6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Այս հարցդ բաժանելով երեք մասի՝ անհրաժեշտ է երեք պատասխան տալ: Նախ՝ արդյո՞ք Հովհաննեսը մեծ ու առավել է, քան մարգարեն: Երկրորդ՝ ինչո՞ւ է ասվում մեծ՝ քան բոլոր մարգարեները: Երրորդ՝ ո՞վ է երկնքի արքայության փոքրիկը:
Առաջինին այսպես կպատասխանեմ. հիրավի Հովհաննեսը մեծ է և առավել է, քան մարգարեն, քանզի ոչ միայն բերանով մարգարեացավ Քրիստոսի համար, ինչպես ուրիշ մարգարեները, այլև մատնանշեց, որ «Սա՛ է Աստծո Որդին»:
Երկրորդ հարցիդ պատասխանը սա է. նրա համար է ավելի մեծ համարվում, քան բոլոր մարգարեները, որովհետը միայն ինքը հատուկ շնորհ ունեցավ, քանզի ապաշխարող էր, քարոզիչ, մարտիրոս, և դեռևս մոր արգանդում մարգարեացավ Քրիստոսի համար: Իր հղությունը հրեշտակից իմացվեց, ծնվելիս բացվեց հոր լեզուն և շատ այլ շնորհներ ունեցավ, որ ուրիշ մարգարեները չունեին: Այս պատճառով ասվում է ավելի մեծ, քան՝ մյուս մարգարեները:
Երրորդ՝ ասացիր, թե ո՞վ է արքայության փոքրիկը: Նա է, ով ունի սրբարար շնորհների փոքրիկ աստիճան, որն ավելի բարձր է, քան բարձրաստիճան մարգարեություն ունեցողը, քանզի մարգարեությունն ինքնըստինքյան չի կատարելագործում այն ունեցողին և անկարող է հաճելի դարձնել Աստծուն: Սակայն սրբարար շնորհքը կատարելագործում է և դարձնում Աստծո բարեկամ: Ուստի շատ առավել է արդար լինել, քան՝ մարգարե: Եվ Հովհաննեսն առավել հարգված էր այն շնորհների առումով, որոնցով սրբվեց, քան՝ մարգարեության, որով զարմանալի երևաց: