10 Դրա համար հաշտւում եմ տկարութիւնների, նախատինքների, վշտերի, հալածանքների ու նեղութիւնների հետ՝ Քրիստոսի համար. որովհետեւ երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր: 11 Յիմար եղայ պարծենալով, քանզի դուք ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնուեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտ եւ ես ոչինչ եմ: 12 Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործուեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, հրաշքներով ու զօրութիւններով: 13 Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ՝ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ: Ներեցէ՛ք ինձ այդ յանցանքը: 14 Ահաւասիկ, այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ, որ փնտրում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդիները պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրերը որդիների համար: 15 Բայց ես ինքնայօժար կերպով կծախսեմ եւ կծախսուեմ ձեզ համար, թէկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ: 16 Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. բայց որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ: 17 Մի՞թէ ձեզնից օգուտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ: 18 Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի: Մի՞թէ Տիտոսը ձեր ունեցածին աչք տնկեց: Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք: