Գրքեր
1 Սեպտեմբեր, Գշ Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին: 

Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում, մինչև իր որդու՝ Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև, այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․