30 Նոյեմբեր, Շբ
17 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ: Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն: 18 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ: 19 Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտրում: Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»: 20 «Հաւաքուեցէ՛ք եւ եկէք, միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ: Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց: 21 Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամէնի մասին սկզբից ո՛վ լուր տուեց. եւ այժմ էլ ասւում է ձեզ. “Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ”: 22 Դարձէ՛ք ինձ մօտ եւ կփրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից: Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ: 23 Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից, արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու 24 եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու: 25 Աստծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ: