28 Նոյեմբեր, Եշ
8.27 Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ եմ ես»: 28 Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»: 29 Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին. ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»: 30 Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն: 31 Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի: 32 Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց յանդիմանել նրան: 33 Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծոյ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»: 34 Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին՝ աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, 35 որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը աւետարանի համար, պիտի ազատի այն: 36 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի. 37 որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն: 38 Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքով իր Հօր եւ սուրբ հրեշտակների»: 39 Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
9.1 Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: 2 Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: 3 Եւ նրանց երեւաց Եղիան Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: 4 Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: 5 Սակայն չգիտէր, թէ ինչ է խօսում, որովհետեւ զարհուրած էին: 6 Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցէք»: 7 Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: 8 Եւ մինչ լեռից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: 9 Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ինչ է մեռելներից յարութիւն առնելը: 10 Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: 11 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: