Հարց 46 – Աստծո ամենակարող զորությունը սահման չունի: Ինչո՞ւ է Թովմա Աքվինացին ասում. «Աստված կարող է ստեղծել լավագույնը, քան արարել է, բացի երեքից»: Նա ուզում է ասել, թե իբր Աստված ստեղծածներից զատ առավել լավ բան կարող է անել, բացի երեք բանից: Արդ՝ որո՞նք են այդ երեքը:

Պատասխան – Հիրավի, ճշմարիտ է Աքվինացու վկայությունը: Ահա այս երեքից առաջինը Քրիստոսի մարդեղությունն է, երկրորդը՝ երանյալ Սրբուհի Աստվածածինը, իսկ երրորդը՝ արդար հոգիների երանությունը: Եթե կամենում ես պատճառն իմանալ, այս է. Քրիստոսի մարդեղությունը մարդկային բնության միավորումն է Աստծո Բանի հետ: Որովհետև Աստծո շնորհիվ եզերվեց այս գործողությունը, որ է աստվածագործությունը, անհնար է առավել բան անել, քան այդ, քանզի Աստծուց առավել բան չկա: Ի՞նչ կա սրանից առավել, որ Աստծուն և հողը միավորի:

Երկրորդը Սրբուհի Կույսն է, որովհետև Աստծո մայր դարձավ: Ահա նրա գերազանցությունը ևս Աստծո շնորհիվ սահմանվեց: Ի՞նչ կարող էր լինել սրանից առավել: Բեռնարդոսն ասում է. «Ինչպիսի մեծ աստվածագործություն. Աստղը կրեց արեգակին, առուն՝ աղբյուրը, և վերջապես ստեղծված Մարիամը բովանդակեց ստեղծող Աստծուն՝ Հիսուսին»: Հիրավի, սրանից առավել բան չի կարող լինել:

Երրորդն արդարների մշտնջենավոր երանությունն է, որը հենց Աստծո ցանկալի տեսությունն է և գերազանցապես բարիով զմայլվելը: Դրանով հագենում են մարդու անհագ ցանկությունը, հոժարությունը, իղձը և ասում է՝ բավական է: Ահա սա՛ ևս Աստված սահմանեց: Արդ, ճշմարիտ է վարդապետի ասածը, թե այս երեքից առավել բան չի կարող լինել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․