3 Դեկտեմբեր, Գշ
Վախից: Որովհետև վերոհիշյալ հրաշքը տեսնելով՝ նրա զորությունն ու սրբությունը և իրենց անարժան ընթացքն ու մեղավորությունը իսկույն նկատեցին: Այդ պատճառով էլ խնդրեցին, որ իրենց երկրում չմնա, որովհետև միգուցե ծանրագույն պատիժ գար իրենց վրա նրա ներկայության պատճառով: Հիսուսը, նրանց խնդրանքին ընդառաջելով, նավակն է մտնում Կափառնայում վերադառնալու համար, որտեղ հաճախ քարոզելու և բնակվելու պատճառով այն իր քաղաք-ն է գրված: Եվ երբ բնակիչները նրա վերադարձի մասին իմացան, քարոզությունը լսելու համար այն աստիճան մեծ բազմություն հավաքվեց, որ նրա տանը մինչև դուռը կանգնելու տեղ չմնաց, և նա կրկին քարոզում էր:
Արդ, որովհետև նրա հրաշագործ զորությունը հայտնի էր քաղաքի բնակիչներին, այդ պատճառով իր մահճով մի անդամալույծի են բերում բժշկելու համար: Բայց երբ բազմության պատճառով չեն կարողանում մոտենալ Հիսուսին, նրա նստած տեղում առաստաղը քանդելով՝ չորս մարդ անդամալույծին իր մահճով ցած են իջեցնում նրա առջև: Նրանց հավատը տեսնելով՝ Հիսուսն անդամալույծին ասում է. «Որդյա՛կ, թող ներվի քեզ քո մեղքը»: Օրենսգետներից ոմանք, որ ներկա էին այնտեղ, սկսեցին խորհել իրենց մտքում, թե՝ «Այս ի՞նչ հայհոյություն է, որ այս մարդն անում է: Աստծուց բացի ո՞վ կարող է ներել մեղքերը»:
Հիսուսը, նրանց մտքերն իմանալով, ասում է. «Ո՞րն է ավելի դյուրին, անդամալույծին ասել՝ մեղքերդ ներված են, թե՞ ա՛ռ մահիճդ և գնա՛»: Եվ ցույց տալու համար, որ երկրի վրա իշխանություն ունի մեղքերին թողություն տալու, անդամալույծին ասում է. «Քեզ ասում եմ՝ ա՛ռ մահիճդ և գնա՛»: Արդարև, հենց որ նա մահիճն առնելով իսկույն գնում է, բոլոր ներկաները սաստիկ զարմացած փառավորում են Աստծուն՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չեն տեսել»: Եվ որովհետև քարոզը լսելու համար մեծ բազմություն էր եկել, տնից դուրս գալով՝ Հիսուսը նորից ծովեզերք է գալիս, և ժողովուրդն էլ նրա հետևից է գնում, և նա դարձյալ քարոզում է նրանց:
Հարկ է նկատել, որ երբ Գերգեսացիների երկրից վերադարձավ, ժողովուրդն արդեն անձկությամբ սպասում էր նրան, և երբ սիրով ընդունեցին, նա Կափառնայում քաղաքում քարոզում էր նրանց, իսկ քաղաքից դուրս գնալու ժամանակ, կամենալով իրեն աշակերտության կոչել մաքսավոր Մատթեոսին (Ալբեոսի որդուն, որ նաև Ղևի էր կոչվում), ճանապարհի վրա նրան տեսնելով՝ նրան միայն ասում է՝ «Հետևի՛ր ինձ», և նա, աշխարհային և մարմնավոր բոլոր հոգսերը սրտից ու մտքից հանելով, անմիջապես գնում է նրա հետևից:
Մատթեոսը, իրեն բաժին ընկած ողորմությունը հասկանալով, այնքան է ուրախանում, որ ի նշան Հիսուսին աշակերտելուն՝ նրան ու նրա աշակերտներին, ինչպես նաև ուրիշ շատերի իր տուն է հրավիրում, ուր մեծ խնջույք է կազմակերպում նրանց համար: Երբ Հիսուսը ճաշի էր նստած նրա տանը, մաքսավոր ու մեղավոր շատ մարդիկ ևս սեղանի շուրջը բազմած էին նրա հետ: