Գրքեր

Ավետ. ըստ Ղուկասի 10:25-42

25Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»։ 27Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»։ 28Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»։ 29Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին։ 31Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. 32նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ։ 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց։ 34Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան։ 35Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»։ 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»։ 37Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»։ 38Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ 39Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը։ 40Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ 41Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, 42բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․