14 Նոյեմբեր, Եշ
Պատասխան – Ահա այսպես ընդարձակ են մեկնում Կալինոսը, Հերոնիմոսը, Օգոստինոսը և Լիբանոսը: Հիսուս, հարությունից հետո հայտնված ժամանակ, ճշմարտապես կերավ, սակայն ոչ թե մեզ պես կերակրի կարիք ունենալով, այլ կարողությամբ, ինչպես ասում է Օգոստինոսը: Հրեշտակները, երբ մարմնավոր ձևով են երևում, ճշմարտապես չեն ուտում, այլ արտաքուստ այդպես են ձևացնում, քանզի ուտելը կենսական գործողություն է, որով հոգին գործի է դնում մարմնեղեն այն գործարանները, որոնք իրենից են տեսակավորված, այսինքն՝ հոգևորված, բերանից ստամոքս է ուղարկում այնպիսի ուտելիք, որ այնտեղ հալում և մարսվում է, իսկ հետո կաթի պես բան է դառնում՝ փոխարկվելով արյան, որով սնվում են մարմնի անդամները: Հրեշտակն իր մարմնանալով տեսակավորված չի համարվում, այլ մոտավորապես այդպիսին է լինում: Ուստի նրա խոսելը, շարժվելը, ուտելը կենսական գործողություններ չեն, այլ լոկ արտաքին երևույթներ:
Տոբիթի հրեշտակը կերակուր էր վերցնում բերանը, կուլ էր տալիս, և կերակուրը գնում էր ստամոքսի մեջ: Բայց քանի որ բերանը, խռչափողը և ստամոքսը տեսակավորված չէին այդ հրեշտակից, դրա համար էլ ճշմարիտ բերան, խռչափող և ստամոքս չէին: Նույնպես և ուտելը ճշմարիտ չէր, այլ լոկ շարժում կամ երևույթ, որով այն երևութապես կերակուրը մանրում էր բերանում և ապա ցրում օդի մեջ ու աներևութացնում:
Բայց Քրիստոս, հարությունից հետո, ճշմարիտ կենսական գործողությամբ՝ մարդկային եղանակով էր ծամում կերակուրը: Այն այնպես էր իջնում ստամոքսի մեջ, որ կարող էր փոխվել արյան և սննդի, եթե սննդի կարիք զգար: Բայց սննդի կարիք չունենալով և փառավորյալ մարմնի թափանցության ձիրք ունենալով՝ հոգին անտեսանելի կերպով այն ցրում էր օդում:
Եթե լավ չհասկացար այս ասածներս, որովհետև երկար ստացվեցին, օրինակ բերեմ Օգոստինոսից, որով ավելի հստակ կիմանաս և շատ լավ կհասկանաս, թե Քրիստոս, հարությունից հետո, ինչպես էր ուտում, և ինչպիսին է մեր ուտելը:
Ջուրը և՛ արեգակն է խմում, և՛ ծարաված երկիրը, սակայն տարբեր եղանակներով: Արեգակը կարողությամբ է ցամաքեցնում ջուրը, այլ ոչ թե ջրի կարիք ունենալով: Բայց ծարավ երկիրը կարիքից ելնելով է խմում, որ զովանա:
Ծարավ երկիրը խմում է ջուրը և իր երակներին է բաժին հանում: Արեգակը ջերմ ճառագայթներով ջուրն է քաշում, բայց դրանից իրեն օգուտ չկա, քանզի ջրի կարիք չունի: Ուստի գոլորշի է դարձնում ու անհետացնում: Տե՛ս «Տեսություն Նոր Կտակարանաց», հատոր Բ: