելով ասի, թե սրանք Աստծուն հակառակվեցին և դրա պատճառով պատժվեցին»: Սույն խոսքերը Սողոմոնի համար մեծ և փրկարար պատվիրաններ և հատուկ ողորմություն էին, որպեսզի իր հաջողություններին և փառքին ապավինելով` անձնատուր չլինի աշխարհիկ զվարճությունների և Աստծու սուրբ երկյուղն էլ մտքից չհանի:
Քանի որ Սողոմոնի գանձերն ու հարստությունը չափազանց մեծ էին, և փառավորության ու շքեղության առումով նրան հավասարը չկար, նրա կամքը իսկույն կատարվում էր. օտար բոլոր ազգերի թագավորները, կա´մ երկյուղից, կա´մ նրա մեծարելու համար ծառայելով, հարկ էին վճարում և նրա բոլոր պահանջները բավարարելով` ցանկանում էին շահել նրա բարեկամությունը:
Օրինակ` վերոհիշյալ Քիրամ թագավորը ոչ միայն տաճարի կառուցման առթիվ շատ մեծ բարիքներ է անում թագավորին, այլ նաև մեծ քանակությամբ ոսկի և Եմաթսոբա կոչվող գավառը կամ երկիրն է նվիրում նրան: Չնայած Սողոմոնն էլ իր հերթին քսան քաղաք է նվիրում Քիրամին, սակայն սա, երբ տեսնում է այդ քաղաքները, ինքն իրեն ասում է. «Այս ի՞նչ քաղաքներ են, որ ինձ տվեցիր, եղբա´յր», և դրանց անունը սահման է դնում, քանի որ անօգուտ վայրերում էին և միայն սահմանները ցույց տալուն կարող էին ծառայել, այդուհանդերձ, Սողոմոնին չվշտացնելու համար դրանից ավելի բան չի ասում: Նույն ձևով Եգիպտոսի փարավոնը, որպես իր աղջկան օժիտ, ամենայն առատաձեռնությամբ Սողոմոնին է նվիրում քանանացիներից գրաված բոլոր երկրները:
Սողոմոնը ցանկանում է տիրել նաև իր պետությանը սահմանակից ծովերին, սակայն ամբողջ Երուսաղեմում նավաստի չգտնելով` դարձյալ վերոհիշյալ Քիրամ թագավորին է դիմում` խնդրելով նավապետ և նավաստիներ տրամադրել: Քիրամի երկիրը, ծովեզրյա լինելով, բազմաթիվ փորձառու նավաստիներ ուներ, ուստի նրանց ուղարկում է Սողոմոնին, որոնց Սողոմոնը իր մարդկանց հետ Կարմիր ծովի եզերքն է ուղարկում և իր համար նավահանգիստ ըտրելով` բազում նավեր է կառուցում և այդ կողմերում գտնվող հայտնի Սոփեր կոչվող վայրից առատ ոսկի է բերել տալիս: Նաև Փարաշամի ծովեզերքին իր համար նավահանգիստ է ընտրում և այնտեղ բազում նավեր է կառուցել տալիս, որոնցով տարեցտարի օտար երկրներից Սողոմոնին բազում գանձեր և հարստություն են բերում:
Այսպիսով, Սողոմոնի անունն այնքան է փառավորվում, որ հեռավոր երկրների իշխաններն ու թագավորները ոչ միայն հազվագյուտ և թանկագին ընծաներ են ուղարկում նրան, այլև նրա բարեկամություն ու մտերմությունը իրենց համար փառք ու պատիվ համարում: Ինչպես Եմենի կողմերի հարավային երկրի Սաբա թագուհին (Մտթ. 12:42), որն իմաստուն և իմաստությանը սիրահար կին էր, լսելով, որ Սողոմոնը գիտությունների մեջ չափազանց առաջադեմ և կատարյալ մեկն է, անձամբ բազում զորքով Երուսաղեմ է գալիս, որպեսզի նրան փորձի: Սույն թագուհին բազում կնդրուկ և անուշահոտ խունկեր, ոսկի և գոհար է ընծայում Սողոմոնին:
Իսկ գիտությանը վերաբերող ինչ հարցեր էլ առաջարկում է, Սողոմոնն իսկույն այնպիսի ճշգրտությամբ և անսխալ բացատրություններով է գոհացնում թագուհուն, որ նա մեծապես զարմանում է նրա մեծ իմաստությունից և գիտելիքներից: Բացի դրանից` տեսնելով նրա բնակության պալատը և կառուցած այլ շինություններ, մասնավորապես նորակառույց տաճարը և դրանում առկա զարդերն ու կահկարասին, Աստծուն մատուցվող զոհերը և արքայական տան կարգադրությունները, ինչպես նաև ծառայող մարդկանց կանոնավոր և վայելուչ պահվածքն ու վարքը, ապշում և հիանում է այս ամենով և ստիպված խոստովանում, որ մինչ ինքը, Սողոմոնի վերաբերյալ լսածները չափազանցություն համարելով, չէր ցանկանում հավատալ, հիմա տեսնում է, որ իր լսածն անգամ տեսածի կեսն էլ չէ, ուստի երանի է տալիս նրա կանանց և ծառաներին, որոնք միշտ լսում են նրա խոսքերը և օգտվում աստվածապարգև գիտելիքներից:
Արդարև, վերոհիշյալ թագուհին հայտնապես խոստովանելով, որ այսպիսի ընդարձակածավալ գիտելիքները և խոհեմազարդ կենցաղավարությունը Աստծու հատուկ շնորհ ու ողորմություն է, գովում և փառաբանում է Աստծուն, որ, Իսրայելը սիրելով, Սողոմոնին թագավոր է կարգել, որպեսզի արդարությամբ և իմաստուն թագավորությամբ ժողովըրդին երջանկությունը պատրաստի: Սողոմոնը ևս հիշյալ թագուհուն, մեծ պատիվ և արքայական հյուրասեր մեծարանք ամենայն շռայլելությամբ ընծայելուց բացի, նրա ցանկության համաձայն` ամեն ինչով գոհացնում է նրան, և նա մեծ գոհունակությամբ վերադառնում է իր երկիր:
Այժմ հարկ է փոքր-ինչ խորհելու. Սողոմոնը հարստություն և մեծություն խնդրելու փոխարեն միմիայն իմաստություն է խնդրում, և հենց դրա պատճառով Աստված նրան անսովոր իմաստություն տալուց բացի` այնքան հարստություն և մեծություն է տալիս, որի նմանը մինչ այդ բնավ չէր եղել: Նրա պալատի ողջ սպասքն ու անոթները ոսկուց էին, նրա օրոք արծաթը անարժեք բան էր համարվում (Գ Թագ. 10:21), և շրջակա թագավորներից առավել հանճարեղ և իմաստուն, ինչպես նաև մեծությամբ, հարստությամբ և զորությամբ փառավորված (Գ Թագ. 10:23)` Սողոմոնն իշխում է նրանց բոլորին, ինչպես Սուրբ գրքից է հայտնի: