Հիսուսն առաքյալներին ինչո՞ւ ասաց, թե Հայր Աստծուց զատ ոչ ոք չգիտի կատարվելիք բաների ժամանակը:

Որպեսզի մարդիկ, միշտ զգուշությամբ ապրելով, ըստ ամենայնի պատրաստ լինեն, որովհետև ինչպես Հայր Աստված, ինքը ևս գիտեր ամեն բանի ժամանակը: Արդարև, ինչպես վերևում արդեն ասացինք, մարդու համար անօգուտ էր այդ բաների ժամանակն իմանալը, իսկ ինչ որ օգտակար էր, այդ ամենը հայտնեց, որպեսզի դատաստանի օրը չպատժվեն, քանի որ մարդը մեռած ժամանակ ինչ վիճակում կամ ընթացքի մեջ որ լինի, փոխարենը ըստ այնմ պիտի ստանա այդ օրը: Ուրեմն չե՞ս ուզում դատապարտվել. ջանա՛ կենդանությանդ ժամանակ միշտ առաքինություն գործել:

Հիսուսն այս մտքով մի առակ ևս պատմելով՝ Աստծու արքայությունը նմանեցնում է տասը կույսերին, որոնք իրենց լապտերները վառելով՝ ընդառաջ ելան փեսային: Բայց քանի որ նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն, հիմարներն իրենց հետ ձեթ չվերցրին, իսկ իմաստուններն ամանով ձեթ ունեին: Երբ փեսան ուշացավ, բոլորը քնեցին: Բայց կեսգիշերին հանկարծ ձայն լսվեց, թե՝ «Ահա փեսան գալիս է, ընդառա՛ջ ելեք»: Նրանք էլ զարթնելով սկսեցին լապտերները կարգի բերել: Երբ հիմարների լապտերները սկսեցին հանգչել, և նրանք իմաստուններից յուղ խնդրեցին, իմաստունները պատասխանեցին, թե՝ «Մեր ունեցած յուղը գուցե մեզ և ձեզ  միաժամանակ չբավարարի: Գնացե՛ք և վաճառականների՛ց գնեք»: Հենց որ նրանք գնացին յուղ առնելու, փեսան եկավ և նրանք, ովքեր պատրաստ էին, նրա հետ մտան հարսանիքի, ու դուռը փակվեց: Ապա երբ հիմար կույսերը ևս գալով ասացին՝ «Տե՛ր, դուռը բա՛ց մեզ», նա պատասխանեց. «Չեմ ճանաչում ձեզ»:

Այս առակի մասին մեծ ուշադրությամբ խորհի՛ր, ընթերցո՛ղ, որպեսզի երկնավոր հարսանիքի փառքից չզրկվես: Հիրավի, վերոհիշյալ հիմարները կույս էին, իրենց լապտերներն էլ վառելով՝ փեսային ընդառաջ եկան, և բացի այդ, երբ իրենց յուղը պակասեց, և ուրիշներից խնդրելով՝ չկարողացան ձեռք բերել, իսկույն գնալու և գնելու ցանկություն էլ ունեցան, սակայն որովհետև ժամանակին անհոգ գտնվելով՝ անպատրաստ էին, դուրս մնացին և հարսանյաց փառքից զրկվեցին:

Արդարև նա, ով իր ձեռքում եղած պատեհությունը կորցնում է, եթե հետո նույնիսկ որոնի, չի կարող գտնել: Արդ, որքան էլ առաքինի լինես, մի՛ ասա, թե այսքանը բավական է, այլ հոգևոր ճանապահին միշտ արթուն մնալով՝ օրըստօրե առաքինություն գործելու ջանքե՛ր գործադրիր, քանի որ չգիտես, թե երբ պետք է մեռնես, մանավանդ աղոթի՛ր, որ մեռնես այն ժամանակ, երբ Աստծուն հաճելի կլինես: Դատաստանի օրը ինչ վիճակում որ ուզում ես լինել երկնավոր դատավորի առջև, կենդանությանդ ժամանակ միշտ ջանա՛ այդպիսին լինել, որպեսզի հավիտենական դատապարտության չմատնվես:

Այս մասին Հիսուսը դարձյալ մի առակ պատմեց՝ ասելով. «Մի մարդ հեռու երկիր գնալու ժամանակ ծառաներին կանչեց, ոմանց հինգ, ոմանց երկու և ոմանց մեկ քսակ փող տվեց, որ շահեցնեն: Երկար ժամանակ անց գալով, երբ կամեցավ հաշիվը ստանալ, պարզվեց, որ հինգ քսակ ստացողը հինգ ևս շահել էր, երկու քսակ ստացողը ևս երկու ուրիշն էր շահել: Նրանց գովելով՝ իր փառքին հաղորդ և մասնակից դարձրեց: Իսկ նրան, որ մեկ քսակ էր ստացել և այն հողի մեջ պահելով՝  չէր շահեցրել, պատժի ենթարկեց և արտաքին խավարը գցեց, որպեսզի այնտեղ լաց լինի և ատամները կրճտացնի» (այս միտքն արտահայտող մի առակ էլ էր պատմել նախկինում, ինչպես որ հիշվեց ԽԴ. հարցում):

Քանի որ Հիսուսը երկու օրից հետո խաչը ելնելով՝ չարչարանքով մեռնելու էր, որպեսզի նրա աշակերտներն իրենց հավատի մեջ չթուլանան, նրանց հայտնեց, որ երբ դատաստանի օրը մեծ փառքով ու հրեշտակների հետ դատելու գա,  բոլոր ազգերին իր առջև պիտի հավաքի, և ինչպես որ հովիվը զատում է ոչխարներն այծերից, այնպես էլ ինքը, արդարներին մեղավորներից զատելով, արդարներին իր աջ կողմում, իսկ մեղավորներին ձախ կողմում պիտի կանգնեցնի: Այնժամ աջ կողմում կանգնողներին պիտի ասի. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, քանի որ քաղցած էի, կերակուր տվեցիք ինձ, օտար էի, ընդունեցիք ինձ, մերկ էի, հագցրիք ինձ, հիվանդ էի, տեսության եկաք, բանտում էի, այցելեցիք ինձ»:

Երբ արդարները պատասխան տալով ասեն՝ «Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք ու կերակրեցինք, կամ՝ ծարավ, ու ջուր տվեցինք. ե՞րբ օտար տեսանք քեզ և ընդունեցինք կամ՝ մերկ և հագցրինք. ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք քեզ», Հիսուսը նրանց կպատասխանի. «Որովհետև այս փոքրիկներից մեկին արեցիք, ինձ արեցիք»: Այսպես ահա լսեցիր, թե Հիսուսը դատաստանի օրը ի՜նչ քաղցրությամբ պիտի խոսի արդարների հետ: Սրան հակառակ՝ լսելով, թե ինչպիսի՛ բարկությամբ պիտի խոսի մեղավորների հետ, պատճառ ունես վախենալու, քանի որ իր ձախ կողմում գտնվողվերին պիտի ասի. «Գնացե՛ք, անիծյալնե՛ր, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա սպասավորների համար»:

«Որովհետև քաղցած էի, և կերակուր չտվեցիք ինձ, ծարավ էի, ջուր չխմեցրիք, օտար էի, չընդունեցիք ինձ, մերկ էի, չհագցրիք, հիվանդ և բանտում էի, ինձ տեսնելու չեկաք»: Երբ լսեն այս խոսքերը, շփոթված ու արտասվելով պիտի պատասխանեն. «Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած, ծարավ, օտար, մերկ կամ հիվանդ ու բանտում տեսանք և չծառայեցինք քեզ»: Այն ժամանակ դատավորը կասի. «Որովհետև այս փոքրերից մեկին չարեցիք, ինձ չարեցիք»: Եվ այս ասելով՝ մեղավորների համար հավիտենական տանջանքի, իսկ արդարների համար՝ հավիտենական կյանքի վճիռ կկայացնի, որպեսզի արդարները մխիթարվելով՝ առաքինության շավղի մեջ երբևէ չթերանան, իսկ մեղավորները վախենալով դարձի գան և ապաշխարեն:

Հիրավի, քանի որ այս աշխարհում արդարները և մեղավորները միասին են բնակվում, արդարներն անարդարների ձեռքից շատ զրկանքներ են կրում, բայց Հիսուսն ահա հայտնեց, որ դատաստանի օրը իրարից զատվելով՝ արդարներն ուրախ և երջանիկ պիտի լինեն, իսկ մեղավորները անվախճան տրտմության ու թշվառության  օվկիանի մեջ պիտի ընկղմվեն:

Լա՛վ ըմբռնիր, ընթերցո՛ղ, մինչև այդ ժամանակ Հիսուսը առաքինության տարբեր ճանապարհներն էր ուսուցանում, սակայն այս անգամ նրա խոսքը եղբայրասիրության և գթասրտության մասին էր, որպեսզի ամեն մարդ, խրատ առնելով, օգնի չքավոր աղքատներին և օգնության ու ողորմության արժանանա: Որովհետև անճար, կարոտյալ ու աղքատ վիճակում գտնվող այդպիսի անձանց օգնելը ոչ թե նրա՛նց օգնել ու բարերարել է, այլ նրանց Ստեղծողին: Ուրեմն  եթե ուզում ես հանդերձյալ աշխարհում ուրախ լինել, աղքատին ու կարիքավորին օգնի՛ր կարողությանդ չափով և բնավ մի՛ անտեսիր այս սրբազան պարտականությունդ:

