28 Նոյեմբեր, Եշ
9 Եւ Յիսուս, այնտեղով անցնելով, տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով գնաց նրա յետեւից: 10 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան, բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: 11 Երբ փարիսեցիներն այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: 12 Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: 13 Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»: 14 Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 15 Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա ծոմ կպահեն: