28 Նոյեմբեր, Եշ
20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: 21 Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: 22 Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ: 24 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք: 25 Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք: Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք: 26 Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում: