Հարց 45 – Սուրբ Գրքում գրված է՝ երբ ամպի սյան տեսքով Աստվածեղեն տեսիլքը պետք է լիներ. «Եվ ասաց ժողովրդին, պատրաստ եղեք, երեք օր կանանց չմերձենաք» (Ելք 19:15): Ուստի մերձավորություն ունեցողը չպետք է հաղորդություն առնի, քանզի մերձենալը մեզ զրկում է շնորհներից: Հետևաբար այն արարքը, որ զրկում է շնորհից, մե՞ղք է:

Պատասխան – Աստվածաբաններն ասում են, թե մարդու միավորվելն Աստծո հետ երկու կերպով է լինում: Մեկը լինում է ըստ ունակությունների շնորհի, որով մարդը միավորվում է Աստծո հետ՝ որդեգրության շնորհով, ծառայությամբ կամ պաշտոնով: Եվ երկրորդ՝ մարդը միավորվում է Աստծո հետ գործով, խոկմամբ և սիրով:

Այս երկու տեսակի միավորության միջև զանազանություն կա, քանզի առաջին ձևի միավորությունն անհրաժեշտ է փրկության համար: Այսինքն՝ ըստ շնորհների ունակության ասվածը, քանզի հարկավոր չէ միշտ մտածել Աստվածային ներգործությամբ: Ուստի այն գործը, որ նախնական միավորությամբ է մեզ հեռացնում, միշտ մեղք է, քանզի Աստծո շնորհն առանց մեղքերի չի վերցվում մարդու վրայից:

Բայց այն գործը, որ երկրորդ միավորությունից մեզ զատում է, միշտ մեղք է, քանզի աստվածային միտքը շատ անգամ վերցվում է մարդուց՝ առանց մեղքերի: Ահա կան մարմնավոր զբաղմունքներ, որ թույլ չեն տալիս խորհել աստվածայինի մասին և մեղք չեն: Մերձավորվելն այնպիսի բան է, որ մարդուն այդ ժամանակ աստվածայինից հեռացնում է: Ուստի նրանք, ովքեր աստվածային խոկման մեջ են կամ Սուրբ Խորհուրդներին հաղորդ եղողները պետք է օրենքով այդ ժամանակ մաքուր լինեն ամեն կերպով: Այսպիսով հայտնի եղավ, որ մերձենալն արգելք է հանդիսանում Աստծո հետ երկրորդ միավորմանը, այլ ոչ թե առաջին, ուստի մեղք չէ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․