Հարց 51 – Նախանձը գլխավոր մոլություններից մեկն է: Ուստի պատշաճ չէ Աստծո համար ասել՝ «Նախանձ է»: Այդ դեպքում ինչո՞ւ է Մովսեսն ասում. «Նախանձոտ Աստված» (Բ. Օրինաց 4:24):

Պատասխան – Հիրավի, «նախանձ» բառը, որպես մոլություն, չի վայելում Աստծուն: Սակայն նախանձը երկու իմաստով է ընկալվում և նաև սահմանվում երկու ձևով: Նախ՝ ընկալվում է որպես ատելություն և ցավ ուրիշի բարիքի հանդեպ: Մոլություն ասված նախանձն այս է, որ ընդհանրապես հեռու է Աստծուց: Երկրորդ՝ նախանձ կամ նախանձել է ասվում, երբ բարու մեջ նկատվում է չարը: Օրինակ՝ Քրիստոս տաճարի նախանձով էր մաշվում՝ Աստծո բարի տան մեջ տեսնելով չար հրեաներին, ինչը նախօրոք Սուրբ Հոգով մարգարեացել էր Դավիթն ի դեմս Քրիստոսի. «Քո տան նախանձախնդրությունն ինձ կերավ և նախատողներիդ նախատինքն ընկավ ինձ վրա» (Սաղմ. 68:10):

Որովհետև չար հրեաները առևտրի տեղի էին վերածել Հայր Աստծո տունը, ուստի այս իմաստով է «նախանձ» բառը գործածվում Աստծո համար: Այսպիսի նախանձը հրի նման է, որ երկաթի ժանգն է մաքրում: Կա նաև աստվածային ջերմ նախանձ՝ աստվածային պատվի համար վրեժխնդիր լինելու, և Քրիստոս չէր կարող նման նախանձավոր ցասումը գաղտնի պահել: Այսպիսին էր նաև Աստծո ծառաների նախանձը, այսինքն՝ Փենեհեսի (Թվոց 25), Եղիայի (Գ Թագ. 19:14), Մադաթիայի (Ա. Մակ. 2:24) և այլոց: Եվ Նիկողայոս Լյուրացին ավետարանական այս հատվածի (Հովհ. 2:17) մասին ասում է. «Նախանձը, որ նկատի է առնված այստեղ, ջերմեռանդ և բարկացած սեր է նրանց դեմ, ովքեր ընդդիմանում են սիրուն»:

Նախանձն այն ժամանակ է աստվածային ու սուրբ, երբ սերը սուրբ է ու աստվածային, և երբ սիրո ջերմությունն ու բարկությունը մաքուր են ու աստվածային կամքի հաճությանը համապատասխան, որը միայն Աստծո պատվի համար է շարժվում: Կոռնելիոսն ասում է. «Այս նախանձը եղավ Քրիստոսի արդար բարությունը և հոգու ջերմությունը, Աստծո պատիվը և անպատվության փառքը վերացնելու համար»:

Դարձյալ ասում են, թե նախանձը հնացած ատելություն է սրտի մեջ և ուրիշի բարիքի համար տանջանք, որը երբեք չի օգտագործվում Աստծո պարագային:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․