Հիսուսը վերևում բոլոր հիշատակվածներն առաքյալներին հայտնելուց հետո ասում է. «Գիտե՞ք, որ երկու օրից զատիկ է, և Մարդու Որդին մատնվելով պիտի խաչվի»: Այս մասին նախապես շատ անգամ էր խոսել, բայց քանի որ ժամանակը չէր հայտնել, այս անգամ ժամանակն էլ է հայտնում, որպեսզի հայտնի լինի, որ իր հոժար կամքով պետք է խաչվի: Երբ Հիսուսը Ձիթենյաց լեռան վրա ասում էր այս խոսքերը, այդ նույն ժամանակ քահանայապետներն ու օրենսգետները Երուսաղեմում, Կայիափա քահանայապետի տանը հավաքված, խորհրդակցում և որոշում են անպատճառ սպանել նրան: Դրանով հանդերձ՝ չեն համարձակվում բացահայտ կերպով մարդ ուղարկել նրան բռնելու, այլ ուզում են նենգությամբ ձերբակալել, քանի որ հաճախ նրան բռնել ու քարկոծել են ուզել, բայց չեն կարողացել:  Որովհետև Հիսուսը պետք է խաչը ելներ իր կամքով և հոժարությամբ մատնվելով:

Դրանից բացի՝ ժողովրդի մեջ խռովություն չբորբոքելու համար ասում են. «Թող այս տոնին չլինի»:Քանի որ տոնի առթիվ շրջակա քաղաքներից մեծ բազմություն էր Երուսաղեմ եկել, ուստի վախենալով ասացին՝ «Թող տոնին չլինի», բայց երբ Հուդան իր չար մտադրությամբ, այն հարմար ժամանակ համարելով, մատնեց Հիսուսին, իսկույն ցանկացան իրենց տիրասպան դիտավորությունն իրագործել:

Այո՛, քահանայապետների և օրենսգետների ամենաչար խորհուրդը հայտնի էր Հիսուսին, բայց որովհետև իր մեծ ողորմությամբ մարդկային ցեղը մեղքից փրկելու համար կամովին խաչը ելնելով պիտի մեռներ, ուստի դեռ Ձիթենյաց լեռան վրա եղած ժամանակ հինգշաբթի օրը Պետրոսին ու Հովհաննեսին Երուսաղեմ է ուղարկում, որպեսզի գնալով՝ օրենքի համաձայն զատկական գառը և անհրաժեշտ այլ բաներ պատրաստեն:

  Երբ հիշյալ առաքյալները Հիսուսին հարցնում են, թե՝ «Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք զատիկը», նա պատասխանում է. «Գնացե՛ք քաղաք. երբ ներս մտնեք, սափորն ուսի վրա մի մարդու պիտի հանդիպեք, որի հետևից գնալով՝ ո՛ր տունը մտնի, տանտիրոջն ասե՛ք. «Վարդապետն ասում է. ''ժամանակս մոտեցել է, աշակերտներիս հետ որտե՞ղ պետք է ուտեմ զատկական գառը'' (թեև այս մարդու ով լինելը գրված չէ, բայց Հովհան Ծործորեցին ասում է, թե Հովսեփ Արեմաթացին էր): Եվ նա պետք է ցույց տա ձեզ զարդարված մի մեծ վերնատուն. ահա այնտե՛ղ պատրաստեք»:

Գնալով՝ նրանք գտան ճիշտ այնպես,  ինչպես իրենց հայտնվել էր, և պատրաստեցին: Երբ երեկո եղավ, և Հիսուսն առաքյալների հետ այնտեղ եկավ, ու գառը կերան, այդ ժամանակ հին օրենքը վերջացավ: Եվ որովհետև նոր օրենքը հաստատելու ժամանակը եկել էր, Հիսուսն ասում է իր աշակերտներին. «Ցանկանալով ցանկացա, դեռ չչարչարված, այս գառը ձեզ հետ ուտել», որովհետև այդ գառը Հիսուսի օրինակն էր (տե՛ս երրորդ դարի ԾԳ. հարցում):

Ապա Հիսուսը, մեջքին մի սրբիչ կապելով, անձամբ ջուր է լցնում կոնքի մեջ և սկսում լվանալ աշակերտների ոտքերն ու սրբիչով սրբել: Այդ ժամանակ աշակերտների միջև վիճաբանություն է սկսվում, թե իրենց մեջ ո՛վ պետք է մեծ լինի, որովհետև նրանք դեռ լիովին կատարելության չէին հասել: Քանի որ նրանց միտքը հայտնի էր Հիսուսին, նա խրատ է տալիս նրանց՝ ասելով. «Ձեր մեջ մեծ եղողը թող որպես ծառա լինի»: Այս մասին նախկինում ևս  ասել էր նրանց (տե՛ս ԼԶ. հարցը):

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․