12 Հոկտեմբեր, Շբ
28 Հունվար, Շբ Սուրբ Գրիգոր Աստվածաբան հայրապետի հիշատակության օր
Գրիգոր Նազիանզացի Աստվածաբան
Նազիանզ քաղաքի եպիսկոպոսի զավակն էր՝ ծնված 329 թ.-ին, վերոհիշյալ երկու եղբայրների դասընկերն է եղել (Բարսեղ Կեսարացի և Գրիգոր Նյուսացի): Ինքն էլ, նրանց պես, երիտասարդ տարիքում նվիրվեց ճգնողական կյանքին, որը համապատասխանում էր նրա քաշվող և աղոթասեր բնավորությանը: Սակայն հայրը, հակառակ որդու կամքի, նրան Եպիսկոպոսարան հրավիրեց, կուսակրոն հոգևորական ձեռնադրեց, 362 թ.-ին, և իրեն օգնական կարգեց: Տաս տարի հետո, Սասիմա փոքր քաղաքի եպիսկոպոս ձեռնադրվեց, սակայն այնտեղ գնալու ժամանակ երբեք չունեցավ, քանի որ իր ծերացած հոր գործերը իր վրա էին ծանրացել: Իր հոր մահից հետո՝ 374 թ.-ին, կրկին ճգնության գնաց, այս անգամ Կիլիկիա: 379 թ.-ին հրավիրվեց Կ.Պոլիս, որտեղ իր հյութեղ քարոզներով բոլորին սիրաշահեց և մեծապես նպաստեց Նիկիական ոգու և հանգանակի հաղթանակին: 381 թվականին ընտրվեց Կ. Պոլսի Պատրիարք և Անտիոքի Մելիտոս Պատրիարքի մահից հետո նախագահեց Կ. Պոլսի տիեզերական ժողովը: Սակայն, վարչական գործերը իր հայեցողական խառնվածքին հակառակ և տաղտկալի համարելով, մի տարի հետո հրաժարվեց և վերադարձավ իր ծննդավայր Նազիանզայում գտնվող հայրական կալվածք և նվիրվեց հայեցողական կյանքին ու ստեղծագործական գործունեությանը և 389 թ.-ին այնտեղ էլ վախճանվեց:
Մատենագրական մեծ վաստակ է թողել, որոնք իրեն «Աստվածաբանի» տիտղոսն են ապահովել: Նաև հոգելից քարոզիչ և բանաստեղծ է եղել, Եկեղեցուն ժառանգություն է թողել բազմաթիվ քարոզներ և հոգևոր բանաստեղծություններ: Իր գործերն էլ, իր երկու ընկերների գործերի պես թագմանվել են հայերեն՝ ավելի քան 40 կտոր:
Հայերս երկու անգամ ենք տոնում նրա հիշատակը, նախ Վարդավառին հաջորդող չորրորդ կիրակիի շաբաթ օրը, Աթանասի և Կյուրեղի հետ և հոկտեմբերի վերջին մերձակա շաբաթ օրը «Երկոտասան Վարդապետք» տոնին:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը