Եսայի 43.22-44.8

43.23 Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները: 24 Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրինութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու: 25 Ես եմ, ես եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրինութիւնները եւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու: 26 Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրինութիւնները, որ արդարացուես: 27 Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ: 28 Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի:

44.1 Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ: 2 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ: 3 Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ: 4 Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն, ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ: 5 Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծոյ, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»: 6 Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի Թագաւորը եւ նրա Փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ: 7 Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ: 8 Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․