Հովհ.21:11- ում նշված է ուռկանում որսված ձկների քանակն է' 153։ Սբ Գրքում թվերը նույնպես ունեն խորհրդանշական իմաստ. ի՞նչ է իմաստավորում 153 թիվը. Նախապես շնորհակալություն

Ի պատասխան հարցադրումին, նախ պետք է նշել, որ Սուրբ Գրքում հանդիպող ոչ բոլոր թվերը անպայմանորեն հատուկ խորհուրդ ունեն: Ձկնորսների խմբերը միշտ հաշվում էին այն ձկների քանակը, որը նրանց հաջողվել էր բռնել, որպեսզի հավասար բաշխեին խմբի անդամների միջև: Հովհաննես Ավետարանիչը ընդգծում է այս թիվը, որպեսզի ցույց տա, որ այսչափ ձկներից ուռկանը, այնուամենայնիվ, չպատռվեց և որսը չկորչեց: Այդուհանդերձ, Եկեղեցու հայրաբանական գրականությունը Ավետարանի այս հատվածին մի շարք մեկնություններ է տալիս`այդ թվում խորհրդաբանական և այլաբանական: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այսպես է մեկնում այս թվանիշը. “Հարյուրը, ինչպես ինձ է թվում, և արդարացիորեն է այդպես թվում, ցույց է տալիս հեթանոսների լիությունը, քանզի ամենից ամբողջական թիվը` հարյուրը, կազմվում է տաս տասյնակից, ուստի և մեր Տեր Հիսուս Քրիստոսը նախ ասաց, որ Նա հարյուր ոչխար ունի (Մտթ. 18:12), դրանով ցույց տալով բանական արարածների կատարյալ թիվը, ապա պնդեց, որ լավագույն հողը հարյուրապատիկ պտուղ տվեց (Մրկ. 4:8), մատնանշելով առաքինի հոգու պտղաբերության կատարելությանը: Իսկ հիսունը բերում է այն մտքին, որ խոսքը իսրայելացիների մնացորդի մասին է` ընտրված ըստ շնորհի, քանզի հիսունը հարյուրի կեսն է և թվի մեջ կատարելություն չունի: Իսկ երեքը մեկ թվանշանի մեջ ցույց է տալիս Սուրբ և Համագոյ Երրորդությունը, Ում ուղղված փառաբանությամբ և անդադար օրհնությամբ է յուրացվում և ընկալվում հավատի ուռկանների մեջ որսվածների (այսինքն` քրիստոնյաների) կյանքը”:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․