Գրքեր

Հոբ 16:1-17:7

Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ։ 3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։ 4Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր։ 5Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով։ 6Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել, 7քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես։ 8Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած։ 9Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ։ Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս։10Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ։ Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ։ 11Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս։ 12Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։ 13Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։ 14Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ. 15ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները,16եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։ 17Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։ 18Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։ 19Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ։ 20Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են։ 21Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն։ 22Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը։ 23Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին»։ 
17 «Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։ 2Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու։ Գողացան օտարներն ինչքերս։ 3Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի։ 4Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց։ 5Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր։ Աչքերս որդոցս համար հալուեցին։ 6Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ։ 7Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․