Գրքեր

Ավետ. ըստ Ղուկասի 22:24-50

24Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի։ 25Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում։ 26Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը։ 27Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»։ 28«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ 29Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, - 30որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»։ 31Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ 32Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»։ 33Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»։ 34Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»։ 35Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»։ 36Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի։ Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի։ 37Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»։ 38Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»։ Եւ նրանց ասաց. «Բաւական են»։ 39Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները։ 40Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»։ 41Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. 42«Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։ 43Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում։ 44« Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով։ 45Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»։ 47Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»։ 48Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ 49Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»։ 50Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․