28 Նոյեմբեր, Եշ
1 Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: 2 Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 3 Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4 որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: 5 Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 6 Այլ դու, երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: 7 Աղօթք անելիս շատախօս մի՛ եղէք, ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կլինեն: 8 Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: 9 Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք. “Հա՛յր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի քո անունը. 10 քո թագաւորութիւնը թող գայ. քո կամքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է. 11 մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 12 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 13 եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն”: 14 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կների: 15 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները: 16 Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ եղէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ: 19 Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, 20 այլ գանձե՛ր դիզեցէք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 21 քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: