Ավ. ըստ Հովհաննեսի 11.1-46

1 Եւ մի հիւանդ կար Ղազարոս անունով՝ Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: 2 Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ նրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: 3 Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: 4 Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծոյ փառքի համար է, որպէսզի դրանով Աստծոյ Որդին փառաւորուի»: 5 Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: 6 Լսելով, որ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: 7 Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէք վերստին գնանք Հրէաստան»: 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: 9 Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10 իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: 11 Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: 12 Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կառողջանայ»: 13 Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: 14 Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէք գնանք նրա մօտ»: 16 Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: 17 Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: 18 Եւ Բեթանիան Երուսաղէմից հեռու էր շուրջ տասնհինգ ասպարէզ: 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: 20 Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: 21 Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կտայ»: 23 Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կառնի»: 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կառնի»: 25 Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. 26 եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին, որ աշխարհ էիր գալու»: 28 Եւ այս ասելուց յետոյ գնաց, գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին, եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: 29 Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: 30 Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: 31 Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: 32 Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: 33 Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. 34 «Ո՞ւր դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: 35 Եւ Յիսուս արտասուեց: 36 Հրեաներն ասացին. «Տեսէք ինչքա՜ն էր սիրում նրան»: 37 Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: 38 Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզման: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: 39 Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կլինի, քանի որ չորս օրուայ է»: 40 Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կտեսնես Աստծոյ փառքը»: 41 Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42 եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դու ինձ ուղարկեցիր»: 43 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: 44 Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատուած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէք նրան եւ թողէք, որ գնայ»: 45 Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: 46 Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․