Աքաաբի մահվանից հետո ո՞վ է դառնում Իսրայելի թագավոր:

Նրա որդին՝ Ոքոզիան: Սա նույնպես,  հոր չար վարքին հետևելով, Բահաղի կուռքերն է երկրպագում և մոտ երկու տարի թագավորելով` ըստ իր չարության  էլ մահանում, քանի որ Սամարիայի իր պալատի վերնահարկից վայր ընկնելով` սաստիկ վնասվում է: Ապա ցանկանալով հասկանալ իր հիվանդությունից կապաքինվի՞, թե՞ ոչ, կռապաշտների Ակկարոն քաղաք մարդ է ուղարկում, որ սա Բահաղ կուռքից տեղեկություն բերի:

Եղիա մարգարեն, հրեշտակից տեղեկանալով եղելությանը, այդ պատգամաբերներին ընդառաջ է դուրս գալիս` ասելով. «Մի՞թե իսրայելացիների երկրում Աստված չկա, որ գալիս եք կուռքից հարցնելու», և վճռում է, որ Ոքոզիան չի բժշկվելու և մահանալու է: Թեև նրանք Եղիային չեն ճանաչում, սակայն նրա խոսքերից հասկանում են, որ մարգարե է, և հետ դառնալով այդ սպառնալի վճիռը հայտնում են թագավորին, որն էլ իմանում է, որ նրանց ընդառաջ ելնողն ու այդ սպառնալի վճիռը հայտնողը Եղիան է եղել: Ոքոզիան, գիտենալով, որ նա Կարմեղոս լեռան վրա է բնակվում, մի հիսնապետի գլխավորությամբ հիսուն մարդ է ուղարկում նրան գտնելու և իր մոտ բերելու համար:

Հիշյալ հիսնապետը, Եղիային գտնելով, իշխանաբար հրամայում է. «Աստծո´ւ մարդ, թագավորը քեզ կանչում է, ներքև´ իջիր այդտեղից»: Այս խոսքին Եղիան պատասխանում է. «Եթե Աստծու մարդն եմ, թող երկնքից կրակ իջնի և քեզ և քո հիսուն մարդկանց այրի», և ահա աստվածային կամքով իսկույն երկնքից կրակ է իջնում և այրում նրանց (Դ Թագ. Ա:10), Ոքոզիան, որ նրանց հետ տեղի ունեցած սույն դժբախտ պատահարին անտեղյակ էր, առանց ստուգելու, թե նրանք ինչո՞ւ չեն վերադառնում, նրան ձերբակալելու համար մի ուրիշ հիսնապետի հետ ևս հիսուն մարդ է ուղարկում:

Այս երկրորդ հիսնապետն էլ գնալով միևնույն իշխանական ոճով ասում է. «Աստծո´ւ մարդ, թագավորի հրամանն է, որ շուտափույտ այդտեղից ներքև իջնես»: Եղիա մարգարեն նախորդ հիսնապետին տված պատասխանը այս երկրորդին էլ ասելուն պես երկնքից կրակ իջնելով այրում է նրանց: Ոքոզիան երրորդ անգամ էլ է հիսնապետ ուղարկում իր մարդկանցով, սակայն սա, իրենից առաջ գնացածների կորստյան մասին իմանալով, ամենայն խոնարհությամբ մարգարեի առջև ծունր դնելով, պաղատագին խնդրում է`ասելով. «Ո՛վ Աստծու այր, ողորմի´ր ծառայիդ,», և հրեշտակը Եղիային հայտնում է, որ նրանց հետ աներկյուղ գնա:

Այն ժամանակ Եղիան,  աներկյուղ իջնելով, գնում է Ոքոզիայի մոտ, որը դեռ մի խոսք էլ  չէր արտասանել, և կրկնում է նրա մարդկանց հայտնած պատիժը` ավելացնելով, որ կուռքերին հարցնելու համար մարդիկ ուղարկելու պատճառով առանց անկողնուց վեր կենալու պետք է մահանա: Թագավորն անկարող է լինում որևէ բան պատասխանելու, և երբ մարգարեն արքայական պալատից դուրս է գալիս, Ոքոզիան նրա խոսքին համապատասխան` մահանում է:


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․