Գրքեր

Եսայի 24:1-13

Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին։2Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը։ 3Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ. 4«Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց,աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան»։ 5Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրէնքները, խեղաթիւրեցին նրա պատուիրանները եւ դրժեցին յաւիտենական ուխտը։ 6Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու։ 7Պիտի սգայ գինին, պիտի սգայ այգին, խրախճանքով տարուածները բոլորը հոգոց պիտի հանեն։8Թմբուկների ցնծութիւնը դադարեց, ամբարիշտների հպարտութիւնն ու մեծութիւնը տեղի տուեցին, քնարների ձայները լռեցին։ 9Խմողներն ամօթահար եղան ու այլեւս գինի չէին խմում, օղին դառնութեան փոխուեց նրանց համար։ 10Բոլոր քաղաքներն աւերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետեւ ներս մտնող չկար։11Ամէն, ամէն տեղ գինու վրա՛յ ողբացէք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը։ 12Աւերակ քաղաքները պիտի լքուեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանուեն։ Այս ամէնը պիտի կատարուի երկրի վրայ, հեթանոսների մէջ։ 13Ինչպէս վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպէս ճռաքաղ պիտի անեն եւ նրանց։ Եւ երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․