12 Հոկտեմբեր, Շբ
Նախանձեցին: Արդարև, ինչպես վերևում հիշվեց, Հակոբը տասնչորս տարի ծառայեց Լաբանին նրա երկու աղջիկների համար և վեց տարի էլ ընկերական պայմանավորվածության համաձայն աշխատեց: Սակայն ամեն ինչում հավատարիմ լինելով Աստված բազմացնում էր նրա ունեցվածքը՝ օրհնելով նրա աշխատանքը: Մանավադ ոչ միայն Լաբանի ոչխարներն էր արածեցնում, այլ նաև, ինչպես ենթադրվում է, առևտրով էլ զբաղվելով՝ ծառաների, աղախինների և այլ բազում ստացվածքների տեր է դառնում իր քրտնաջան աշխատանքով: Այս պատճառով Լաբանի որդիները նախանձելով գանգատվում են, թե մեր հոր ունեցվածքը գրավեց: Լաբանը նույնպես նախանձից երեսը ծռմռում է:
Սակայն, քանի որ Աստված միշտ և ամենուր արդարի և անմեղի պաշտպանն ու օգնականն է և ինչպես Հակոբին Եսավի ձեռքից ազատեց, նույնպես էլ Լաբանի չարությունից էր ցանկանում փրկել, դրա համար Հակոբին հրամայում է վերադառնալ հոր մոտ: Հակոբը իսկույն հայտնում է իր կանանց և ճանապարհի պատրաստություն է տեսնում: Լաբանը այդ ընթացքում իր ոչխարների բուրդը խուզելու գնացած լինելով, Հակոբը իր ամբողջ ունեցվածքով և ինչքերով ճանապարհ է ընկնում դեպի Քանան:
Երեք օր հետո Լաբանը լսում է և իր մարդկանցով նրա հետևից է ընկնում, որպեսզի պատժի նրան: Յոթերորդ օրը Գաղաադ լերան վրա հասնում է նրան և հարցնում. «Ինչո՞ւ ինձնից գաղտնի գնացիր և աղջիկներիս գերու նման քշեցիր տարար», Հակոբը պատասխանում է, թե. «Վախեցա, որ աղջիկներիդ և ստացվածքս ինձնից հետ կվերցնես»: Իրոք Լաբանի միտքը չար էր, և Հակոբը նրա ապօրինի ընթացքի մասին լավ իմանալով ծածուկ ճանապարհ ընկավ:
Քանի որ, եթե Աստված Լաբանին երազի մեջ չպատվիրեր, որ Հակոբին որևէ վնաս և չարիք պատճառելուց զգուշանա, այլապես մեծ նեղություն և վիշտ պետք է պատճառեր նրան, ինչպես Լաբանը ինքը խոստովանեց՝ ասելով, թե. «Հիմա կարող էի քեզ վանսել, սակայն հորդ Աստվածը ինձ պատվիրեց, որ զգուշանամ» (Ծննդ. 31:29):
Նայիր, թե Աստված ինչպես է պաշտպանում իր հավատարիմ ծառային, քանի որ առանց Հակոբի իմանալու նրա ոսոխին օր առաջ հանդիմանություն է տալիս՝ նրա կյանքի և ունեցվածքի պաշտպանության համար: Սակայն Հակոբից գաղտնի Ռաքելը իր հոր կուռքը գողացած լինելու պատճառով Լաբանը սկսում է մեղադրել Հակոբին, թե. «Iնչո՞ւ իմ աստվածները գողացար», Հակոբը պատասխանում է. «Ում մոտ, որ գտնես քո աստվածներին՝ նա թող մեռնի»:
Քանի որ Լաբանը ցանկանում էր Հակոբին հանցավոր հանել, այսպիսի թույլտվություն ստանալուն պես, իսկույն Հակոբի, Լիայի և աղախինների վրանները խուզարկելով չի կարողանում գտնել կուռքը: Երբ Ռաքելի վրան է գալիս, Ռաքելը անմիջապես կուռքը պահելով ուղտի թամբի տակ, նստում է վրան, և երբ հայրը իր մոտ է գալիս, ոտքի կանգնելու փոխարեն, որից կուռքը կարող էր երևալ, հայտնում է, որ կանանց հատուկ տկարության մեջ է, որի համար հորից ներողություն է խնդրում: Լաբանը չկասկածելով Ռաքելին, նրան չի ստիպում, որ ոտքի կանգնի, այլ միայն ունեցվածքը խուզարկելով է բավականանում և այսպիսով չի կարողանում գտնել կուռքը:
Այն ժամանակ Հակոբը բարկանալով պարսավում է Լաբանի անիրավությունն ու իր քսան տարվա հավատարիմ ծառայության փոխարեն ցույց տրված ապերախտ վերաբերմունքը: Որին Լաբանը պատասխան չգտնելով, սիրալիր և քաղցր ու խոնարհ խոսքերով շահում է Հակոբի սիրտը, որով էլ հաշտվում են: Միևնույն ժամանակ Աստծուն որպես վկա կոչելով, ի նշան իրենց միջև հաստատված խաղաղության և ուխտի տևական լինելու, մի քարե կոթող են կանգնեցնում, և որպես սահմանագլուխ ընդունելով՝ երդվում են, որ իրար վնասելու մտքով և խորհրդով երբեք նշված սահմանից չանցնեն: Ապա միասին ճաշելուց հետո Լաբանը սիրով և խաղաղությամբ իր տեղն է գնում, իսկ Հակոբը, իր ամբողջ ունեցվածքով, շարունակում է ճանապարհը:
Վերոհիշյալ կուռքը վերցնելու Ռաքելի նպատակը, ոչ թե այն պաշտելու մտադրությունն էր կամ ագահությունից էր (քանի որ համարվում է, որ այն ոսկուց էր), այլ որպեսզի հայրը կռապաշտությամբ չզբաղվի:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902